2021Թ. ԹՈՂ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՃԻՉԵՐՈՎ ԼՑՎԻ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԸ
Մշակութային
Այս տարի ինչպես անցկացրեց Ամանորը «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի,Հայաստանի գրողների միության անդամ ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ եւ ստեղծագործական ինչ ծրագրեր ունի, իմացանք նրա հետ ունեցած զրույցից:
- Տիկին Վարդանյան, ինչպե՞ս անցկացրիք Ամանորը:
– Նոր տարին ավանդաբար հայոց աշխարհում նշվում է որպես նորի, լավի գալուստ: Ինչպես մեռնող-հառնող Արա Գեղեցիկի հայտնի ավանդության մեջ է նշվում, մեր բնությունը ձմռանը մահանում է, գարնանը` վերակենդանանում: Հեթանոս շրջանից է գալիս հայոց Նավասարդը` Նոր տարին, որն այսօր նշում ենք հունվարին: Ես իհարկե շատ կուզեի, որ ամբողջ քրիստոնյա աշխարհը մի օրում նշեր Հիսուս Քրիստոսի ծնունդը: Կաթոլիկները նշում են դեկտեմբերի 25-ին, մենք` հունվարի 6-ին, ռուսները` հունվարի 7-ին, բայց իմաստը նույնն է` տարվա գեղեցիկի գալուստը Բեթհեղեմի աստղն է վառվում: Ինչպես գիտենք, դա Հիսուս Քրիստոսի ծննդյան հետ է կապված, երբ Հիսուսի ծնվելուց հետո մոգերը ընծաներ բերեցին: Այդ բոլորն Ամանորի տոնի հետ է առնչվում եւ բոլորիս սրտերին սփոփանք բերում մանավանդ այս օրերին, որ գալու են դեռեւս լավագույն օրեր, լավագույն ժամանակներ:
– Լավատեսորեն եք տրամադրված 2021 թվականին:
– Կյանքում միշտ այդպես է` սեւ ժապավենին փոխարինում է ճերմակը: Ես համոզված եմ, որ անցյալ տարվա անհաջողություններից հետո գալու է մեր վերելքի ժամանակը: Ուղղակի պետք է հավատալ եւ դնել առաջին քարը նոր հայրենիք, նոր երկիր, նորացված գաղափարներ, տնտեսություն ստեղծելու համար: Հինն արդեն սպառել է իրեն: Պետք է տնտեսությանը նորովի մոտենալ, ավելի բարձր ձողափայտ, նշափայտ դնել ավելի մեծ նպատակների իրագործման համար: Հայոց ազգը միշտ հենվել է իր ընտանիքների վրա: Պետք են ամուր ընտանիքներ` ինչպես եղավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո: Մանուկների ճիչը շատացավ: Դա անկախ իրենցից, արեցին բոլորը: Ունեցան շատ երեխաներ: Հիմա անհրաժեշտ են նորածինների ճիչեր, որ աշխուժացնի ընտանիքների կյանքը, նաեւ բազմացնի մեր սակավացած հայ ազգը:
– 2020 թվականի Ամանորին «Լիտ. Արմենիա» ամսագրում տպագրվեց Ձեր պոետական շարքը:
– 2020 թվականի Ամանորին տպագրվեց իմ բանաստեղծությունների ռուսերեն շարքը, որը թարգմանել էր երիտասարդ գրող եւ թարգմանիչ Կոնստանդին Շաքարյանը: Այդ շարքը հաջողություն եւ լայն արձագանք ունեցավ ընթերցողների շրջանում:
– 2021 թվականին ի՞նչ ծրագրեր ունեք:
– 2021 թվականին երկու ժողովածու եմ պատրաստում` պոետական ժողովածուն, որը կոչվում է «Աղջկական», քանի որ հիմնականում սիրո մասին է լինելու, հավերժ զգացումի, իսկ դա գրելու համար պետք է զգամ այն առաջին փոթորկումը, թրթիռը, որն առաջացրել է իմ հոգում, սրտում սերը, որպեսզի կարողանամ վերապրելով մատուցել ընթերցողին: Երկրորդը, որը պատրաստում եմ դա մանկական հեքիաթների եւ պատմվածքների ժողովածու է, որն ինձ համար շատ կարեւոր է, որովհետեւ ես երկու ասպարեզում եմ կայացել` ե՛ւ բանաստեղծության, ե՛ւ մանուկների համար գրված ստեղծագործությունների: Ինչպես նաեւ ունեմ մի կիսավարտ վեպ` կոչվում է «Բանվորական թաղամասի արքայադուստրը», որը եւ հուսով եմ` վերջապես այս տարի լույս կտեսնի:
– Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին 2021 թվականին:
– Մաղթում եմ այն ամենը, ինչ որ ինքն արդեն ունի: Մենք սովոր ենք դարերով փորձությունների միջով անցնել: Անձամբ իմ կյանքը կապված է Հայոց ցեղասպանության հետ: Մայրս, փրկված յաթաղանից, Հայաստանում կարողացավ ստեղծել մի մեծ օջախ, գերդաստան: Եվ ես ցանկանում եմ, որ մեր ազգն այդ սկզբունքը բռնի: Բազմանա, բարգավաճի, հաջողությունների մեջ լինի: Եվ երբեք, ինչպես ծաղիկը խորշակի, չհուսահատվի, չթառոմի: Այլ փյունիկ հավքի պես բարձրանա եւ թռնի դեպի բարձունքները համաշխարհային դարավոր իր ընթացքով: Ինչպես ամբողջ մտավորականությունը, այնպես էլ ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը արժանի է երջանիկ լինելու, լավ ապագայի: Իսկ դա անելու համար պետք է յուրաքանչյուրն անի իր փոքրիկ քայլը դեպի վերեւ, դեպի վերելքը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ