"ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՐԿԱԲԵԿԵՑ ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ, ԱՅԼԱՍԵՐԵՑ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ" ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ
Մշակութային
Երկրում տիրող իրավիճակի շուրջ զրուցեցինք Համահայկական գրողների միության նախագահ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԻ հետ:
– Պարոն Ափինյան, Համահայկական գրողների միությունը Ձեր նախագահությամբ պահանջում է Նիկոլ Փաշինյանի եւ Կառավարության հրաժարականը կմանրամասնե՞ք:
– Փաշինյանի կառավարման ողջ ժամանակահատվածը ձախողումների ու ազգային իսկական աղետի ժամանակաշրջան եղավ: Սակայն գրողների միությունում մեր քննարկումները ցույց տվեցին, որ դա ավելի շուտ հայոց պետականության կործանման գիտակցված ծրագիր էր: Տեսեք` Փաշինյանը վարկաբեկեց հայոց հաղթական բանակի գեներալներին, այլասերեց հայ մշակույթը, կործանեց մեր կրթական համակարգը, քանդեց Սահմանադրական դատարանը, հնարավոր ամեն բան արեց կորոնավիրուսը Հայաստանում տարածելու համար: Իր կառավարման տարիներից մնացին իր անբարո հարձակումները հայ եկեղեցու, Երեւանի պետհամալսարանի եւ Ակադեմիայի դեմ: Մենք գիտեինք, որ պատերազմն է մոտենում, ինքն էլ գիտեր, եւ ամեն բան արեց, որ պատերազմից առաջ քանդի մեր պետության հիմքերը: Մեր բոլոր բարեկամներին սարքեց մեզ թշնամի, բանակը լցրեց իր ապազգային կադրերով, զորքի ռազմական համալրումը դադարեցրեց, 44 օր խաբեց մեզ պատերազմի օրերին` արդյունքն այս խայտառակությունը եղավ: Ես ողջ Հայոց պատմության մեջ նման գլոբալ դավաճանության այլ օրինակ չգիտեմ: Նորից ուզում եմ կրկնել` սա ձախողում չէր, այլ գիտակցված թշնամանք հայ ժողովրդի դեմ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Տիգրան Ավինյանի կողմից իր գրասենյակի աշխատակիցներին "բարեխիղճ աշխատանքի" համար դրամական պարգեւատրմանը:
– Պարգեւատրումներն առհասարակ անթույլատրելի են մի երկրում, որ խեղդվում է գործազրկության սոսկալի չափերից: Մեր կարծիքն այն է, որ նախարարն ու պատգամավորը պիտի վարձատրվեն այնքան, որ ուսուցիչը: Ուրեմն առավել եւս մեղք է պարգեւավճար տալ գործ չանող պաշտոնյաներին: Ես Փաշինյանի կադրերին էլ գիտեմ` անգրագետ, անշնորհք մարդիկ, որ իրենց շեֆի օրինակով ու հանձնարարությամբ քանդեցին մեր երկիրը: Պետությունը իր հսկայական ռեսուրսներով պրոպագանդում էր պիղծ գրականություն, դրամաշնորհ էր տալիս անբարո գրող Նառա Վարդանյանին, որ գրում է հոր հետ ունեցած "սեռական հարաբերության" մասին: Մշակույթի անիրազեկ փոխնախարար Նարինե Թուխիկյանը իմ ներկայությամբ հայտարարեց, որ Հայաստանի ազգային գրադարանի համար պատվաբեր չէ կապը Ռուսաստանի ազգային գրադարանային ցանցի հետ: Այս կադրերը, որ օտար գործակալական ցանցն են ներկայացնում, պիտի չքվեն Նիկոլի հետ, սրանք Հայաստանում այլեւս տեղ պիտի չունենան, բայց ցավոք հենց սրանք են ստացել պարգեւավճարներ...
– Եթե դեմ առ դեմ հանդիպեք Նիկոլ Փաշինյանին ի՞նչ հարց կուղղեք նրան:
– Նիկոլը քաղաքական դիակ է, ես իրեն ասելիք այլեւս չունեմ: Հույս էլ չունեմ, թե հրաժարական կտա: Լավ կլինի, որ իրեն բժիշկները քննեն` իր հոգեկան հիվանդությունն ու ազգությունը, որ մեզ համար դեռ պարզ չէ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ