ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Մեր ընթերցողներից շատերը կհիշեն, թե 1988-91 թվականներին Արցախի հարցի առնչությամբ ինչպես էին անիծում ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ: Հենց նրան էին ասում` «Գյոռբագյոռ լինես», բայց ոչ թե նա «գյոռբագյոռ» եղավ, այլ ստախոս Արծրունն իր պիղծ շեֆերով հանդերձ «գյոռբագյոռ» արեց Արցախը: Եվ հիմա Գորբաչովն անպոչ գդալի պես իրեն նորից մեջ է գցում Արցախի հարցում. «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա շատ բարդ հարց է` հին եւ արմատավորված անցյալում: Երբ այն սրվել է, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետությունների, երկու ժողովուրդների համար լուծում գտնել: Եվ հետո Ռուսաստանը փորձեց... Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց հիմնական դերը պատկանում է հակամարտության կողմերին: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ: Որոշումը պետք է բխի երկու կողմերի շահերից` առանց հաղթողների եւ պարտվողների»: Դե ինչ ասես, միայն դու էիր պակաս, ոճրագործ, ավելի լավ է քո հանցանքներից խոսես, որ իրագործել ես ընդդեմ գրեթե 200 միլիոն մարդու:
Աչքներս լույս, լոնդոնաբնակ պաղպաղակասեր նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ հոդված է գրել, որտեղ, քննադատություններ հնչեցնելով, ասում է, որ «երրորդ հանրապետությունն» այլեւս անցյալ է եւ պետք է կառուցել նոր պետություն` «չորրորդ հանրապետություն»: Ինչպես կասեր ՀՀ երրորդ նախագահը` իյա՛, իրո՞ք... Դա այն դեպքն է, երբ սելի փոխարեն սելվորն է ճռռում, եւ զարմանալի է, որ Ելիզավետիչը չքմեղանում է: Այն Ելիզավետիչը, որ «տափուկ» ձեւով ամեն կերպ նպաստել է դավաճանությանը` հիշենք թեկուզ նրա հավաստիացումը, որ ադրբեջանական գազատարին մեր բանակը ոչ մի դեպքում չի հարվածի: Դրա առնչությամբ քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն իրավացիորեն նկատում է. «Նա առնվազն վերջին 2,5 տարիներին իր պաշտոնի բարձրությունից հետեւել ու դակել է Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր որոշումները, քննադատության ձայն չի հնչեցրել, աչք է փակել բոլոր ապօրինությունների ու կասկածելի քայլերի վրա: Այսինքն` մոտ 3 տարի Արմեն Սարգսյանը ակտիվ կամ պասիվ նպաստել է պետության ոչ արդյունավետ կառավարմանը, որի վերջակետն եղավ Արցախի կորուստը: Իսկ հիմա ասում է` եկեք նոր պետություն կառուցենք: Տրամաբանական կլիներ, որ Արմեն Սարգսյանը այդքանը գրելուց հետո հայտարարեր իր հրաժարականի մասին»:
Ինչպես հայտնի է, քաղաքացիները փակել էին օդանավակայանի ճանապարհը, որպեսզի ՀՈՂԱՏՈՒ ԴԱՎԱՃԱՆԸ չկարողանա մեկնել Մոսկվա, սակայն զարմանալիորեն նրա մեկնումն ապահովեցին շուրջ 1000 ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ: Զարմանալի է, Արցախ պաշտպանելու համար սրանք այդքան մարտիկ չունեին, ազգադավին պաշտպանելու համար` ունեն: Ինչ վերաբերում է բուն այցին, ապա քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը նկատում է. «Ասում էին` թողեք թող Նիկոլը գնա, որ գերիների հարցը լուծի: Լուծե՞ց: Ո՛չ: Բայց Ալիեւն իր ուզածին հասավ: Անունը դրել են կոմունիկացիա, բայց խոսքը Մեղրիի ու Հայաստանի մյուս բնակավայրերի մասին է»: Սույն զարմանալի իրողության առնչությամբ Արմեն Աշոտյանն արձանագրում է. «Այո, նա քաղաքական դիակ է, եւ դիակ լինելով հանդերձ` շարունակում է վնաս տալ Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին: Բոքսում նոկաուտից հետո մարտը չի շարունակվում: Կողմերը պատրաստվում են նոր հանդիպման: Երբ նոյեմբերի 9-ից հետո քաղաքական դիակ դարձած լեշին շարունակում են տփել աշխարհի տարբեր ռինգերում, կրկին համոզվում ես, որ խաղը ծախած է եւ սարքած»: Այո՛, սարքած է եւ ծախված, եւ բոլորիս մեղքն է, որ սարքողն ու ծախողը դեռեւս գրողի ծոցում չէ կամ գոնե ԱԱԾ մեկուսարանում:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ