Երբ քարոզս եք ներկայացնում, մի ներկայացրեք այնպես, ինչպես դուք կուզենայիք, որ այն հնչեր եւ ոչ թե՝ ես. Կոմիտաս վարդապետ
Հասարակություն
Հոգեշնորհ Տ. ԿՈՄԻՏԱՍ վարդապետ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ դիմել է ֆեյսբուքյան ընկերներին եւ հայ ազգի ներկայացուցիչներին՝ պարզաբանելով Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ իր քարոզից մի դրվագ, որը որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել կոնտեքստից կտրված:
«Վերջերս հաճախ ենք ունկնդիրը լինում այս կամ այն անձի թուրքական լրտես, կամ թուրք լինելու մասին: Որով սկսում ենք մտածել, որ մենք դադարել ենք մի ամբողջություն լինելուց, այսինքն՝ ազգ լինելուց, այլ մեզ վեր են ածել մի ամբոխի, հասարակության /ի դեպ, հասարակություն բառի հիմքը հասարակ, այսինքն՝ պրիմիտիվ իմաստն է/: Եթե այդպես է, ուրեմն՝ շատերի մոտ մտածելակերպը հավասարվել է պրիմիտիվ մակարդակի, մակարդակ, ուր տրամաբանելն ու դատողություն անելը դադարել է ներկայություն լինելուց: ՖԲ-ը, որն իրականության մեջ ունի իր լավ կողմը, որն է տեղեկատվության անմիջական փոխանցումը, սակայն ունի նաև իր ահավոր կողմը, երբ թրքակերպար անձինք, իրենց սատանայական չար գործն են անում հասարակությանն իրար դեմ հանելու իմաստով: Եվ ով ինչ հետին նպատակ է ունենում խառնակչության, ամենալավ միջոցը ՖԲ-ում ինչ-որ բան նետելն է, որից հետո սկսվում է գզվռտուքը, որի արդյունքում տեսակետները ջրի երես են հանում մեր հավաքական «բազմերանգությունը»: Եվ այդ բոլորն այն պատճառով, որ ոմանք դատում են ուղեղով, ոմանք էլ՝ ականջներով:
Մի քանի օրեր են արդեն, որ թրքահոգի և թրքակերպար ինչ-որ մի անձ իմ անունից կեղծ հայտարարություն տարածեց, թե «Կոմիտաս վարդապետը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է 5 միլիարդ դոլլարով Հայաստանը և Արցախը վաճառելու մեջ»: Եվ ազերա-թրքական հարձակման նման, ոմանք կապեցին իրենց «թուր կեծակին» և անձիս հասցեին ինչ «կոմպլիմենտներ» ասես չհնչեցրին: Ուրախ եմ, որ պետության ղեկավարի նկատմամբ նմանատիպ վստահություն է առկա, որ մենք սկսել են վերջապես ղեկավարներին ըստ արժանվույն արժևորել: Միայն թե, երբ մեկի խոսքն եք մեջբերում, մի մեջբերեք կոնտեքստից կտրված, այլ կոնտեքստի մեջ: Երբ քարոզս եք ներկայացնում, մի ներկայացրեք այնպես, ինչպես դուք կուզենայիք, որ այն հնչեր և ոչ թե՝ ես:
Ուրեմն, երբ խոսվում էր օրվա խորհրդի մասին, որը վերաբերվում էր փրկչական ծննդյանը, երբ հնչել էր հրեշտակների խոսքերը. «երկրի վրա խաղաղություն և մարդկանց հաճելի կյանք»-ի մասին, ուրեմն՝ ծնունդը խաղաղություն պիտի բերեր և ոչ թե ծննդյան օրը մարդիկ բաժանվեին երկու խմբի, և մեկ խումբը թուրք հայտարարեր մյուս խմբին, դիմացիներն էլ նույնը կրկնեին:
Այսինքն՝ մեր ողջ պատմության ժամանակ առաջին անգամ է, որ ազգովի մենք զմեզ թուրք ենք հայտարարում: Թուրք էր հայտարարվում ՀՀ նախագահը, վարչապետը, բոլորը: Առաջին անգամն էր մեր պատմության ժամանակահատվածում, երբ բոլոը անիծում էին բոլորին, մեղադրելով պարտության և դավաճանության մեջ: Ժողովրդի մի մասը, նույնիսկ չէր խորշում հենց նախագահին և վարչապետին դավաճան հայտարարել, որոշակի գումարների դիմաց երկիրը վաճառած հայտարարել և անիծել նրան, կնոջը և զավակներին: Այս մասին տեսնում ենք, թե մամուլում, թե հեռուստահաղորդումների ժամանակ և թե ՖԲ-յան գրառումներում: Եվ այս բոլորը Սուրբ Ծննդյան օրերին: Ուրեմն, որն էր իմ հարցադրումը, որն էր խոսքիս իմաստը: Երբ մթնոլորը Հայոց աշխարհի, թունավորվել էր իրար մեղադրանքներով ու անեծքներով, ինչ տրամադրությամբ էինք իրար հայտարարում «Քրիստոս Ծնաւ եւ հայտնեցաւ»: Երբ անեծքով էր լցված օդը, որը մենք շնչում ենք, ինչպես կարող է մարդկանց հաճություն պարգևել: Երբ մեր մեջ կան թրքակերպար անձինք, որոնք փորձում են իրենց հոգու թույնով թունավորել մարդկանց մտքերն ու հոգիները, ինչ խղճով պիտի աւետեն «Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի»:
Ահա այս էր իմ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան պատգամը, որը, ցավոք, սխալ մեկնաբանության պատճառով սխալ հասկացվեց: Ոչինչ, ասում են կյանքը բումերանգ է, ինչ-որ նետում ես դուրս, այն պտտվում-պտտվում նորից ետ է գալիս դեպի քեզ: Մտածենք, որ մեզանից դուրս եկածը լինի բարի, որ վերադարձածը գա դեպի մեզ, որպես բարություն: Կներեք, եթե սխալ եմ հասկացվել...», - գրել է Կոմիտաս վարդապետը: