Նիկոլ Փաշինյանը իրական սպառնալիք է հայ ազգի համար. Աբովյան
Ներքաղաքական
«Գիտե՞ք, թե ինչու է Փաշինյանի ամեն օր իշխանության ղեկին մնալը հիմնարար սպառնալիք հանդիսանում Հայաստանի, Արցախի եւ բուն հայ ազգի` որպես տարածաշրջանի ֆիզիկական սուբյեկտի գոյության համար: Ես միտումնավոր բաց եմ թողնում ներկայիս իշխանության բյուրեղային անգրագիտությունն ու տոտալ անզորությունը, մենք մեկ անգամ չէ, որ խոսել եւ
գրել ենք այդ մասին, բայց նույնիսկ հպանցիկ հայացքը Փաշինյանի արտաքին քաղաքական քայլերին եւ զուգահեռ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական քայլերին եւ գործողություններին ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պարտված և խայտառակված առաջնորդ չէ, այլ իրական սպառնալիք է հայ ազգի համար լայն իմաստով:
Այսպիսով՝
1. Ադրբեջանը 2021 թ.-ի ռազմական ծախսերը ավելացրել է 550 միլիոն դոլարով, այս տարվա ընդհանուր ռազմական ծախսերը կազմում են 2.7 միլիարդ դոլար:
2. Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում 50 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով
Հայաստանից հատուցումներ գանձելու համար:
3. Ադրբեջանը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում է, որ Հայաստանի տարածքի կեսից ավելին
ադրբեջանական է՝ ներառյալ Զանգեզուրը, Սյունիքը, Երեւանը, Սեւանը:
4. Ադրբեջանը բացում է երկու միջազգային օդանավակայան՝ թուրք-ադրբեջանական
զորքերի կողմից գրավված Արցախի Հանրապետության տարածքներում:
5. Ադրբեջանը հրաժարվում է նույնիսկ քննարկել Արցախի Հանրապետության ճակատագիրը, բացառությամբ հայերին Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարություն շնորհելուց:
6. Ադրբեջանում չի դադարում հակահայկական քարոզչությունը: Ավելին՝ պատերազմից հետո հայերի ապամարդկայնացումը (դեհումանիզացիա) հատեց բոլոր ենթադրելի սահմանները:
7. Ալիեւը սպառնում է Հայաստանին եւ Արցախին ռազմական գործողություններով, եթե շարունակվեն հայ պաշտոնյաների այցերը Արցախ:
8. Իլհամ Ալիեւն իրեն իրավունք է վերապահում վերահսկել Նախիջեւանից Հայաստանի
տարածքով Ադրբեջան ընկած հիպոթետիկ ճանապարհը՝ շահագործման հրավիրելով
տարբեր երկրներ:
9. Թուրքիան սպառնում է Հայաստանին ռազմական գործողություններով, եթե «հայերը սադրանքներ անեն», այսինքն՝ եթե հայերը դադարեն կատարել թուրքական և ադրբեջանական պայմանները:
10. Թուրքիան ավելացնում է իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում. Թուրքիայի խորհրդարանը պաշտոնապես համաձայնություն է տվել Ադրբեջանում թուրքական կանոնավոր զորքերի տեղակայմանը:
11. Թուրքիան կոչ է անում հայերին «խելքի գալ», այսինքն՝ ընդունել տարածաշրջանում առկա բոլոր թուրքական եւ ադրբեջանական աշխարհաքաղաքական պայմանները:
12. Թուրքիան Ադրբեջանում բացում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի երեք ռազմաբազա:
13. Թուրքիան զորքեր է կենտրոնացնում Արցախի եւ Հայաստանի սահմանների պարագծով:
Ի՞նչ են անում այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը.
1. Հայաստանի եւ Արցախի գրավյալ տարածքների (մասնավորապես՝ Քարվաճառի կողմից
եւ նաեւ Հայաստանի Սյունիքի մարզից) ռազմավարական դիրքերի եւ կետերի հանձնում:
2. Անհասկանալի իրավիճակ է ստեղծվում Արցախում տեղակայված հայկական բանակի
հետ կապված:
3. Պայմանագրային հիմունքներով հայկական բանակում ծառայող զինծառայողների հետ պայմանագրերը չեղարկվում են:
4. Փաշինյանի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է
արգելաբացել հաղորդակցությունները... Կարդացեք՝ թուրքերին Նախիջեւանից միջանցք տրամադրել Մեղրիով դեպի Ադրբեջան: (Հիշեցնենք, որ Մեղրիի միջանցքը հակահայկական պանտուրան նախագծի բաղկացուցիչ մասն է):
5. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը որոշ վերապահումներով փաստացի հաստատել է, որ
Ադրբեջանի քաղաքացիները կարող են ԱԶԱՏ այցելել Հայաստան՝ առանց վիզաների:
6. Հայաստանը պատրաստվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ինչը ինքնաբերաբար ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունում (հիշենք, որ դա ադրբեջանական կողմի հիմնական պայմանն է), ինչը, ըստ էության, նշանակում է Արցախի Հանրապետության իսպառ ապալեգիտիմացում եւ ոչնչացում:
7. Նիկոլականները քայլեր են ձեռնարկում նաեւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, ինչը նշանակում է սահմանի բացում եւ փաստացիորեն Հայաստանի կիսամեռ տնտեսության ոչնչացում: Ի դեպ, թուրքերի հիմնական պայմանները հետեւյալն են. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժումը Հայաստանի եւ սփյուռքահայության կողմից Հայ Դատի գաղափարներից հրաժարվելը (հետեւաբար՝ հրաժարվել նաեւ հայերին եւ Հայաստանին ֆինանսական փոխհատուցումից), եւս մի քանի գաղափարական գործոններ, օրինակ՝ Արարատ լեռը Հայաստանի զինանշանից հանելը եւ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելը:
Սա ընդամենը թուրքերի, ադրբեջանցիների եւ Նիկոլի քայլերի համեմատականի մի
փոքր կազմն է: Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է անհապաղ հեռանա, թե՝ ոչ:
Ինձ մի՛ պատասխանեք, ինքներդ ձեզ պատասխանեք... ինքդ քեզ չե՛ս խաբի», - այս մասին գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ :