ԵԹԵ ԽՍՀՄ-Ի ՔԱՐՏԵԶԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆՔ, ԱՊԱ ԽՆԴԻՐ ԿԱ. ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
Հասարակություն
Սյունիքում որեւէ բնակավայր վտանգվա՞ծ է ներկա պահին: Հաշվի առնելով այն, որ տարաբնույթ տեղեկություններ կան Ադրբեջանին հավանական անցնող տարածքների վերաբերյալ: Սյունեցիներին մտահոգող հարցերի շուրջ զրուցել ենք Կապանի համայնքապետ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով վերը նշված խնդրին` նախ փաստեց.
- Այս պահին մեզ ոչ ոք նման բան չի տեղեկացրել: Հիմա մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ մինչեւ ամսի 10-ը կանգնած էինք: Մնացածն արդեն հետագայի հարց է, չգիտեմ, թե ի՞նչ բանակցություններ կլինեն, ի՞նչ կանեն դիվանագետները: Այս պահին կառավարության հետ նման քննարկումներ չեն եղել, բայց հուսով եմ, որ կլինեն:
- Այսինքն` չե՞ք բացառում, որ հետագայում խնդիրներ կարող են առաջանալ:
– Ըստ էության, ոչինչ չեմ բացառում: Բայց ինչպես ասացի, մեզ հետ որեւէ մեկը այդ հարցով որեւէ քննարկում չի իրականացրել:
- Տեղեկություններ կան, որ հիմք են ընդունվում ԽՍՀՄ սահմանները: ԽՍՀՄ սահմանները հասնո՞ւմ են մինչեւ Կապան:
- Եթե ԽՍՀՄ-ի քարտեզը ուսումնասիրում ենք, ապա խնդիր կա, այո, եւ բավականին լուրջ է այդ խնդիրը: Եթե ԽՍՀՄ սահմաններով վերցնենք, ապա, մոտենում են քաղաքին, ինչը բավականին լուրջ խնդիր է:
- Եթե այդ խնդիրները գործնականում իրագործվեն, ո՞րն է լինելու, որպես քաղաքապետ, Ձեր քայլը:
- Մեծ հույս ունեմ, որ մեր կառավարությունը այդքան ապիկար չի լինի, որ բանակցությունների արդյունքում հասցնի մեզ այդ լուծմանը: Առիթից օգտվելով` ուզում եմ փաստել, որ Կապանի բնակիչների մոտ կա ընդամենը մտահոգություն, բայց ոչ խուճապ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ