«Փաստ»․ Պարտության ու կապիտուլյացիայի պարագայում ինչի՞ շուրջ պետք է կառուցվի մեր ապագայի տեսլականը
Մամուլի տեսություն
«Պատերազմում կրած պարտությունից ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո հասարակության մեջ այս օրերին իշխում են մի կողմից զայրույթը, իսկ մյուս կողմից էլ հիասթափությունը։ Ճիշտ է՝ տեղի ունեցածի շուրջ բազմաթիվ վերլուծություններ անելու և դասեր քաղելու անհրաժեշտություն կա, սակայն առավել քան կարևոր է այս շրջանակում ուրվագծել, թե որն է լինելու մեր ապագայի տեսլականը։ Երկրորդ կարծիք չկա այն հարցում, որ այսպիսի ծանր իրավիճակից արագ դուրս գալու համար անհրաժեշտ է ունենալ հզոր հայրենիք, սակայն հարց է, թե ինչ քայլերի հաջորդականության միջոցով կարելի է հասնել պետության հզորացմանը, երբ այդ նպատակին հասնելու ճանապարհին երկրի առաջ բացվում են նոր խնդիրներ և մարտահրավերներ։
Ուստի նոր և կոմպետենտ իշխանություն ձևավորելու խնդիրն ավելի հրատապ է դառնում, որը պետք է կարողանա մեկ հարկի տակ հավաքել պրոֆեսիոնալների և ընդունակ գործիչների։ Նոր իշխանության առաջին քայլը պետք է լինի հանրությանը կոնսոլիդացնելը և համախմբելը։ Իսկ դա ենթադրում է, որ պետք է վերջ դրվի ներքին ատելության և թշնամանքի գեներացմանը և հասարակությանը սպիտակների ու սևերի բաժանելու քաղաքականությունը, որը Փաշինյանի քաղաքական անբովանդակ ուղեգծի անբաժանելի մասն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ առաջին պլանում դրվի համազգային օրակարգի հարցերի իրականացումը։ Հանրային-քաղաքական մթնոլորտում ներդաշնակության հաստատմանը զուգահեռ շատ կարևոր նշանակություն ունի նաև երկրի տնտեսության զարգացումը։
Ժամանակակից իրողությունների պարագայում ուղղակի անհրաժեշտություն է նորագույն սպառազինությունների տիրապետելը։ Անելիքները շատ են նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի խարխլված միջազգային հեղինակությունը։ Իսկ սա ենթադրում է Հայաստանը նախաձեռնողականություն պետք է դրսևորի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները նորոգելու ուղղությամբ։ Պետք է աշխատել նաև հարևան Իրանի, եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Իսկ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի մեկնարկի պայմաններում հայկական կողմի կարևոր քայլերից պետք է լինի դիվանագիտական ճանապարհով քայլ առ քայլ հաջողությունների հասնելը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: