Թուրքը Կապանի տակ է հասել, դրա ի՞նչն է նորմալ. Բալասանյան (Տեսանյութ)
ՏեսանյութերՍյունիքի նախկին մարզպետ, այժմ իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանն անվրդով ասում է. «Խաղաղապահ եւ ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, հասել են Կապան համայնքի տակ՝ արտառոց բան չկա»: Եվ մինչ այս օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի նոր սահմանն է գծվում եւ հասել են ընդհուպ մինչեւ Կապան, իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ ու ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը ոգեւորված սկսել են խոսել Ադրբեջանի հետ հնարավոր առեւտրաշրջանառության մասին: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
- ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարին ուղղակի խորհրդի կարգով կասեի, որ այդ պաթոսախառը հայտարարություններից գոնե այս պահին զերծ մնա: Պետք է որոշակի ազգային արժանապատվություն ունենալ, մեր տղաների մարմինները դեռ չի սառել, բայց արդեն խոսում են անհասկանալի, մշուշոտ ապագայում Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառության մասին: Ընդ որում՝ առեւտրաշրջանառություն մի երկրի հետ, որը տնտեսական շրջափակման է ենթարկել մեզ: Եթե նուրբ եւ չափավոր փորձեմ արտահայտվել, մեղմ ասած, մի փոքր չեմ պատկերացնում: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմաններին, ինձ մոտ հարց է առաջանում՝ մեր արտաքին գործերի գերատեսչությունը, որ խոսում է փայլուն դիվանագիտական հաղթանակի մասին, կարո՞ղ է պատասխանել, որ եթե գնում է սահմանի դեմարկացիա, այսինքն՝ ճշգրտում, ինչո՞ւ է այն լինում միակողմանի: Ճամբարակի տարածաշրջանին պատկանող գյուղերի՝ Մարտունաշենի, Արծվաշենի, հայաբնակ անկլավերների հետ կապված հարցը ինչպե՞ս պետք է որոշվի: Եվ վերջապես՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը նույնիսկ զինադադար չէր, առավել եւս հաշտության պայմանագիր չէր, ինչո՞ւ պետք է Արցախի հարցում ստորագրված այդ հայտարարության համար Տավուշի մարզից գյուղեր անցնի Ադրբեջանին: Ի՞նչ կապ ունի արցախյան հարցը հայ-ադրբեջանական ընդհանուր սահմանի հետ: ՀՀ նախկին իշխանությունները՝ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երբեք չեն ասել հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, այլ ասել են՝ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտ՝ քաջ գիտակցելով, որ փոխհատուցման եւ մյուս հարցերով Հայաստանը չի կարող եւ չպետք է իր վրա պատասխանատվություն վերցնի: Եվ դրանով ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ չկա, հետեւաբար Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը նվազագույնն անհիմն է եւ խախտում է բոլոր միջազգային նորմերն ու կոնվենցիաները: Ուստի՝ այս պարագայում, առանց վերջնական համաձայնագրի, չեմ հասկանում, թե ինչու է այսքան արագ այդ սահմանային ճշգրտումներն արվում: Ինձ համար զարմանալի է, որ որոշակի պատգամավորներ հայտարարում են, թե արտառոց բան չկա: Թուրքը Կապանի տակ է հասել, դրա ի՞նչն է նորմալ: Ընդ որում՝ այդ մասին հայտարարում է մարդ, ով եղել է Սյունիքի նախկին մարզպետը հեղափոխությունից հետո: Իսկ գործող մարզպետը հրաժարական է տալիս եւ ասում է, որ չի կարող այլեւս այս զիջումների պայմաններում աշխատել: Հիմա ո՞վ է ստում: Հարցեր կան, որոնց պատասխանները դեռեւս հայ հասարակությունը չգիտի, բայց պարտավոր է իմանալ: Ըստ էության, մեր հայրենիքից ինչ-որ կտորներ է բաժանվում, ինչ-որ սահմաններ են գծվում, ընդ որում՝ GPS-ով, Խորհրդային միության քարտեզն են առաջ բերում: Բա ժամանակին ասում էին, թե Խորհրդային միությունը չարիքի կայսրությո՞ւն էր: Իսկ միգուցե հիմա պետք է Խորհրդային միության ժամանակ գծված սահմաննե՞րը վերանայել եւ ճշգրտել, այլ ոչ թե խուլ ու համր կերպով առաջնորդվենք այդ քարտեզներով: Կամ եթե քարտեզներով սահման է գծվում, գոնե հնարավոր է չէ՞ այդ ազգաբնակչությանը տեղեկացնել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Մանրամասները դիտեք տեսանյութում: