Սա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը. Կոստանյան
Միջազգային
Արցախյան մերօրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ փորձագետներ կանխատեսում էին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի չերկխոսելու այլընտրանքը կլինի մասշտաբային պատերազմը, թե արդյոք ռուս-թուրքական պատերազմի վտանգն այլեւս անցյալում է, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք արեւելագետ-միջազգայնագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՑ:
- Որոշ հակառուս կամ ավելի արեւմտամետ վերլուծաբաններ նուրբ մեղադրական ոճ են որդեգրել Ռուսաստանի հանդեպ, թե ինչու արցախյան մերօրյա պատերազմում չունեցավ ավելի մեծ ռազմական գործունեություն: Մյուսները գտնում են, որ սա ռուս-թուրքական հին համաձայնության հետեւանք էր, որտեղ հայերի իրավունքները ոտնահարվեցին: Բայց այս երկու տեսակետների արանքում կարծում եմ՝ ռուս-թուրքական պատերազմ այս տարածաշրջանում, անկասկած, լինելու է: Թուրքիան պանթուրանիզմի ծրագրից չի հրաժարվել եւ այսօր այն ավելի ցայտուն է երկու պատճառով. նախ իր տնտեսական զարգացմամբ եւ առաջընթացով պայմանավորված, երկրորդ՝ Չինաստանի ուժեղացմամբ, որը «մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարգախոսով դեպի այս կողմ կարող է հասնել: Այդ իսկ պատճառով չգիտեմ՝ 5, թե 10 տարի հետո, բայց մեծ հաշվով բխում լինելու է, ընդ որում՝ ոչ միայն ռազմական, այլեւ տիրելու Կենտրոնական Ասիային: Ով կարողացավ իր վերահսկողության տակ վերցնել Կենտրոնական Ասիան, նա էլ դառնալու է ապագա աշխարհի ամենահզոր պետություններից մեկը:
- Ինչո՞ւ եք այդպես կարծում:
- Եվրոպան ինչ կարողացել է, արդեն ցույց է տվել աշխարհին: Այն ծերացած մի տարածք է եւ այլեւս ոչինչ չունի ցույց տալու: Այսօր աշխարհում զարգանալու պոտենցիալ ունի Ասիան՝ Չինաստանն իր հարակից երկրներով՝ Հնդկաստան, Մալազիա, Ինդոնեզիա, Սինգապուր, որն արդեն իսկ ամենաթոփ երկրների մեջ է: Եվ, բնականաբար, աշխարհը թեքվում է դեպի այդ կողմ: Պատկերացրեք, Ինդոնեզիան 300 միլիոն բնակչություն ունի եւ այսօր այդտեղ մեծ մրցակցություն է գնում չինական եւ ամերկյան շահերի ու գործարանների: Եթե դուք տեսնեք, թե այդտեղ ինչ մեծ չինական եւ ամերկյան գործարաններ են մուտք գործում, կհասկանաք՝ ինչ նկատի ունեմ: Իսկ, օրինակ, Իտալիայում կարող եք գնալ սուրճ խմել, սպագետի ուտել, նկարվել եւ վերջ, եվրոպական երկրներն աշխարհին ոչինչ չունեն տալու: Կենտրոնական Ասիան ունի մեծ բնակչություն եւ բնական հարստություններ, եւ այդ տարածաշրջանի ժողովրդի աշխատույժն օգտագործելով՝ կարողանալու են այդ հարստություները վեր հանել: Ուստի՝ ինչպես ասացի, ով տիրելու է այդ տարածաշրջանին, նա էլ կարողանալու է մեծ տնտեսական կարողություններ կուտակել: Եվ պարզ է, թե ինչու է Թուրքիան հասնում մինչեւ Ղազախստան եւ կնքում է ապագա ռազմական բայրաքթարների վաճառքի պայմանագրեր:
- Ի՞նչ եք կարծում՝ հայկական շահերը հնարավոր կլինի՞ պաշտպանել, օրինակ, համագործակցելով ոչ թե Արեւմուտքի, այլ Չինաստանի հետ:
- Բոլորն ունեն իրենց անձնական շահերը, բայց այսօր գոյություն ունի երկբեւեռ աշխարհ: Այս տարածաշրջանում հիմնականում լինելու են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը: Մինչդեռ Հայաստանը թեքվեց ծերացած Արեւմուտքի կողմ: Այս առումով մենք մեզ վատություն անելով ենք զբաղված: Օրինակ, գնում ենք հակաչինական ալյանսի մեջ ենք մտնում, որը պաշտպանում է ույղուրների շահերը, որոնց տերերը հարձակվում էին մեզ վրա: Իսկ ույղուրների եղբայրները գալիս են մեր գլուխները կտրելու՝ որպես վարձկաններ: Սա խայտառակություն է, փաստորեն, միջազգային հարթակներում պաշտպանում էինք մեր թշնամիների՞ շահերը: Դիվանագիտությունը դաշնակից գտնելու արվեստ է, բարեկամներին եթե դու կարողացար դաշնակից դարձնել, ուրեմն՝ արդեն հաջողված ես, բայց մենք մեր բարեկաներին ոչ թե դաշնակից դարձրեցինք, այլ դարձրեցինք անտարբեր, ինչպես եղավ Իրանի դեպքում, կամ թշնամի, ինչպես եղավ Չինաստանի դեպքում: Մինչդեռ այսօր Չինաստանը համարվում է առաջին տնտեսական հզոր պետությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում: