Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առցանց համագումարի մասնակիցները քվեարկել են կուսակցության նոր նախագահի օգտին: Ընտրությունների ընթացակարգը պաշտոնապես կավարտվի փոստով քվեարկությունից հետո։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle» գերմանական միջազգային հանրային հեռուստառադիոընկերությունը ։
Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) համագումարի մասնակիցները կուսակցության նոր նախագահ են ընտրել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային երկրամասի 59-ամյա վարչապետ Արմին Լաշետին (Armin Laschet): Հունվարի 16-ին նրա թեկնածությունը քվեարկության երկրորդ փուլում պաշտպանել են ՔԴՄ-ի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված երկօրյա համագումարի մասնակիցները:
Գերմանիայի իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցության նախագահի պաշտոնի համար պայքարում նրա մրցակիցներն էին Բունդեսթագում ՔԴՄ խմբակցության նախկին ղեկավար Ֆրիդրիխ Մերցը (Friedrich Merz) եւ Բունդեսթագի արտաքին քաղաքական կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռեթգենը (Norbert Röttgen): Քվեարկության երկրորդ փուլին մասնակցել են Լաշետն ու Մերցը։
Պաշտոնապես կուսակցության նոր նախագահի ընտրության ընթացակարգը կավարտվի փոստով քվեարկությունից հետո, քանի որ առցանց քվեարկության տարբերակը նախատեսված չէ Գերմանիայի կուսակցությունների մասին օրենքում: ՔԴՄ համագումարը նոր նախագահ ընտրելու նպատակով երկու անգամ տեղափոխվել է պանդեմիայի պատճառով։