Ի՞նչ են պատմում ընկերները Վիգեն Ստեփանյանի մասին
Մշակութային
Նա այնքան էր սիրում իր ծննդավայր Երևանը, որ աշխարհում ոչ մի տեղ չքայլեց այնպիսի հպարտությամբ, ինչպես քայլում էր Երևանում...
Ցավոք պատահում է, որ արվեստագետն առաջնորդվելով միայն առաքինի և վեհ գաղափարներով, դուրս է մնում ստեղծագործական կյանքից:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի մահվան բոթը ցնցել է հայաստանյան թատերարվեստը:
Բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի կոլեգաները «Իրավունքի» հետ ունեցած զրույցում պատմեցին վարպետի տարբերվող ու առաքինի տեսակի մասին:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Արմեն Խանդիկյան.
Վիգենի մահը լուրջ կորուստ է մեր թատերական աշխարհի համար: Նա իր երկարամյա գործունեության ընթացքում միշտ էլ բարձրորակ մարդ և բեմադրիչ էր: Սկզբունքային մարդ էր: Արդարության իր պատկերացումներն ու վերաբերմունքը ուներ: Ցավում եմ, որ Վիգեն Ստեփանյան որակյալ մարդն ու արվեստագետը հանկարծամահ եղավ:
ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյան.
Թատրոնը մեծ կորուստ ունեցավ: Ճկուն էր: Հրաշալի մարդ, ընկեր: Մտերիմ մարդու մասին անցյալով խոսելը շատ դժվար է: Լայն մտահորիզոն ուներ Վիգենը: Վիգեն Ստեփանյանի հետ սկզբնական շրջանում ֆիլմում էինք խաղում, հետո նա հիմադրեց «Մետրո» թատրոնը: Ամեն բան անում էր, որ թատրոնին գումար բերեր: Գործի նվիրյալ էր: Ընտանիքներով շատ մտերիմ էինք: Տղաս` Էդգարը, երբ մահացավ, Վիգենն այնքան տաք և նուրբ մոտեցավ մեր ցավին: Ես իրեն շատ եմ սիրում:
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյան.
Թեև Վիգենի հետ այնքան էլ մտերիմ չէինք, սակայն չեմ կարող չխոսել նրա հրաշալի մարդ տեսակի մասին: Կենսախինդ էր, հումորով: Ճշտախոս մարդ էր: Քանի որ երկուսս էլ Ստեփանյան ենք, ամեն անգամ ինձ տեսնելիս ասում էր. «Ո՞նց ես, քույր»: Ամեն անգամ ինձ տեսնելիս ասում էր, որ ես իր քույրն եմ: Խորապես ցավում եմ կատարվածի համար:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյան.
Իմ թատերական առաջին քայլերը Վիգեն Ստեփանյանի հետ եմ արել: 2003 թվականին միասին աշխատել ենք Գյումրու թատրոնում: Կարճ ժամանակահատվածում Վիգեն Ստեփանյանի հետ լավ ընկերներ դարձանք: Չնայած մեր տարիքային տարբերությանը, մենք լավ ընկերներ էինք: Նրա մասնագիտական որակների մասին խոսելու համար ես դեռ շատ փոքր եմ, բայց որպես մարդ Վիգեն Ստեփանյանն ուրիշ էր: Նրան մահվան հասցրեց օրվա իշխանությունը: Վերջերս պատահաբար հանդիպեցինք, հարցրի ինչո՞վ եք զբաղվում, պատասխանեց, որ շարքային թոշակառուի կյանքով է ապրում: Նրա այդ խոսքերում այնքան ցավ կար, այնքան վիրավորանք: Ես անչափ ուրախ եմ, որ նրա պես ավագ ընկեր եմ ունեցել: Ես իրենով ոգեշնչվել եմ: Պայքարող տեսակ էր: Պայքարում էր հանուն հայրենիքի: Ճիշտ արվեստագետի տեսակ էր...
Հայկ Գևորգյան