Նոր սկանդալ ԿԳՄՍ-ում. ինչո՞ւ աշխատանքից ազատվեց փոխնախարարը
Ներքաղաքական
Արդեն տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը:
Հավանաբար բոլորը հիշում են, որ երեկ Հայաստանի նկարիչների միությունում ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանի և ինչ-որ անհայտ քաղաքացու միջև վեճ տեղի ունեցավ:
Մասնավորապես՝ տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է քաղաքացին փոխնախարարին դավաճան անվանում, սակայն որքան էլ զարմանալի թվա, հակառակ կողմից որևէ արձագանք այդպես էլ չի հնչում:
Պարզվում է, որ տեղի ունեցած միջադեպը դուր չի եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին:
ԿԳՄՍ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ միջադեպից հետո Վահրամ Դումանյանի և Նարինե Թուխիկյանի միջև լեզվակռիվ է սկսվել:
Մասնավորապես՝ մեր աղբյուրը նշում է, որ ԿԳՄՍ նախարարը փոխնախարարին մեղադրել է անտարբերության մեջ, նշելով, որ վերոնշյալ քաղաքացին պետք է համարժեք պատասխան ստանար:
Մեր աղբյուրը հավելում է, որ տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո, փոխնախարարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Հայկ Գևորգյան