«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՍԱՊԱՐԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՎՐԱ ՉԵՄ ՎԵՐՑՆԻ»
Ներքաղաքական
Իմքայլական պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, «մատ են թափ տալիս» իրենց գործընկերների վրա, որոնք դուրս են գալիս իշխող խմբակցությունից, բայց մանդատը վայր չեն դնում: Ըստ Փաշինյանին հավատարիմ մնացած օրենսդիրների` խմբակցությունից դուրս եկածները, օգտագործելով Նիկոլի քվեաթերթիկը, դարձել են պատգամավոր: Իսկ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանի ուսապարկը ավելի շատ ձայն կհավաքեր, քան որոշ պատգամավորներ: Անդրադառնալով վերոնշյալ գնահատականներին` պարզեցինք ԱԺ պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ տեսակետը, որն օրերս է լքել «Իմ քայլը» խմբակցությունը:
- Մինչեւ պատգամավոր դառնալը, ինձ բոլորը մարզում ճանաչում էին, ծանոթ էին իմ գործունեությանը: Լինելով պատգամավոր` իմ գործունեությանը հավելել եմ մի շարք ծանրաբեռնվածություններ, դրանք սիրով եմ ինձ վրա վերցրել` համարելով, որ երկրի խնդիրներն են, եւ անմասն չպետք է մնամ դրանցից: Եղել եմ ռեյտինգային ընտրացուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, ընդ որում` ամենավերջին համարներից մեկը: Եվ եթե վստահ չլինեին, որ կունենամ անցողիկ ձայներ, ապա, դժվար թե, տանեին ամենավերջին համարները: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ կապված արտահայտությանը, ես այն ինձ վրա չեմ վերցնի, քանի որ շատերը դրան արձագանքեցին: Այդ արտահայտությունը շատ բաների մասին է խոսում` քաղաքական թիմի նկատմամբ քաղաքական կուսակցության վերաբերմունքի մասին, հետեւությունները կթողնեմ մարդկանց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ