Երաժիշտներն այսօր ոչ թե ստեղծագործելու, այլ հաց վաստակելու խնդիր ունեն
Մշակութային
Մի կողմից կորոնավիրուսը, մյուս կողմից պատերազմն իրենց բացասական հետեւանքներն ունեցան բոլոր ոլորտների վրա, բայց այդ շարքում մշակույթի համար իրավիճակը դարձավ ուղղակի աղետալի: Անելանելի վիճակում են հայտնվել անգամ առաջատար երաժիշտները, նրանցից ՀԱԿՈԲ ՕՐԴԱԿՅԱՆԻ հետ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը:
- Հակոբ, 2020-ը մեծ հարված հասցրեց նաեւ մշակութային գործիչներին: Ինչպե՞ս եք դիմակայում կորոնավիրուսային սահմափակումներին ու հետպատերազյան ճգնաժամին:
- Գլոբալ ասած՝ համբերությամբ, որովհետեւ մշակութային ճակատով պայքարելու տարբերակ չկա: Միջնադարում, օրինակ, հարվածային գործիքները պատերազմի ժամանակ ունեցել են իրենց առաքելությունը: Քանի որ չկար հրետանի եւ կրակող զենքեր, սառը զենքերի քայլերն ուղորդող դեր էր կատարում շեփորն ու հարվածային գործիքները: Իսկ մեր օրերում մնում էր ոչ թե ներկայացնել մեր մշակույթը, այլ ուղղակի կամավորագրվել Հայրենիքի պաշտպանությանը: Սա էր թելադրում պատերազմական դրությունը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ընդհանուր առմամբ մշակութային անկում է: Ամբողջ աշխարհում այս տարին կարելի է համարել մշակութային կյանքում չստացված, եւ Հայաստանը բացառություն չէր:
- Այլ երկրներում ինչ-որ կերպ կորոնավիրուսային սահմափակումներով պայմանավորված՝ մշակութային գործիչները որոշակի փոխհատուցում ստանում են: Իսկ Հայաստանո՞ւմ:
- Պետական նվագախմբերն աջակցություն ունեցել են՝ որպես պետական աշխատավարձ: Բայց, ինչպես գիտեք, պետական աշխատավարձ ասվածը, մանավանդ երաժիշտների դեպքում, այն գումարը չէ, որով կարելի է ապրել կամ գոնե գոյատեւել: Այն ինչ-որ սիմվոլիկ գումար է, մինչդեռ երաժիշտներն իրենց ապրուստի միջոցը վաստակում են տարբեր նախագծերի մասնակցելով եւ համերգային գործունեություն ծավալելով, որն այսօր չկա:
- Դուք հանդես եեք եկել արտասահմանյան հայտնի բեմերում՝ Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում, Staples Center-ում՝ ինչպես հայ էստրադային հայտնի կատարողների հետ, այնպես էլ՝ օտարազգի, այդ թվում՝ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթուրո Սանդովալի, Արչի Պենայի, Ռաուլ Դե Սոլի, Ռիչի Գարսիայի, Դանթայի եւ այլոց հետ: Հիմա կա՞ն միջազգային համագործակցության հեռանկարներ, թե՞ ամեն ինչ ավարտվեց այնտեղ, երբ սկսվեց կորոնավիրուսը:
- Համագործակցություն, որպես այդպիսին, կա ձայնագրությունների տեսքով եւ աշխատում ենք ձայնասկավառակների վրա: Առանձնապես չի էլ կարելի համարել միջազգային համագործակցություն, բայց, ամեն դեպքում, չեղած տեղից սա էլ է փրկություն, ինչ-որ հույս, որ պարապ չես մնում:
- Դուք համագործակցում եք Հայաստանի պետական ջազային նվագախմբի, «Շարակ» խմբի հետ։ Ի՞նչ իրավիճակ է այս երաժշտական խմբերում: Կա՞ն որոշակի ծրագրեր, հեռանկարներ:
- Դեռեւս չկան եւ դժվար էլ այս տարվա մեջ փորձենք ինչ-որ ծրագրեր իրագործել: Կարող է ինչ-որ փոքր մասշտաբի ակումբային, համերգային թեթեւ միջոցառումներ լինեն եւ տարին եզրափակենք գոնե այդպես: Իսկ ավելի մեծամասշտաբ համերգներ, երեւի, կլինի մյուս տարվա մեջ, որովհետեւ ոչ ոք դեռեւս տրամադրված չէ ինչ-որ համերգ նվագելու:
- Այս օրերին մարդիկ, կարծես, առհասարակ, խուսափում են երաժշտություն լսել՝ հաշվի առնելով, թե ինչքան կորուստներ ունենք: Բայց երաժշտությունը ամենածանր իրավիճակներում անգամ, այսպես ասած, հոգեթերապիայի դերակատարություն է ունեցել: Իսկ հիմա՞:
- Իսկապես, երաժշտությունն ունի ինչ-որ տեղ մարդկանց դեպրասիայից հանելու, այլ կյանքի տրամադրելու դերակատարություն: Ուղղակի, պետք է փորձենք օգտվել այդ հնարավորությունից, ինչը շատ դժվար է այսքան զոհերի ու վիրավորների պայմաններում: Բայց նաեւ պետք է ընդունենք, որ մեր զինվորներն ու կամավորներն իրենց կյանքը զոհում էին՝ հանուն մեր մշակույթի, հանուն մեր կյանքի ու պարտավոր ենք այն շարունակել: Չպետք է նրանց այդ զոհողությունը ջուրը գցել եւ անցնել դրա վրայով: Պետք է շարունակել պայքարել՝ ձեւավորելով ավելի ուժեղ մտածելակերպ: Ինչու ոչ, նաեւ մշակույթն ուժեղացնելով եւ ամբողջ աշխարհին ներկայանալով նորամուծություններով: Պետք է ամենքս այդպես տրամադրվենք:
- Համաձայնեք, որ հանրության ակնկալիքները մշակութային գործիչներից այսօր ոչ թե նոր ստեղծագործություններն են, այլ քաղաքական պրոցեսների, իրավիճակի վերաբերյալ, որպես ՀՀ քաղաքացի, դիրքորոշում հայտնելը…
- Կարծում եմ՝ երաժիշտներն ու առհասարակ արվեստի գործիչները պետք է զերծ մնան քաղաքականությունից: Ի վերջո, մեր գործը ստեղծագործելն է, ոչ թե առանց քաղաքականության մեջ խորանալու՝ մարդկանց գուցե սխալ ուղղությամբ ուղորդելը, ինչը կարող է շատ դեպքերում անդառնալի հետեւանքներ ունենալ: Իհարկե, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, որոնք արտահայտում են, բայց դրա արդյունքը միշտ չէ, որ տեղին է:
- Ասում եք՝ քաղաքականությամբ չզբաղվեն, ստեղծագործելու էլ հնարավորություն չկա, այս դեպքում՝ ի՞նչ անեն այսօր երաժիշտները:
- Ամեն դեպքում, ստեղծագործելը որոշակի չափով թեթեւացնում է իրավիճակը: Բայց, միեւնույն է, կենցաղային խնդիրները պետք է ինչ-որ կերպ լուծել եւ յուրաքանչյուր երաժիշտ ապրուստի միջոց է փնտրում: Ինձ թվում է՝ հայ ազգն ապրելու փոխարեն՝ միշտ էլ գոյատեւել է ու հիմա կարծում եմ՝ այն շրջանը չէ, որ կարող ենք բողոքել՝ մի տարի այս վիճակում լինելու համար: Չմոռանանք, որ ունեցել ենք 1991-94 թթ.-եր, երբ հայ ազգը դիմակայում էր պատերազմին, սովին ու ցրտին: Հուսանք, որ չենք վերադառնա այդ թվերը, թեպետ շատ մոտ ենք դրան: Կոնկրետ երաժիշտներն այսօր հաց վաստակելու խնդիր ունեն: Ստացվել է այնպես, որ մենք մի ամբողջ տարի գրեթե գումար չենք վաստահել եւ զուտ խնայողությունների, վարկերի հաշվին՝ լավ ապագայի հույսով գոյատեւել ենք:
- Միգուցե արդեն մասնագիտությունը փոխելու ժամանա՞կն է:
- Երաժշտի արյան մեջ է մշակութային կյանքը, երբեք չես կարող տրամադրվել եւ զբաղվել ուրիշ գործով: Գուցե երկար ժամանակ պահանջվի ու ուրիշ մասնագիտության տիրապետես, բայց, միեւնույն է, ուշ, թե շուտ վերադառնալու ես երաժշտությանը եւ կրկին նվագես:
- Որտե՞ղ նվագել, երբ կորոնավիրուսը չի նահանջում: Օնլայն հարթակ ջազը կարո՞ղ է տեղափոխվել:
- Ջազն այն երաժշտությունն է, որ օնլայն տարբերակով չես կարող մատուցել, այն լիակատար եւ լիարժեք չի հնչելու: Հույսներս մնում է միայն Աստծո վրա դնել, որ մի օր կվերականգնվեն շրջագայություններն ու համերգային ծրագրերը եւ կվերականգնվի բնականոն կյանքը: Իսկապես, ուրիշ տարբերակ չկա:
- Ո՞րն էր հայաստանյան վերջին մշակութային պայծառ օրը՝ մինչեւ պատերազմի սկսվելը:
- Վերջին պայծառ կետը սեպտեմբերին էր՝ ջազգային փառատոնի շրջանակում, որը կայացավ Տավուշում: Այդ ժամանակ հույս ունեինք, որ կավարտվի կորոնավիրուսի սահմանափակումները, բայց, ավաղ, սկսվեց պատերազմը… Դեռ հույս կար, որ ամեն ինչ ավարտ կունենա, կսկսվի նոր իրավիճակ: Չնայած՝ հիմա էլ հույսներս չենք կորցնում, նույն Հայաստանի պետական ջազային նվագախմբի հետ նախատեսում ենք համերգներ, որոնք կտեղափոխվեն մյուս տարի եւ կունենանք արտերկրից ժամանած հյուրեր: Նախատեսում ենք հեղինակային ալբոմի թողարկում: Լիահույս եմ, որ մյուս տարվա մեջ ոչինչ չի խանգարի այս ամենը կյանքի կոչելու համար: Յուրաքանչյուրս պարզապես պարտավոր ենք ավելի մեծ ներուժով ու խանդավառությամբ շարունակել մեր գործունեությունը եւ ինչ-որ ձեւ օգտակար լինել մեր ազգին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ







