Փաշինյանի հույսն էլի քաղաքական կնքահա՞յրն է
Ներքաղաքական
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն բավական երկար ժամանակ է` քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ եւ եկել են ընդհանուր եզրակացության, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ թեկնածությունը:
Այն, որ Փաշինյանը ցանկություն ունի այս ճանապարհով իր մարդուն նշանակել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի աթոռին, իհարկե, նորություն չէ: Իսկ թե ինչո՞ւ է «նախկինին վերադարձ չի լինելու» բղավող Փաշինյանը հիշել նախկիններին, չէ որ Ջհանգիրյանը եւս նախկին իշխանության ներկայացուցիչ է համարվում, «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ հայտի դարձավ: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների համաձայն, իրականում ոչ ոք չի էլ պատրաստվում շուտով 66-ամյակը բոլորող Ջհանգիրյանին բերել ԲԴԽ, որովհետեւ ԲԴԽ անդամ դառնալու համար կան օրենքով սահմանված չափանիշներ, այդ թվում` տարիքային շեմ, ինչը նույնիսկ պլաստիկ վիրահատությամբ չի կարող հաղթահարել Ջհանգիրյանը: Սակայն, այս լուրը շրջանառելով` իշխանությունը փորձում է շոյել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ականջը:
Ստեղծված ծանր իրավիճակում իմքայլականներն ունեն քաղաքական ուժերի աջակցության կարիք, բայց որեւէ լուրջ կուսակցություն չի պատրաստվում ձեռք մեկնել հող հանձնողներին, առավել եւս` միանալ արտահերթ ընտրություններին` մի նոր դաշինք կազմելով: Ուստի` Փաշինյանին ոչինչ չի մնում, քան հույսը դնել քաղաքական կնքահոր` Տեր-Պետրոսյանի վրա: Ի վերջո, Փաշինյանը գործնականում արել է այն, ինչի մասին Տեր-Պետրոսյանը խոսում էր տարիներ շարունակ, ուստի` եկել է զմիմյանս շնորհակալություն հայտնելու պահը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ