«2021թ. բժիշկներին նվիրված նոր նախագիծ ունենք» ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՏեսանյութերՇարունակելով ավանդույթներըª "Իրավունք" թերթի եւ կայքի կողմից ընթերցողների քվեարկության արդյունքում 2020թ. ակտիվ գործունեության շնորհիվ տարվա լավագույն թատերական գործիչ է ճանաչվել Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, "Արմմոնո" միջազգային թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Այս առիթով էլ ծավալվեց մեր զրույցը:
– Անցյալ տարի սարսափելի էր, թե՛ ամբողջ աշխարհի համար, թե՛ մեր ազգի համար: Երեւի այդ կոնցենտրատը դժբախտության եւ դժվարությունների դժվար է համեմատել որեւէ շրջանի հետ: Բայց, այո, թատրոնն անցյալ տարի ունեցավ երեք առաջնախաղ: Մինչ համավարակը պրեմիերա կարողացանք ունենալ: Դա անցյալ տարվա փետրվարի 28-ին, 29-ին մեր գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրած "Քաջ Նազարն" էր: Հետո սկսվեց համավարակը: Այդ ընթացքում ինչպես բոլորը ամբողջ աշխարհում` եղան տարբեր օնլայն ներկայացումներ, տարբեր օնլայն ծրագրեր: Թե՛ թատրոնը, թե՛ "Արմմոնո" միջազգային թատերական փառատոնը դրանով ոնց որ ապրում էին: Հետո ամռանը հենց որ կարողացանք խաղալ, անցկացրինք "Արմմոնո" փառատոնը, որը գրեթե միակն էր, որ կարողացավ ոչ օնլայն` օֆլայն տարբերակով ներկայացումներ խաղալ: Ստեղծել հանդիսատես-դերասան կապը: Մենք ունեցանք մի քանի տարբեր շատ հետաքրքիր նախագծեր: "Արմմոնո" փառատոնը կարողացավ հանդես գալ թե՛ Վանաձորում, թե՛ մարզային ծրագրով, թե՛ Երեւանումª երեւանյան ծրագրով բացօթյա տարբերակով: Դա նույնիսկ բերեց շատ հետաքրքիր նոր ձեւաչափ, նոր մտքեր, նոր ներկայացումներ, նոր հաջողություններ: Եվ նաեւ թատրոնում մենք ունեցանք բացօթյա բեմ: Ստանիսլավսկու անվան թատրոնը ներսում ունի փոքր բակ, եւ այդ փորձարկումը շատ հաջողված էր: Երկրորդ առաջնախաղը մեր երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանի բեմադրած օրիգինալ ներկայացումն էր, որը կոչվում էր "Գարդենիա": Եվ հիմա մենք այդ ներկայացումը տեղափոխում ենք արդեն մեծ բեմ, այսինքնª մեծ դահլիճ, եւ փետրվարի 21-ին բոլորին հրավիրում եմ, որպեսզի դիտեն այդ ներկայացումը արդեն բեմում: Երրորդ պրեմիերան արդեն պատերազմից հետո էր...Երբ սկսվեց պատերազմը, շատ դժվար շրջան սկսվեց: Յուրաքանչյուր մարդու մոտ կան պահեր, որ կարծում ես կյանքը մի պահ կանգ է առնում եւ սկսում է շարունակել մեկ այլ կետից` իմաստավորված, մեկ այլ հոգեվիճակով: Եվ բոլորի համար սկսվեց մի նոր փուլ: Եվ այդ ընթացքում թատրոնը ներկայացումներ էր խաղում Արցախից եկած երեխաների համար: Եվ դրանով մենք փորձում էինք գոնե մեկ ժամով երեխաներին հեքիաթ պարգեւել,կյանքը դարձնել հեքիաթ: Այն հեքիաթը, որը շատ կարեւոր է երեխաների համար, որպեսզի իրենց աչքերը գոնե մեկ ժամով մի քիչ ժպտային...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ-Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք» TV- ի եթերում, ինչպես նաեւ կարդացե՛ք «Իրավունք» թերթի համարում: