Համբերության բաժակը վաղուց լցվել է. հունվարի 28-ին տեղի կունենա հայահավաք՝ տղամարդկանցով
Ներքաղաքական«Հայոց ազգային գվարդիա» նախաձեռնության հիմնադիր, կինոռեժիսոր, սցենարիստ ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին, ժամը՝ 15:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրում է հայահավաք տղամարդկանցով:
«Հունվարի 28-ին մենք հպարտությամբ տոնում էինք բանակի օրը, հպարտանում էինք մեր հաղթանակներով, մայիսի 8-9-ի եռատոնով, իսկ հիմա մեր տոները վերածեցին սգի: Բայց մենք չպետք է ամեն ինչ կորցրած համարենք: Հիշո՞ւմ եք Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքերը. «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա»: Հավատացած եմ, որ կա 100-200 հազար հայ տղամարդ, որոնք ներկայացնում են մեր բանակը: Ամեն ընտանիքի տղամարդ մեր ազգի բանակի ներկայացուցիչն է: Ուստի՝ հունվարի 28-ին առաջարկում ենք, որպեսզի մենք՝ տղամարդկանցով հավաքվենք ասելու ՈՉ եւ վռնդելու այս ապիկար, դավաճան, հանցավոր իշխանություններին: Մինչեւ հունվարի 28-ը քաղաքական ուժերը եւ այլք ունեն բոլոր հնարավորությունները դա անելու՝ իրենց մշակված եւ, ինչպես մեզ հավաստիացնում են, անցնցում մեթոդներով: Մենք էլ ենք կողմ անցնցում մեթոդներին, բայց ունենք արժանապատվություն, համբերություն, եւ այդ համբերության բաժակը վաղուց լցվել է: Պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք ամեն ինչի: Թող կանայք չգան…», - շեշտում է Արշակ Զաքարյանը:
Կինոռեժիսորը վստահեցնում է, որ ապացուցելու են` ազգ-բանակ ենք ու ամեն հայ տղամարդ մեր բանակի զինվորն է. «Կոչ եմ անում նաեւ արժանապատիվ գեներալներին, իմ ընկերներին, հարազատներին, ազատամարտիկներին՝ բոլոր նրանց, ովքեր հասկանում են, թե ինչ արեցին մեր գլխին, հավաքվել եւ ցույց տալ, որ չենք հանդուրժի այս նվաստացումը, դավաճանությունը: Մենք կանք եւ պատրաստ ենք մի մարդու նման բռունցք դարձած ցանկացած հարց լուծել հայի օգտին: Հունվարի 28-ին, ժամը՝ 15:00-ին բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում եւ տղամարդավարի պահանջենք, որ անմիջապես հեռացվի դավաճան իշխանությունը, ովքեր պատճառ դարձան մեր երկրի, մեր որդիների, մեր տղաների, մեր ընկերների, մեր հայրերի, մեր եղբայրների կորստի: Հավաքվենք տղերքով, ցույց տանք, որ մնացել է այս ազգում տղերք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ