ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲԱՅԴԵՆԻ ՄՈՒՏՔԸ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ
Միջազգային
Եվ այսպես վաղը՝ հունվարի 20-ին, նախատեսված երդմնակալության արարողությունից հետո ԱՄՆ-ն կունենա նոր նախագահ: Ամենահեղինակավոր փորձագետները գործնականում ունեն այն միասնական կարծիքը, որ դեռ գործող նախագահ Թրամփի հեռանալուց հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն արմատական փոփոխությունների կենթարկվի: Այսինքն, որ Բայդենի իշխանության գալն ազդեցություն կունենա գործնականում ողջ աշխարհի վրա: Բայց ի՞նչ ուղղությամբ. այս հարցում արդեն կարծիքները լրջորեն բախվում են:
ԱՄՆ-ՉԻՆԱՍՏԱՆ
Իհարկե, ամենաքննարկվող թեմաներից են, թե նոր Սպիտակ տան պարագայում ինչ է սպասվում ՌԴ-ԱՄՆ, Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին, հաշվի առնելով, որ հենց այդ երկու առանցքային հարցից կախված է շատ բան, եթե ոչ աշխարհի հետագա ճակատագիրը: Ու այս հարցերի հետ կապված` որոշակի ազդակներ ի հայտ եկան դեռ մինչ Բայդենի երդմնակալությունը: Այսպես, նախօրեին հայտնի դարձավ, թե իր նախագահության առաջին օրը ինչ հրամանագրեր է պատրաստվում ստորագրել Բայդենը. նրա առաջին որոշումներից մեկը կլինի Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրին միանալը, որից հրաժարվել էր Թրամփը: Թե ինչու, Թրամփն անգամ չէր էլ թաքցրել. Փարիզի համաձայնագիրն ԱՄՆ-ի համար նշանակում էր արդյունաբերական արտանետումների էական սահմանափակումներ, որը վերածվել էր ԱՄՆ իրական տնտեսության համար լրջագույն արգելակի: Իսկ սա այն ամենաառանցքային գործոններից մեկն էր, որն ամերիկյան արտադրությունը տեղափոխում էր այլ երկրներ եւ առավելապես՝ Արեւելյան Ասիա՝ նպաստելով չինական տնտեսության ծաղկմանը: Թրամփն այս եւ մի շարք այլ գործիքներով կտրուկ փոփոխությունների գնաց՝ սուր պայքարի մեջ մտնելով Պեկինի հետ: Եվ ահա Բայդենը կվերածվի Չինաստանի երազանքների նախագահին, եթե բացի Փարիզի համաձայնագրից, հետ կանգնի Թրամփի ներդրած մյուս մեխանիզմներից, վերադառնա Օբամայի ժամանակների տնտեսական մոդելին, որի հիմքերի հիմքը ոչ թե իրական հատվածն էր, այլ՝ դոլարի տպագրությունը: Արդյունքում, եթե մասնագետները գնահատում են, որ կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով Չինաստանը 2030-ականների փոխարեն արդեն այս տասնամյակի կեսերին տնտեսական գործնականում բոլոր առանցքային պարամետրերով առաջ կացնի ԱՄՆ-ից, ապա Բայդենի նման քաղաքականությունը կարող է երկու-երեք տարով եւս այդ ժամկետը կրճատել:
ԱՄՆ-ՌԴ
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ ծայրահեղ սրված հարաբերություններին, ապա Մոսկվայում սպասում են ինչպես ԱՄՆ-ի հետ առկա թեժ հարաբերությունների պահպանմանը, այնպես էլ՝ որոշակի հանդարտեցմանը՝ պատրաստ լինելով երկու սցենարին էլ: Իսկ փաստն այն է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն Օբամայի օրոք բավականին սուր էին, սակայն էլ ավելի սրվեցին Թրամփի օրոք: Այդ թվում, հենց Թրամփը գնաց այնպիսի կարեւորագույն համաձայնագրերի փաստացի չեղարկմանը, ինչպիսիք են՝ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների», «Բայց երկնքի» պայմանագրերը, Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելը: Բանը հասավ մինչեւ իրանական բարձրաստիճան գործիչների սպանության հրամանը տալուն, եւ այդպես շարունակ: Արդյունքում, եթե ԱՄՆ-ի բացառիկ դերից անդադար խոսող Օբամայի օրոք Մոսկվային հաջողվեց հետ վերադարձնել Ղրիմը, մտնել Սիրիա եւ Դոնբաս, ապա Թրամփի ժամանակ հիմնականում փորձում էր արձագանքել ՌԴ-ի հատկապես արեւմտյան սահմանների անմիջական հարեւանությամբ ԱՄՆ-ՆԱՏՕ-ական ուժերի գնալով մտահոգիչ դարձող կուտակումներին, որոնք հասան Ղրիմին միջուկային հարված հասցնելուն ուղղված զորավարժանքների աստիճանի: ՌԴ-ի ուղղությամբ ի՞նչ քաղաքական կուրս կորդեգրի Բայդենը, Օբամայի ¥եւ իր՝ որպես փոխնախագահ¤ ռազմավարությո՞ւնը, թե՞ կգնա Թրամփի ճանապարհով: Այս հարցը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել անգամ ՌԴ իշխանական շրջանակներում: Իսկ ահա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր ամենամյա ավանդական ասուլիսում նկատեց, որ ամեն դեպքում, այսօր ԱՄՆ-ում իշխանության են վերադառնում հին գործիչները, եւ դա լավ է այս տեսանկյունից. «Մարդիկ ծանոթ են: Դա, մի կողմից, թույլ է տալիս հակընդդեմ ցանկության առկայության դեպքում արձագանքել ռուս-ամերիկյան օրակարգի վերաբերյալ այն բազմաթիվ առաջարկներին, որոնք մենք արել ենք, եւ որոնք մնում են սեղանին, բանակցություններ սկսել առանց մեծ ընդմիջման: Իսկ մյուս կողմից՝ դա մեզ հնարավորություն է տալիս մոտավորապես պատկերացնել, թե ինչ գիծ են վարելու ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքական թիմի հին նոր անդամները...»:
Ակնարկն այն է, որ Մոսկվայում ավելի հավանական են համարում նաեւ ՌԴ-ի հետ հարաբերություններում Օբամայի ժամանակների քաղաքականությանը վերադառնալը: Օրինակ, նման ազդակ է այն, որ առանցքային հարցերից մեկի՝ Իրանի հետ կապված Բայդենից եղել է ակնարկ՝ հին համաձայնագրին հետ գնալու մասին:
ԹՈՒՐՔԻԱ-ՌԴ
Սակայն եթե Մեծ Մերձավոր Արեւելքում լինի վերադարձ հին ամերիկյան քաղաքականությանը, ապա չմոռանանք, որ այդ քաղաքականության մեջ ընդգծված էր նաեւ թուրքական ուղղությունը: Իսկ դրա առանցքն այն թեզն էր, որ ԱՄՆ-ին Թուրքիան պետք է, բայց առանց Էրդողանի: Եվ ահա այն, որ վերջին ժամանակներս լիջորեն սկսել են ակտիվանալ, այսպես կոչված, «քրդական դեմոկրատական ուժերը», հուշում է այն մասին, որ կա՛մ նրանք ԱՄՆ-ում իշխանության եկող վարչակազմից արդեն իսկ թուրքական ուղղությամբ ակտիվացման հրահանգ ստացել են, կա՛մ նման հույսեր ունեն: Եվ նույնը կարելի է ասել ամերիկամետ գործչի համարում ունեցող ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասին, որ կանխատեսում է արեւմտամետ ուժերի ճնշման ներքո Էրդողանի մոտալուտ հեռացումը. «Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանին շուտով դուրս կնետեն: Պարոն Էրդողանը շփոթության մեջ է...»:
Թերեւս սպասելով նման զարգացման, դեպի Արեւմուտք ուղղված Էրդողանից «հաշտության մեսիջների» պակաս չկա: Ընդհուպ, որ շատ կցանկանար Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը, ինչն Օբամայի ժամանակներում ԱՄՆ դեմոկրատ իշխանությունների հիմնական թեզերից էր: Այն առումով, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն Անկարային կզրկի ինքնուրույն աշխարհաքաղաքական միավորի վերածվելու հեռանկարներից: Սակայն ԵՄ-ից վերջին արձագանքները խիստ զգուշավոր են՝ Էրդողանից սպասում են գործնական քայլեր: Այդ թվում, որ հետ կանգնի հունական ուղղությամբ իր հայտնի պահանջներից եւ այդպես շարունակ: Ընդ որում` ենթադրելի է՝ առաջին իսկ զիջմանը կհաջորդեն ԵՄ-ի նոր պահանջները, հետո նորից, մինչեւ Էրդողանը կկորցնի ներկայիս ինքնուրույնության ողջ պաշարը: Բայց այդ դեպքում էլ, բոլորն են հասկանում, որ Էրդողանը խորը հակասության մեջ կհայտնվի ներթուրքական ազգայնական ուժերի հետ: Կստացվի՞ դեպի Արեւմուտք նման ռեւերանսը, նաեւ պահպանելով ներքին եւ արտաքին դիրքերը, թերեւս քիչ հավանական է: Սակայն եթե գնա Բայդենի վարչակազմի հետ սրացումների, ապա այս դեպքում առանց ՌԴ-ի աջակցության Էրդողանը հազիվ թե կարողանա դիմանալ. պատժամիջոցների Արեւմուտքն արդեն գնացել է, եւ դա ազդակ է, որ հետագա նման ճնշումներն Անկարայի ուղղությամբ միայն կխորանան: Առավել եւս, որ նման գերսուր իրավիճակ արդեն իսկ ստեղծվել է Սիրիայում՝ Թուրքիայի սահմանամերձ քրդական գոտում, եւ այստեղ այն տպավորությունն է, որ Անկարան փորձում է իրավիճակը վերահսկողության տակ պահել ռուսների օգնությամբ: Այսպիսով, թեեւ Անկարան նախատեսում է փետրվարի սկզբներին Կարսում Ադրբեջանի հետ զորավարժություններ իրականացնել, որը, ըստ ամենայնի, Մոսկվան կընկալի որպես հակառուսական քայլ, սակայն մոտ ապագայում Էրդողանը երկու տարբերակ ունի: Նորից ընդունել ԱՄՆ-ի քաղաքական գերիշխանությունը, իսկ այդ դեպքում առաջնային օրակարգ կարող է գալ Թուրքիայի միջոցով ՌԴ-ի հետ պատերազմելու բրիտանական հին ծրագրերը: Եվ երկրորդը՝ պահպանել համեմատական ինքնուրույնությունը՝ դիմելով Մոսկվայի օգնությանը: Եվ եթե Բայդենը վերադառնա Օբամայի հին քաղաքականությանը, այս երկրորդը ավելի հավանական տարբերակ է թվում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ