Իշխանությունները կարծում են, թե հայությունից մնացել է հայոց լեզուն. արձակագիր
Հասարակություն
Տևական ժամանակ է, ինչ գործող իշխանություններն ուղղորդված արշավ են սկսել ընդդեմ հայագիտությանը:
Նախ մեկ տարի առաջ հայագիտական առարկաներն ըստ ԿԳՄՍ-ի աղմկահարույց որոշման ԲՈՒՀ-երում դարձավ կամընտրական, իսկ ահա հիմա էլ ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-2021 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը. բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը:
Այս մասին զրուցեցինք արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանի հետ:
- Տիկին Փալանդուզյան, տևական ժամանակ է, ինչ գործող իշխանություններն ինչ-որ անհասկանալի ԿԳՄՍ նախարարության հետ միասին արշավ են սկսել ընդդեմ հայագիտությանը: Ի՞նչ է սա նշանակում:
- Ոչ մի զարմանալի բան չկա, ինչպես նշվեց, հենց այս կառավարությունն է որոշել հայոց լեզվի և գրականության ընդունելության քննությունը դարձնել այլընտրանքային, այն է՝ ոչ պարտադիր: Ինքնախաբկանքի այն փուլում են, որ արդեն կարծում են, թե հայությունից մնացել է հայոց լեզուն, դա էլ կարելի է գրչի մի հարվածով անցյալ ուղարկել ու իրենց հայակործան դավադրությունը համարել ավարտված: Ինչպես մնացած, այս հարցում էլ դատապարտված են, քանի որ ես տեսնում եմ՝ այսօր ոտքի է կանգնել մեր ժողովրդի լավագույն հատվածը և նա երբեք թույլ չի տա խաղալ իր արժանապատվության հետ, ամեն գնով կպաշտպանի ազգային ունեցվածքը, որի գլխադասային արժեքը մայրենի լեզու է: Իշխանազավթմանը հաջորդած առաջին իսկ շաբաթներին արդեն պարզ երևում էր, որ հայոց լեզուն սրընթաց գահավիժում է, վարչապետի գռեհիկ բառապաշարից մինչև զոմբիների փողոցային լուտանքները՝ ներծծված էին տգիտության աննախադեպ ցուցանքներով: Ես տարիների տքնաջան աշխատանքով գրել եմ «Լեզվաոճական ուղեցույց» և «Գործածական բառացանկ» գրքերը ու մեծագույն պատասխանատվությամբ հրապարակում էի Դիմագրքում, արձագանքում օգտատերերի հարցերին ու կարծիքներին, որոնք անչափ խրախուսական էին: Համոզված էի, որ լավ բան եմ անում, բայց սրանց գալուց հետո դադարեցրի, ահավոր շփոթված էի, մեր լեզուն աչքիս առաջ բզկտվում էր: Հիմա լավատես եմ, հույս ունեմ, որ այս ամբողջ մղձավանջը շուտով կավարտվի, ու հայոց լեզուն մեր կյանքում կգրավի միայն իրեն վերապահված փառահեղ գահը: Հայն առանց հայոց լեզի՝ ինչպես ծառն առանց արմատի, իսկ մենք գիտենք, մեր պատմությունն էլ վկայում է, որ դա պարզապես անբնական է:
Հայկ Գևորգյան