Հասմիկ Պապյանը դատի է տվել հարազատ եղբորը
Մշակութային
Պարզվում է` «Սասնա ծռերի» գաղափարակից, ապա Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունը» ողջունած ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ դատի է տվել հարազատ եղբորը` օպերային երգիչ ՀՐԱՆՏ ՊԱՊՅԱՆԻՆ: Այո, մշակութային գործիչը, որը վերջին տարիներին ակտիվորեն զբաղված էր երկրի քաղաքական հարցերը «լուծելով»` ստացվում է, որ անգամ իր ընտանեկան հարցերը չի կարողանում լուծել ու դիմել է դատարան:
Ընդ որում` եթե այլ դատական գործեր տեւում են ամիսներով ու տարիներով, ապա այս դեպքում դատարանը հրատապ որոշում է կայացրել եւ ընդամենը 10 օրում հայցը մասնակի բավարարել: Արդյունքում` Հասմիկ Պապյանն ընդդեմ Հրանտ Պապյանի` շինծու լինելու հիմքով առուվաճառքի պայմանագրերը առոչինչ ճանաչելու եւ առոչինչ գործարքի հետեւանքներ կիրառելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Այս մասին «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ պարզեց «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հասմիկ Պապյանը, դիմելով դատարան, հայտնել է, թե դեռեւս 2009 թվականին կնքված եւ նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի պայմանագրով ոմն Լուսինե Աբրահամյան Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող անշարժ գույքը 54.000.000 ՀՀ դրամ արժեքով վաճառել է Հրանտ Հարությունի Պապյանին: Նույն թվականին նույնպիսի ընթացակարգով ոմն Նոնա Ավագյան Երեւան քաղաքի Մ. Հերացու փողոցի վրա գտնվող 37.400.000 ՀՀ դրամ արժեքով անշարժ գույքը վաճառել է էլի Հրանտ Պապյանին: Սակայն, վերոնշյալ անշարժ գույքերի իրական գնորդ է հանդիսացել Հասմիկ Պապյանը, իսկ Հրանտ Պապյանը ընդամենը ստորագրել է առուվաճառքի պայմանագրերը: Բացի այդ, նշված գույքերի համար վճարվելիք գումարները Հրանտ Պապյանին է փոխանցվել Հասմիկ Պապյանի կողմից: Կողմերը պայմանավորվածություն են ունեցել` առ այն, որ նշված անշարժ գույքերի իբրեւ սեփականատեր նշվի Հրանտ Պապյանի անուն- ազգանունը` մինչեւ քույրը կվերադառնար արտերկրից եւ որպես սեփականատեր կանվանափոխեին իրական սեփականատիրոջ` Հասմիկի անվամբ: 2017 թվականին քույրը խնդրել է եղբորը, որպեսզի պայմանավորվածության համաձայն` վերջինիս հետ ներկայանան նոտարական գրասենյակ եւ կատարեն համապատասխան գործարքները, սակայն Հրանտ Պապյանը անակնկալ ձեւով հրաժարվել է, ավելին` պատճառաբանել է, որ նշված գույքերն այլեւս պատկանում են իրեն:
Որքանով է Հասմիկ Պապյանի հայցն իրականությանը համապատասխանում, դժվար է ասել, քանի որ, ըստ նույն դատական գործի, պատասխանող կողմը, փաստորեն, դեռ չի ներկայացրել իր տեսակետը, ավելին` նույնիսկ փաստաբան կամ ներկայացուցիչ չունի, իսկ գուցե նաեւ տեղյակ էլ չէ, որ քույրն արդեն դատի է տվել իրեն եւ կարճ ժամանակում հասել նրան, որ գործը վարույթ ընդունվի: Ի դեպ, արագ փոփոխություններ հաճախ են լինում տիկին Պապյանի կյանքում: Օրինակ, վերջերս նա ակտիվորեն քննադատում էր հայրենիքի մի զգալը մասը Ադրբեջանին հանձնած իշխանությանը, սակայն նրա հերթական պոռթկումը կրկին մարեց: Թե ինչու, հայտնի է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որտեղ նա տեղավորվել է աշխատանքի` որպես օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար` գուցեեւ քաղաքական հայտարարություններ այլեւս չանելու պայմանով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ