«Այսօր նույնիսկ մեր սուգն են փորձում քաղաքականացնել». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Մշակութային
Երկրում տիրող իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:
– Ինչպե՞ս անցկացրիք Ամանորը:
– Առաջին Նոր տարին էր, որ ընտանիքով` ես, կինս եւ աղջիկներս, նշեցինք ոչ թե տանը, այլ Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ նաեւ մեր ամուսնական մկրտությունն է եղել: Մասնակցեցինք պատարագին` ի խոնարհումն բոլոր զոհերի հիշատակի: Հյուրընկալություններ եւ հյուր գնալ չի եղել:
ԴԱ ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ` ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՄԲ
– Տարին սկսվեց շատ տխուր, որտե՞ղ էր մեր բացթողումը:
– Դա բացթողում չի կարող անվանվել, որովհետեւ եղել է պատերազմ, որն ավարտվել է խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումով: Կարծում եմ, որ դա պատերազմ էր կազմակերպված դավադրությամբ, դավաճանությամբ: Մեր պարտությունը չի եղել ազնիվ պատերազմական պայքարի արդյունքը` "հաղթանակը": Մեր թշնամին մարտում չի հաղթել: Դա եղել է դավաճանության շնորհիվ: Եվ 18-20 տարեկան մեր երիտասարդ զոհերը այդ դավադիր եւ ծախված պատերազմի արդյունքն են: Այդքան անհետ կորածներ, գերիներ, վիրավորներ, անտուններ….. Եվ հետագայում էլ դա տեղափոխվեց նույնիսկ մեր Հայաստանի սահմանները` գյուղերը, որն այդ դավադիր ծրագրի շարունակությունն էր: Այսպես ավարտեցինք մենք տարին, եւ դրանով իսկ պայմանավորված էր նաեւ նույն Ամանորը, ամանորյա տրամադրությունը: Իհարկե, մեր հայրենակիցների մեջ մարդիկ կան, որոնց մասին ցավով պետք է ասեմ, որ կարծես թե իրենց կողքով էր անցել այդ ամենը: Եվ իրենք իրենց բնականոն ռեժիմի մեջ էին: Ինչը անհասկանալի է եւ ուղղակի անընդունելի…
ՄԵՆՔ ՈՉ ԹԵ ՊԱՌԱԿՏՎԱԾ ԵՆՔ, ԱՅԼ` ԲԶԿՏՎԱԾ
– Այսօր մշակույթի գործիչը եթե մի խոսք է ասում, հենց այդ մարդիկ, ովքեր որ թեթեւ են նայում կյանքին, ասում են` ծախված է: Դա ինչի՞ արդյունք է:
– Ազնիվ լինելու համար պետք է ասեմ` այո, դա երկուսուկես տարում է կատարվել, բայց պրոցեսը ավելի շուտ էր սկսվել: Այդ պառակտումը կոնկրետ քաղաքականություն է, որ հեղինակություններ չլինեն: Եվ ամեն մի անդամի խոսք, կարծիք կամ քննադատություն միանգամից տեղաբաշխվում են նախկին, դավաճան, սեւ, սպիտակ այդ գունային բաժանումների մեջ: Մենք ոչ թե պառակտված ենք, այլ` բզկտված: Եվ իրենց ձեռք է տալիս այս վիճակը, որ միանգամից պիտակավորեն, քննադատեն այն մարդկանց, որոնց ասածը իրենց կարծիքի հետ չի համապատասխանում:Ներկա եւ նախկին իշխանությունների կողմից Սփյուռքի արվեստագետի կարծիքն ավելի է ընդունվել եւ դոմինանտ է, քան նրա, ով այստեղ է ապրում:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԲՈԼՈՐԸ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ԾԱԽՎԱԾՆԵՐ ԵՆ
– Այսօր սուգը փորձում են քաղաքականացնել: Արժանի՞ էին մեր զինվորները նման վերաբերմունքի: Չէ՞ որ հայրենիքի փրկության գաղափարը մեր բոլորի հոգում պետք է լինի:
– Որովհետեւ, երբ արվեստագետը` Տիգրան Ներսիսյանը, ինչ-որ կարծիք է հայտնում, իսկ ես միշտ եմ հայտել ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա, ե՛ւ նախկինի նախկին իշխանությունների օրոք, քաղաքականացնում են հենց այդ պատճառով: Որպեսզի արվեստագետի խոսքը միանգամից արժեզրկվի, կապեն ինչ-որ անձի, ուժի, կուսակցության հետ: Եվ նույնկերպ քաղաքականացվում է այն ամենը, ինչ վերաբերվում է զինվորականներին, սպաներին: Նույն զինվորների հարցը, այսօր այդ մեծագույն սուգը, աղետը, ողբերգությունը նույնպես քաղաքականացվում է: Ժամանակին մի այսպիսի արտահայտություն է հնչել, թե զոհվեցին հանուն ոչնչի: Միգուցե հիմա՞ զոհվեցին հանուն ոչնչի: Ես համոզված եմ, որ կպարզվի ամեն ինչ: Եվ մեղավորները կկանգնեն ե՛ւ իրավական, ե՛ւ ահեղ դատաստանի առջեւ: Իսկ եթե դա չանենք, ուրեմն ամբողջ ազգով կկանգնենք այդ դատաստանի առջեւ: Դրա համար են այս սուգն օգտագործում, որ չիմանանք, թե ինչու մսաղացում հայտնվելով, առանց մեկ կրակոցի, միանգամից զոհվել են հիսուններով, հարյուրներով: Նրանք անգամ պատերազմից հետո այդ անտառներում չվայելեցին պետության կողմից պաշտպանությունը: Մեր երիտասարդները, 90 օր գտնվելով անտառներում, սոված, տանջված դուրս են գալիս եւ տաժանակիր կերպով մահանում են: Ադրբեջանցին սպանում է հային պատերազմից 90 օր հետո: Սա հանցագործություն չի՞: Սա որեւիցե մեկը մարսելո՞ւ է:
ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐՈՒՄ ՄՈՆԹԵՆ ԵՎ ՄՆԱՑԱԾ ՄԵՐ ՏՂԵՐՔԸ ԵՐԿՐՈՐԴ, ԵՐՐՈՐԴ ՄԱՀԸ ՏԱՐԱՆ
– Այսօր գծում են մեր սահմանները:
– Երբ այսօր սահմաններն են գծում, ինչպե՞ս կարելի է գյուղացու կողքին չգնալ կանգնել: Միայն ադրբեջանցիներն են այնտեղ: Փառք ու պատիվ այն մարզպետներին, գյուղապետներին, որ անվախ կանգնած են իրենց սահմաններին: Գոնե իրենք հասկացա՞ն, որ գյուղապետները, որոնք որ կռված տղաներ են, ավելի ազգասեր եւ նվիրյալ են, քան իրենք իրենց գրասենյակներում: Ես մենակ մեկի օրինակը կբերեմ եւ անունը կասեմ` Առուշ Առուշանյան, որն ավելի հայրենասեր է, քան իրենք: Այսինքն` մարդիկ անհատապես են անում եւ չեն նայում պետությանը, որովհետեւ պետություն չկա, ղեկավար չկա: Դավաճաններ, անբարոյականներ եւ ծախվածներ են, որը որ համոզված եմ հետո կբացահայտվի: Գերեզմաններում Մոնթեն եւ մնացած մեր տղերքը երկրորդ, երրորդ մահը տարան:
ՊԱՐՏՎԵԼ Է ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱԶԳԸ
– Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկվեցին ամեն ինչ, բացի մեր գերիների հարցից:
– Կապիտուլյացիան ստորագրած ղեկավարը չի կարող շարունակել որեւիցե բանակցություն, որովհետեւ նա էլ չի բանակցում, իր առջեւ դնում են թուղթ, ինքը համաձայնվում է: Պայմանները թելադրում են հաղթողները: Դրա համար մինչ իր գնալը ես գրավոր իմ կարծիքը հայտնել եմ, ասելով` դու դեռ ժամանակ ունես, խիզախություն ունեցիր քո մեջ, մի գնա, մի արա: Եթե գնում էր, պետք է կարողանար լուծել գերիների հարցը: Պրոսպեկտներում, օպերաներում բարեկեցիկ վիճակներում գտնվող հայերը, պետ, վարչապետ կոչվածը գիտի՞ ինչ է կատարվում այդ տղերքի հետ: Գիտի՞, թե այդ անհետ կորածների ծնողները ինչ ապրումների մեջ են, որ չգիտեն իրենց երեխաներն ինչ ճակատագրի են արժանացել: Այդքան անտարբեր, դավաճան կարելի՞ է լինել: Դա մարդկային գաղափարի մեջ չի տեղավորվում: Իրեն հարգող իշխանությունը, նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո, պետք է հրաժարական տար: Եվ հեռանային բոլորը: Այլ ոչ թե Լենա Նազարյանը իր հակահայ կերպարով թույլ տար իրեն ասելու` համակերպվեք, մենք պարտված ազգ ենք: Պարտվել է ներկայիս իշխանությունը, ոչ թե ազգը: Այո, մենք պատմություն գիտենք. եղել են պարտություններ եւ, փառք Աստծո, հաղթանակներ…
– 44 օր շարունակ Արայիկ Հարությունյանը մեզ հավատացնում էր, որ դեռ սուրճ են խմելու Բաքվում: Այնինչ Ալիեւն է ընտանիքով թեյում Շուշիում:
– Այո, բացի նրանից, որ դավաճան, ծախված, հայրենիքը վաճառածներ են, նրանք նաեւ ծաղրածուներ են: Եվ վիրավորական է հասկանալ, որ թշնամի երկրի խեղկատակ ղեկավարը 44 օրվա մեջ ճիշտ է ասել:
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ 7000 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԱԾ ԱԶԳԻ ՀԵՏ
– Այսօր հայի արյունը դեռ չի սառել, խոսվում է նաեւ Ադրբեջանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների մասին:
– Այո, հայի արյունը դեռ չի սառել, իրենք խոսում են դրա մասին: Բայց նաեւ ավելի սարսափելի է, որ թուրքն ու ադրբեջանցին շարունակելու են նույնկերպ: Եթե ադրբեջանցին իմ հայրենակից սպային քնած տեղը կացնով սպանում է, որից հետո, ազատելով, տանում են իրենց երկիր ազգային հերոսի կոչում տալիս: Պետք է դրանց նմանների հե՞տ ընկերություն անել: Լենա Նազարյանն ու մյուսները իրենց տուն կթողնե՞ն մի մարդու, որը որ սպանել է իր երեխային 5 ամիս առաջ: Եվ հետո ասում է` լավ, էլ չեմ անի, արի ընկերանանք: Անձնական փոխհարաբեություններում, կենցաղում մարդիկ այդպես չեն ապրում: Եվ չեն կարող ո՛չ ընկերություն անել, ո՛չ էլ համագործակցել: Ինչպե՞ս համագործակցել բոլորովին վերջերս մոտ 7000 հայ երիտասարդ սպանած ազգի հետ: Գնայիք թեյ խմեիք նրանց հետ ձեր հանձնած Շուշիում:
– Եվ վերջում` Ձեր խոսքը մեր ժողովրդին:
– Մի բան կարող եմ ասել բոլորին` նախկին, ներկա, դեղին, կանաչ, սեւ, սպիտակ եւ մեր անուշիկ հիասքանչ Սփյուռքին: Եթե այդ մի փոքրիկ հայրենիքն էլ կորցրինք, անհայրենիք, անհող, պետություն չունեցող հայը ոչինչ է: Իսկ մեր հայրենիքն է ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը, ե՛ւ դժգույն, դժբախտ Շուշին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
Հ.Գ-Զրույցը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում: