ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Այն, որ տխրահռչակ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ չհայ է, նորություն չէ: Ինքն էլ էր խոստովանել. «Ես հայ չեմ, ես հայաստանցի եմ»: Նրա կողմից թրքաբարո դրսեւորումներն այնքան շատ են, որ թվում էր` այլեւս զարմանալու տեղ չկա: Սակայն Ֆեյսբուքում հայտնվել է մի ապշեցուցիչ պատմություն, որը պատմել են արցախցիները. «Ուրեմն 2018-ի աշնանը սա գնում է Արցախ` Արցախի բրենդինգի ձեւավորմանը նվիրված կոնֆերանսին մասնակցելու ու ներկաների հետ կիսվում է Արցախը գովազդելու իր «տեսլականով»: Առաջարկում է Ամարասը աշխարհին ներկայացնել ոչ թե որպես Մեսրոպ Մաշտոցի կողմից Արցախի հիմնադրած առաջին դպրոցով, ոչ թե 4-րդ դարի վանքով, այլ աշխարհի ամենահին զուգարանով... Ճիշտ կարդացիք` զուգարանով: Անհայրենիք սրիկայի խոսքերով` դե, հին վանքեր աշխարհում շատ կան, իսկ, այ, զուգարան` չէ... Անտեղյակների համար ասեմ, որ Ամարասի արեւելյան եւ արեւմտյան պարիսպներին կից իրոք երկու զուգարան կա, բայց դու պետք է լինես աշխարհի ամենավերջին անասունը, որպեսզի Ամարասն աշխարհին ներկայացնես հենց դրանցով»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է ընթերցողին ասել` այստեղ կարող էր լինել ձեր հայհոյանքը:
Ի՞նչ եք կարծում, Ազգային ժողովի կարեւորագույն անելիքը ո՞րն է այս դժնդակ ժամանակներում: Եթե ենթադրում եք, որ ազգի եւ պետության հրատապ խնդիրներն են, ապա զարմանալիորեն սխալվում եք: Սույն պարգեւավճար ծծող հիմնարկի կարեւորագույն անելիքն է ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին իշխող խմբակցության նախաձեռնության քննարկումն է: Ընդ որում, տիկին Զոհրաբյանին ուզում են պաշտոնանկ անել այն բանի համար, որ օգտագործել է «ժեխ» բառը դրա բուն` բացասական իմաստով: Զարմանալի է` աղբը բողոքում է այն բանի դեմ, որ իրեն աղբ ես կոչում: Բա էլ ի՜նչ կոչես այն դժբախտ եւ դժգույն մանդատավորներին, որոնք ոգեւորվելով ոստիկանների պաշտպանությունից, աքլորանում են եւ բռունցքներով ու ամենակեղտոտ հայհոյանքներով հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա: Շատերը զարմանում են, թե այդ` դժբախտ մանկություն ունեցած երեւույթները, ում գլխին սեփական թաղամասում «ճլոտի» էին տալիս բոլորը, որտեղից են սովորել այդպիսի հայհոյանքներ: Ասեմ, թե որտեղից` ֆեյսբուքյան ֆեյքերից: Դե, էկրանի հետեւից, կեղծանունով շատ հեշտ է հայհոյել, իսկ հիմա էլ ոմանք պահի տակ կորցրել են իրենց, եւ իրենց թվացել է, որ մշտապես են պաշտպանված լինելու ոստիկանական պատով: Բայց, ինչպես կասեր ժողովուրդը, դեռ տաք են...
Այդ մանդատավորների զարմանալի պահվածքին անդրադարձել է եւ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ. «ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր անց լքված, բախտի քմահաճույքին թողնված տղերքի մասին: Հետո նորից նայում եմ սրանց լպիրշ պահվածքին ու հիշում թուրքի ձեռքերում առ այսօր մնացած հարյուրից ավել մեր զինվորականների մասին: Հետո կրկին սրանց բարոյազուրկ զանգվածն է գալիս էկրանին ու հիշում եմ հազարավոր դեռեւս անանուն զոհերի, սառնարաններում պարկերով պահվող մասունքների մասին: Հետո հիշում եմ երեկ երեկոյան Արցախում կռիվ տվող անհայտ տղերքի եւ երեք օր առաջ «վրիպակներով» զոհվածների ցուցակը տանել-բերելու մասին: Ու մտածում եմ, թե մենք ինչ համբերատար ու բարեգութ ժողովուրդ ենք»: Այո՛, անհանդուժելիորեն բարգութ ժողովուրդ ենք, այդ պատճառով ամեն մի մուտանտ կարողանում է շարունակել իր անհանդուրժելի պաշտոնավարումը: Ե՞րբ ենք վերջապես մի քիչ վայրենանալու:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ