ՈՉ ԹԵ ՌԵՍՏԱՐՏ, ԱՅԼ CTRL+ALT+DELETE
Վերլուծություն
Հողատու դավաճանը ոչ ավել, ոչ պակաս երկիրը «ռեստարտ» է ուզում անել: Արդեն սկսել է` իր մի պաշտոնյային տեղափոխում է մեկ այլ պաշտոնի, այն էլ` բավականին ինտենսիվ, սակայն արդյունքում կադրային հանրագումարը նույն կոնտինգենտն է, որ ոչ բնությանն է պիտանի, ոչ մարդկությանը: Այդ «ռեստարտի» առնչությամբ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը հեռուստաեթերում հնչեցրեց հետեւյալ հին անեկդոտը. «Երկու ընկերոջ խոսակցություն: «Դու գուլպաներդ ամեն օ՞ր ես փոխում»,- հարցնում է մեկը: «Պարտադիր` ամեն առավոտ ձախ ոտքինը հանում եմ ու հագնում աջ ոտքին, իսկ աջ ոտքինը` ձախին»,- պատասխանում է մյուսը»: Այսինքն` կադրային փոփոխություն իբր լինում է, բայց գարշահոտությունը մնում է եւ մի բան էլ շատանում:
ԱՂԲԻ ՓՈԽԱՏԵՂՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Անշուշտ, շախմատում գոյություն ունի «փոխատեղում» կոչվող քայլը, սակայն ո՛չ Նիկոլն է գրոսմայսթեր, ո՛չ էլ ֆիգուրներն են իրենցից բան ներկայացնում: Հողատուի ունեցածը բաղկացած է «նիկոլական ուսապարկերից», մեկ էլ «Սորոսի վաստակներից»: «Ուսապարկերի» տեղաշարժով հավաքական Սորոսին ցույց է տալիս, իբր սորոսական կադրերի դիրքերը լավացնում է, իսկ «Սորոսի վաստակներին» տեղաշարժելով` Վլադիմիր Վլադիմիրովիչին է ցույց տալիս, իբր ազատվում է սորոսական կադրերից: Արդյունքում ստացվում է մեծ աղբարկղից չտարբերվող կառավարությունում աղբի փոխատեղում: Ճիշտ է, երբեմն «դրսից» էլ են բերվում նոր կադրեր, սակայն քանզի հողատու դավաճանի հետ ոչ մի իրեն հարգող մարդ չի ուզում աշխատել, դրանք ներսի աղբից ոչնչով չեն տարբերվում: Ընդ որում, փոխատեղումներ կատարողն էլ աղբարկղի բաղկացուցիչ մասն է, պարզապես մյուսներից խոշոր եւ գարշահոտ: Եվ արդյունքում միայն գարշահոտն է ավելանում, եւ ավելի ու ավելի շատ քաղաքացիներ երազում են սահմանների բացման մասին, որպեսզի դրսում մի կում մաքուր օդ որոնեն...
Նպատակը պարզ է` ժամանակ շահել, փորձել տպավորություն ստեղծել արտերկրյա հակադիր տերերի մոտ, որ ինքը դեռ պետք է իրենց, որպեսզի իրեն «դուրս չգրեն» եւ չփոխարինեն «արդյունավետ մենեջերով»: Իսկ նիկոլասորոսական «ռեստարտները» բացառապես կազմաքանդիչ են` հիշենք թեկուզ 2017-ի աշնանը մեկնարկած սորոսական «Ռեստարտ» ուսանողական նախագիծն ընդդեմ «Ազգ-բանակ» հայեցակարգի, որը քանդեց բանակը եւ էապես նպաստեց 2020-ի պարտությանը... Անշուշտ, այս նոր «ռեստարտն» էլ մեր երկրին նոր փլուզումներով է սպառնում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, համեմատելով Հայաստանը մեծ համակարգչի հետ, նկատեց. «Դավաճանների կառավարությունը ոչ թե ռեստարտի կարիք ունի, այլ Ctrl+Alt+Delete-ի»: Համակարգիչներից հեռու ընթերցողներին ասենք` Ctrl, Alt եւ Delete ստեղների միաժամանակյա սեղմումը հնարավորություն է տալիս համակարգչում կանգնեցնել վնասակար կամ համակարգը պարալիզացնող գործընթացները: Դրանից հետո արդեն կարելի է դատարկել վերը հիշատակված «աղբարկղը»` Նիկոլով հանդերձ, եւ անցնել համակարգը կարգի բերելուն...
Սակայն վերադառնանք նիկոլական «փոխատեղումներին», որոնք ուղեկցվում են նաեւ իրար «փուռը տալով»: Զորօրինակ, ըստ քրեական քրոնիկոնի` պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական Դավիթ Գալստյանին (պատրոն Դավիթ), պետությունից խոշոր չափի հափշտակություն կատարելու մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնել է ԱԱԾ-ն: Գալստյանը զբաղվում է զենքի առք ու վաճառքով: Նրան պատկանող ընկերությունը զենք է մատակարարել Հայաստանի զինուժին: Ըստ ԱԱԾ-ի` Գալստյանն անցնում է չորս քրեական գործով: Դրանք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների մատակարարումներին: Քրեական գործերում ներգրավված են նաեւ Պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի պաշտոնյաներ: Սակայն եթե Նիկոլը հանկարծ որոշի «փուռը տալ» նաեւ Դավիթ Տոնոյանին, ապա լույս աշխարհ կգա մահացու կոմպրոմատ, որը Նիկոլին կհարվածի նույնքան ուժգին, որքան Արարատ Միրզոյանին հարվածել էր իր իսկ ստորագրությամբ ԱԱԾ գործակալ հավաքագրվելու փաստաթուղթը: Այնպես որ, «աղբային փոխատեղումների» ընթացքում իրար դեմ հրապարակային «ցուցմունքներ» դեռ շատ կտեսնենք:
ՌԱԶՄԻԿ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍԱԿԱՎԱԽՈՍ ԵՆ, ԲԱՅՑ ՈՉ ՊԱՐԱՊ
Անշուշտ, ընդդիմադիր ճամբարի վերադասավորումները, կուլիսային գործընթացները, մարտավարության փոփոխությունները` ապագա ընտրարշավի տարրերով, բավականին մեծ նյութ են, սակայն այդտեղ կա երկու «ծանրաքաշ» գործող անձ` ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Անգամ երբ լրիվ լուռ են, նախագահները զգալի տեղ են զբաղեցնում օրվա լրահոսում: Եվ կաթիլ առ կաթիլ քաղաքացիներին հասու է դառնում, որ 1998-2018 թվականների միջեւ եղած ժամանակահատվածում ունեինք հաղթանակած ազգ, ապահով եւ անվտանգ հայրենիք, արժանապատիվ արտաքին քաղաքականություն, զարգանալու շանս տվող կենսատարածք...
Ժամանակ առ ժամանակ նախագահները հանդես են գալիս սեղմ խոսքով: Վերջին այդպիսի առիթը Ռոբերտ Քոչարյանի հերթական դատական նիստն էր, որի ընթացքում երկրորդ նախագահը պարզ ցույց տվեց, որ հողատու իշխանությունը զբաղված է հերոսներին վարկաբեկելով եւ դատելով, եւ Շուշին ազատագրողները դատվում են Շուշին հանձնողների կողմից: Դա հանգեցրեց դատախազի հիստերիային, ինչին Քոչարյանն այսպես արձագանքեց. «Տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելի բանը լաչառությունն է»: Եվ պարզաբանեց, որ կա «գլխավոր լաչառ»: Անշուշտ, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը այդ «գլխավոր լաչառի» հակապատկերն են, եւ երկրի Ctrl+Alt+Delete-ից հետո իրենց խոսքը դեռ կասեն: Իսկ մինչ այդ, ամեն առավոտ արթնանում ենք հերթական տագնապալի լուրով...
Ի դեպ, իրավապաշտպան Արփինե Հովհաննիսյանը «լաչառ» դատախազի առնչությամբ նկատել է. «Գլխավոր դատախազ Դ. Ա.-ի տեղակալ Գ. Բաղդասարյանը, ով այս ընթացքում աչքի է ընկել մեծամիտ ու ընդգծված անհարգալից պահվածքով այսօր շատ էր նեղվել ու հունից դուրս եկել այն մտքից, որ իրեն ասացին «Շուշին հանձնող»: Նախ` շատ գովելի է, որ նա չվիճարկեց այն փաստը, որ Շուշին հանձնվել է, այլ ոչ ընկել, որ Շուշին թուրքին տվել են նիկոլը, օմեգան, էրատոն ու մյուս ծածկանունավորները, այլ ոչ` գրավել իլհամը, մեհրիբանն ու մյուսները: Երկրորդ` Գեւորգը չի ուզում, որ իրեն ու էրատոյին կամ օմեգային նույն շարքում դասեն: Նա ծառայում է նրանց, կատարում է նրանց քմահաճույքները, բայց ուզում է ածանցվել նրանցից` իբր` ես ինչ հանձնող, գնացեք հանձնողին ասեք»:
Այսինքն` իրավապաշտպանը նկատում է դատախազական կորպուսի` հողատուից զատվելու միտումը: Ի դեպ, ըստ մամուլի արտահոսքերի, գլխավոր դատախազն էլ նեղ շրջապատում ասել է, որ չի ուզում Նիկոլի հետ «փուռը գնալ», եւ որ ընդդիմության իրավաբանների թիմի ներկայացված նյութերն առավել քան բավարար հիմք են` պետական դավաճանին ձերբակալելու: Դե ինչ, մնում է հասունացնել իրավիճակը, որ այդ քայլը կատարվի: Ինչքան շուտ, այնքան լավ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ