Այնպիսի տպավորություն է, որ Արցախն արդեն հանձնել են, մենք էլ համաձայնվել ենք դրա հետ. Արա Աբրահամյան
Ներքաղաքական
Հայաստանյան գիտական, մշակութային, քաղաքական եւ փորձագիտական շրջանակների հետ տեսակամուրջի միջոցով աշխատանքային հանդիպում ունեցավ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Ներկա էին ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարսա Ալավերդյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ պրոֆեսոր, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ԱՊՀ երկրների պատվավոր սահմանապահ, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը եւ այլք:
Ա. Աբրահամյանը ներկաներին ասաց, որ լայմամասշտաբ ծրագրեր են նախատեսում իրականացնել Արցախում՝ կառուցելով տներ, գործարան եւ աշխատատեղեր ստեղծելով: Նա կարեւորեց, որ Արցախը հայաթափ չլինի, որպեսզի տեղի չունենա այն, ինչ եղավ Նախիջեւանում. «Երբ Երեւանում էի, շատ մարդիկ ինձ խնդրում էին, թե պարոն Աբրահամյան, գարունը գա, սահմանն անցնելու թույլտվություն լինի, գանք Ռուսաստան էլի, էլ չենք կարողանում այստեղ դիմանանք: Մենք հիմա այդ մոտեցումը պետք է փոխենք: Պետք է մեր ներդրումն ունենանք, որպեսզի այդ մարդիկ մի քիչ ուրիշ ձեւ մտածեն»:
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը հստակ ակնարկեց, որ իրենք պատրաստվում են աջակցել այն հայաստանցիներին ու արցախցիներին, ովքեր կմնան երկրում, իսկ ովքեր պատրաստվում են արտագաղթել, նրանց որեւէ աջակցություն չի լինի:
«Ալիեւն ասում է՝ Արցախում իմ քաղաքացիներն են, ես իրենց համար տներ կկառուցեմ, դուք ի՞նչ գործ ունեք այդտեղ ուղղություն ցույց տաք իմ քաղաքացիներին, ես ամեն ինչ կանեմ, կկառուցեմ: Սա գալիս է նրանից, որ ամբողջ հայ ազգը քննարկում է, թե ինչ ասաց Ալիեւը, ինչպես ասաց, թե տեսեք՝ Զանգեզուրն էլ է ուզում, ասում է՝ դատի կտանք: Բայց մենք ոչ մի պատասխան չենք տալիս: Մինչդեռ պայմանագիր ունենք, Մինսկի խումբ ունենք եւ, ի վերջո, չէ որ պատերազմը ինքն է սկսել: Իսկ այդ մասին մասսայական ոչ ոք չի խոսում: Բոլորը քննարկում են, թե ինչ ասաց Ալիեւն ու լացում են, բայց ինչո՞ւ իրենց դատի չենք տալիս, օրինակ, անթույլատրելի զինամթերք օգտագործելու համար: Հայերի միութունը պետություն չէ, որ մենք զբաղվենք այդ հարցով: Իսկ հայաստանյան իշխանությունն այնպիսի տպավորություն է, որ Արցախն արդեն հանձնել են, ու մենք էլ համաձայնվել ենք այդ ամենի հետ», - ասաց Ա. Աբրահամյանը:
Անելիքների առաջնահերթությունների շարքում Ա. Աբրահամյանը կարեւորեց պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած տղաների ժամանակակից պրոթեզավորման հարցը, ինչիը համար անհրաժեշտ կլինի նոր արտադրություն ստեղծել:
Ինչ վերաբերում է գերիների հարցին, Ա. Աբրահամյանը հորդորեց դիմել ոչ միայն ՌԴ-ին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարներին. «Նրանք պարտավոր են զբաղվել այս հարցով»:
Ի դեպ, պարզվում է՝ Ռուսաստանը մինչեւ հիմա չի կարողանում Հայաստանից ստանալ գերիների եւ անհետ կորածների ամբողջական ցուցակ, ինչը խոչընդոտներ է ստեղծում նրանց որոնման եւ հետ վերադարձի հարցով ավելի արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ