Արարատ Միրզոյանի ձեռագիրը պետք է հանձնվի ձեռագրաբանական փորձաքննության. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական
Երկրում ծավալվող քաղաքական գործընթացների մասին զրուցեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:
- Տիկի՛ն Զոհրաբյան, օրերս Միքայել Մինասյանը հանդես եկավ ևս մեկ աղմկահարույց հայտարարությամբ, համաձայն որի՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը թուրքական հատուկ ծառայության գործակալ է: Միքայել Մինասյանը հրապարակեց մի լուսանկար, որում հստակ երևում է Արարատ Միրզոյանի ձեռագրով գրված դիմումը, որում վերջինս նշում է այն մասին, որ ինքը պատրաստ է աջակցել թշնամի երկրին: Այս մասով ի՞նչ դիրքորոշում ունեք դուք և ձեր խմբակցությունը:
- ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա: Խնդիրը միանշանակ իրավապահների դաշտում է: Միքայել Մինասյանի կողմից արվել է բավականին լուրջ և սկանդալային հայտարարություն: Այստեղ կա ընդամենը մեկ տարբերակ. նշյալ ձեռագիրը պետք է հանձնվի ձեռագրաբանական փորձաքննության: Աշխարուհում կա երկու բան, որ կեղծել հնարավոր չէ. ձեռագիրն ու մատնահետքը: Ինչ վերաբերում է հակափաստարկներին, ապա ասեմ, որ դրանք, ցավոք, չեն հերքում այն մտահոգությունը, որ առաջացրել է նշյալ փաստաթուղթը: Երբ լինի ձեռագրաբանական հստակ փորձաքննություն, այն ժամանակ էլ իմաստ կլինի, որպեսզի քաղաքական ուժերն անդրադառնան այս հարցին:
- Օրերս, «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում ունեցան ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու՝ ՀՀ նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ: Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի ձեր խմբակցությունը:
- Ես որևէ բան ասել չեմ կարող, քանի որ չեմ մասնակցել խմբակցության այն նիստին, որում հարցուպատասխանի միջոցով մասնակցություն ունեցել է Գագիկ Ջհանգիրյանը: Այս պահին չունեմ որևէ ինֆորմացիա, թե ինչ է որոշել խմբակցությունը:
- Տիկի՛ն Զոհրաբյան, շատ է խոսվում այն մասին, որ մոտ ապագայում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի՞ դրան:
- Մենք տեսանք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես իրեն պահեց խորհրդարանում: Նա արեց մի քանի ուղղակիորեն սարսափելի հայտարարություն: Օրինակ՝ նշեց, որ նախկինում այսքան ռազմագերի չի վերադարձվել Հայաստան: Ինձ մոտ տպավորություն էր, որ 44 ռազմագերու վերադարձը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ներկայացնել որպես մի հերթական նվաճում: Սա ցինիզմի ամենակատարյալ դրսևորումն էր: ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկեց մի հերթական գործարք, որի համաձայն՝ ինքը հրաժարական կտա միայն մեկ պայմանով, եթե խորհրդարանական ընդդիմությունն իր հետ միասին ստորագրի մի հուշագիր, այն է՝ իր հրաժարականի դեպքում, ըստ սահմանադրության՝ խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրելու դեպքում լուծարվում է: Ես դահլիճում նստած իմքայլականների փոխարեն գետինը կմտնեի պարզապես: Այս հայտարարությունը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն անգամ չի վստահում իր թիմակիցներին: Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին մեր մասնակցության մասին, ապա ասեմ, որ այս պահին նման քննարկումներ չկան: Կարծում եմ՝ ԲՀԿ-ն ունի շատ մեծ հանրային վստահություն:
Հայկ Գևորգյան