Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել՝ երբ մենք սկսեցիք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սևեր, արցախցիներ-հայաստանցիներ, մենք հայ ենք. Դադիվանքի վանահայր
Ներքաղաքական
Այսօր ես շատ տխուր եմ։ Տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխուր եմ նրա համար, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում է այնտեղ, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ։ Այս մասին ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում տերունական աղոթքն ավարտելուց հետո։
«Կարո՞ղ եք ասել՝ պատճառը որն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք։ Հպարտությունը մեծ մեղք է, այսօր բազում երկրներ, գերտերությւոններ, որոնք պատերազմի մեջ չեն, բայց չեն ասում՝ հպարտ քաղաքացիներ, իսկ մենք, կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում»,-ասաց վանահայրը՝ հավելելով, որ այժմ քաղաքացիները եկել են Ազատության հրապարակ՝ արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել և, եթե կան այդպիսինները, խնդրում է՝ վաղը, մյուս օրը հավաքվեն և գնան այնտեղ, որտեղ պետք է կռվել, այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սասում, մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է։
Նրա խոսքով՝ այսօր Դադիվանքի պարսպի պատերի տակ թուրքն է քայլում, երեկ ուդիներն այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայությամբ և այսօր դրա մասին է պետք մտածել, մենք պետք է հզորանանք՝ մեր հավատքի, մեր սիրո մեջ։
«Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել՝ երբ մենք սկսեցիք մեր ժողովրդի մեջ պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սևեր, արցախցիներ-հայաստանցիներ, մենք հայ ենք»,- ասաց Տեր Հովհաննեսը։