2020 թվականի «Տարվա լավագույն մարզիկ»
Սպորտ
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Իրավունքն» ամփոփել է տարբեր ոլորտներում նախորդ տարի եղած ձեռքբերումներն ու բացթողումները և առանձնացրել տարվա լավագույններին։
2020 թվականի ընթացքում, մարզաշխարհի ներկայացուցիչների շրջանում իրեն լավագույնս դրսևորել է դեռևս երիտասարդ, սակայն բավականին խոստումնալից մարզիկ, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը։
Չնայած տարվա սկզբում կորոնավիրուսի, ապա նաև պատերազմի պատճառով առաջացած խնդիրներին, Արսենը շարունակել է մարզվել և մասնակցելով դեկտեմբերին Սերբիայում կայացած ըմբշամարտի Աշխարհի Գավաթի խաղարկությանը, պատվով է ներկայացել և արծաթե մեդալ նվաճել Հայաստանի համար։
Երիտասարդ մարզիկի հայրենասիրությունն ու ուժը նաև դրսևորվել են մարտի դաշտում։
Պատերազմի առաջին իսկ օրերին Արսեն Հարությունյանը վերցրել է զենքն ու հոր ղեկավարած` «Հայդուկ» կամավորական ջոկատի հետ միացել Արցախում կռվող զինվորներին։
Ըմբիշը նաև ակտիվ մասնակցություն է ունեցել թիկունքում տարվող կամավորական աշխատանքներին։
Նշենք, որ Արսեն Հարությունյանը 2018 թվականին մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանն ու դարձել չեմպիոն 57 կգ․ քաշային կարգում։
Նույն քաշային կարգում 2018 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությանը նվաճել է բրոնզե մեդալ։
2018 թվականի Հայաստանի չեմպիոն է 61 կգ․ քաշային կարգում:
Նույն քաշային կարգում 2019 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է։
2020 թվականին դարձել է նաև 57 կգ. քաշային կարգի Հայաստանի չեմպիոն։
Լիանա Հարությունյան

