ԹԵԺ ԶՐՈՒՅՑ. Ով էր Հակոբյանի այն «ախրանիկը», որ թույլ չտվեց գնդապետին մուտք գործել բունկեր
ՏեսանյութերՊատերազմի բացթողումների, հետպատերազմյան ճգնաժամի, երկրում առաջացած քաոսային իրավիճակի, պատերազմի օրերին վարչապետի աթոռը ստանձնած Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի բունկերում անցկացրած արկածների, «էրատո» ջոկատի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Իրավունք TV»-ով հեռարձակվող «Ազատ խոսք» հաղորդաշարի հեղինակ, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր, ճանաչված լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ հետ, ով մինչ զրույցը սկսելը նախ իր վշտակցությունը հայտնեց մեր հերոս տղաների ծնողներին. «Խոնհարվում եմ բոլոր հերոս տղաների առաջ, համբուրում եմ բոլոր ծնողների ձեռքերը եւ ներողություն խնդրում»:
Ո՞վ է Հակոբյանի «ախրանիկ» կոչվածը, որ թույլ չի տվել գնդապետը մուտք գործի բունկեր
Ապա անդրադառնալով ստեղծված իրավիճակի պատասխանատուներին` եւ թե ինչու ունեցանք այն, ինչ ունենք, տիկին Զարգարյանը նախ նկատեց.
– Եթե մենք համադրում ենք հայտարարությունները, որոնք հնչել են գեներալիտետի, տարբեր փորձագետների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների շուրթերից, տեսնում ենք, որ այդ անհամերաշխությունը դոմինանտ է եղել նաեւ ռազմի դաշտում: Ես ռազմական փորձագետ չեմ, որպեսզի զուտ այդ պրիզմայով ներկայացնեմ, բայց կփորձեմ փաստերը համադրելով ներկայացնել այն տպավորությունները, որոնք ես ստացել եմ այդ հայտարարությունները համադրելով:
Տեղի է ունեցել գեներալիտետի կազմաքանդում, հեռացրին բոլոր վաստակաշատ, ճանաարհ անցած գեներալներին, ովքեր Արցախի ամեն մի ծառի, թփի տեղը գիտեին: Իսկ Արցախի քարտեզների հետ, փաստորեն մոտիկից գնացել էին ծանոթանալու Տ. Ավինյանը, բունկերում հանգրվանած վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
– Դե, պարոն Փաշինյանն ասաց, որ Աննա Հակոբյանը գնացել էր ընդամենը բարոյական աջակցություն ցուցաբերելու:
– Ես, իհարկե, անդրադառնալու եմ նախկին իշխանություններին, բայց պետք է ասեմ, որ նախկին իշխանության օրոք որեւէ տիկին չի հայտնվել բունկերում բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալու եւ հաղթանակներ կերտելու` ո՛չ Բելլա Քոչարյանը, ո՛չ երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանը, ո՛չ ԼՏՊ-ի կինը` տիկին Լյուդմիլան: Որեւէ մի պատերազմի օրոք չի ծնվել սպարապետ Աննա Հակոբյան: Այսինքն` ինչ էին անելու բունկերում, ում էին բարոյահոգեբանական աջակցություն ցույց տալու: Ես ամենեւին Աննա Հակոբյանին վիրավորելու միտում չունեմ, բայց եթե նա ի վիճակի էր բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու` ճիշտ կաներ, որ բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերեր առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին: Ով հավանաբար իր ներքին հուզմունքներից, ներքին տագնապներից` զանգահարում, եւ կներեք, բայց պետք է ասեմ, որ զանգահարում եւ գժվացնում էր զինվորին: Մասնավորապես հետաքրքրվելով, թե զինվորը տվյալ պահին որտեղ է գտնվում, ինչ զինատեսակով է կռվում: Եվ հետո, հետաքրքիր է, իսկ իրավապահները փորձեցի՞ն ճշտել, թե ինչով էր զբաղված Աննա Հակոբյանը բունկերում: Կամ պարզե՞լ են, թե Աննա Հակոբյանի "ախրանիկը" ինչ իրավունք ուներ թույլ չտալու գնդապետին մտնել բունկեր` կառավարման կենտրոն, գուցե այդ գնդապետը րոպեների ընթացքում այնպիսի կարեւոր նշանակության ինֆորմացիա պետք է փոխանակեր: Ո՞վ է Հակոբյանի «ախրանիկ» կոչվածը, որ թույլ չի տվել գնդապետը մուտք գործի բունկեր:
«Էրատո» ջոկատը քանի՞ սանտիմետր հող կարողացավ ազատագրել
– Իրավապահ կառույցները, կարծում եմ, ի գիտություն են ընդունել Փաշինյանի հայտարարությունը, որ տիկին Հակոբյանը վարչապետի ցանկությամբ է գործուղվել բունկեր:
– Եթե շատ էին ուզում իրենք մարդասիրություն, հայրենասիրություն ցուցաբերել` նրանք կարող էին այդ աջակցությունը ցուցաբերել հայ զինվորին, հայ ընտանիքներին, ովքեր մինչ օրս ողբում են, սգի մեջ են, որդեկորույս մայրը փնտրում է իր զավակին, ինչ բունկեր, ինչ բարոյական աջակցություն, գոնե սուգը կարողացեք հարգել: Եթե ինքներդ չեք կարողանում հարգել, թույլ տվեք ազգը սգա:
– Տիկին Հակոբյանը, բացի բարոյական աջակցություն ցուցաբերելուց նաեւ «Էրատո» հայտնի անունով ջոկատ էր կազմել:
– Իսկ այդ «Էրատո» ջոկատը քանի՞ սանտիմետր հող կարողացավ ազատագրել:
– Սպասում էին մարտական առաջադրանքի:
– Ո՞ւմ մարտական առաջադրանքին, մեկը լիներ Պաշտպանության նախարարին պատրաստեր մարտի: Դուք էնքան պատրաստված էիք, որ մի հատ էլ այդ ոսկի ժամանակը օգտագործել եք «Էրատո» ջոկատ պատրաստելու համա՞ր, որ սպարապետ Աննա Հակոբյանը գնալու էր` ասենք, Ստամբուլը արյան ծո՞վ դարձներ, հետ գար:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
Զրույցի ուշագրավ հատվածները դիտեք «Իրավունք TV»-ի եթերում` այցելով ինչպես յութուբյան էջ, այնես էլ iravunk.com կայքէջ: