ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆԵՆԳԱՓՈԽԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Միջազգային
(սկիզբը` թիվ 126-128-ում)
ԻՆՉ ԷՐ ԵՐԱԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ 2016-17ԹԹ.-ԻՆ
Երկրորդ խնդիրը, որն Ապրիլյան պատերազմից հետո ստացավ Ալիեւը, ռազմական հարթությունում էր: Պատերազմն ու հետպատերազմական իրավիճակը ցույց տվեց, որ անկախ Ադրբեջանի ռազմական ծախսերի ծավալներից, Հայաստանի հետ ունեցած ռազմական բալանսը կտրուկ կերպով Բաքվի կողմ շրջել չէր ստացվում: Այն կարգի, որ դա բլիցկրիգի հնարավորություն տար: Օրինակ, եթե 2017-18թթ.-ից սկսած արդեն նկատելի էր, որ Ադրբեջանը փորձում է առաջ շարժվել ԱԹՍ-ների համակարգը զարգացնելու ուղղությամբ, ապա 2017թ. ՀՀ զինուժի արդիականացման պլանը նախատեսում էր ՀՕՊ համակարգի արդիականացում, ընդ որում, ինչպես օրերս ներկայացրեց այն ժամանակներում ՀՀ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, ամենաարդիական համակարգերով, որի տակ դրված էրն կոնկրետ պայմանագրեր, ֆինանսավորում եւ այլն: Իսկ դա միանգամից չեզոքացնում էր ԱԹՍ-ների արդիականացման ադրբեջանական պլանները՝ ռազմական փոխհարաբերությունները պահելով բալանսային վիճակում: Սրանից զատ Բաքվի համար նաեւ խնդիր էր ռեզերվի արագ մոբիլիզացիայի հայաստանյան հնարավորությունները, որը նույնպես 2016թ.-ին ի ցույց դրվեց: Այսինքն, այն ժամանակ արդեն պատերազմի երկրորդ օրը ԵԿՄ-ի միջոցով արագորեն մի քանի հազար կամավորականներ արագորեն մոբիլիզացվեցին, որին կազմակերպված ձեւով հաջորդեցին այլ կամավորական ստորաբաժանումները: Իսկ դա առաջնագծի համար այն հրատապ համալրումն էր, որը թույլ էր տալիս հաջողությամբ դիմագրավել, մինչեւ պետական մոբիլիզացիոն պլանը կսկսեր գործել: Այս մեխանիզմը հնարավորինս լուծում էր ազերիների համար ամենածանր հատվածը՝ երկար տարիներով կառուցված հայկական առաջնագիծն արագորեն համալրելու եւ հնարավոր ճեղքումները փակելու խնդիրը, ինչը եւս Բաքվի համար լուրջ խնդիր էր բլիցկրիգ ունենալու հարցում: Այսպիսով, Ալիեւին, կրկնենք, պետք էր 2016-17թթ.-ից սկսած լուծել երեք առանցքային հարց՝ հայ-ռուսական հարաբերությունների ոչնչացում, համանախագահների առաջարկին Հայաստանի դեմ հանդես գալ եւ հայաստանյան բանակի հիմքերի քայքայում (բանակի վերազինում, արդիականացում, կառավարում, ռեզերվային համակարգ, փորձառու գեներալիտետ): Հակառակ դեպքում համանախագահների կողմից համառորեն առաջադրվող փաստաթղթից, որտեղ հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնապես հստակ ֆիքսված էր Արցախի կարգավիճակի գաղափարը, ինչը երաշխավորվելու էր համանախագահ երկրների ստորագրություններով եւ, ամենակարեւորը, խաղաղապահ զորքի առկայությամբ (ինչքան էլ, որ Նիկոլը հիմա փորձի հակառակն ասել՝ կաշին փրկելու համար), չէր կարողանա խուսափել: Չէ, կարող էր Կազանի օրինակով այս փաստաթուղթն էլ մերժել: Սակայն, ինչպես քանիցս այդ ամիսներին ներկայացրել ենք, կային խոսակցություններ, որ Մոսկվան նման զարգացման համար ուներ նաեւ «Բ պլան». Բաքվի մերժելու դեպքում առաջ շարժվել Ղրիմի սցենարով, որի հետ կապված հիմքեր (հիշեցնենք Զորի Բալայանի հայտնի հոդվածը՝ Արցախի նախախորհրդային պատկանելիության մասին) դժվար չէր գտնել: Սակայն այդ փուլում պայմանագրի ստորագրումը ձգձգվեց. ընտրություններ էին Հայաստանում, ապա՝ Ադրբեջանում, որից հետո լրանում էր ՀՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը: Այդ ամենից հետո, ինչը նույնպես այդ ժամանակներում «Իրավունքը» քանիցս ներկայացրել է, փաստաթուղթը միանշանակ մտնելու էր գործնական օրակարգ: Այսպիսով, խոսքը ոչ թե 30 տարի «ձգված ռեզինի» մասին է, այլ Ապրիլյան պատերազմի արդյունքում ի հայտ եկած մեխանիզմի: Եվ հենց այդ մեխանիզմի պատասխանատվությունն էր, որ իշխանության գալով՝ ստանձնեց Նիկոլը: Ֆիքսենք, ստանձնեց գիտակցված կերպով, քանի որ խոսքն այն գործընթացի մասին էր, որից նա, նաեւ որպես ԱԺ պատգամավոր, բացառվում է, որ տեղյակ չլիներ: Նաեւ, որ այդ փաստաթուղթը ոչ թե միայն Հայաստանին է պարտադրվել ¥5 շրջանը տալու մասով¤, այլ՝ Ադրբեջանին ¥ստորագրություն դնել Արցախի ինքնորոշման գաղափարի տակ¤: Ավելին, պարտադրվել ծանր ճնշումների միջոցով, այն աստիճանի, որ Ալիեւը ստիպված էր խոստովանել հրապարակավ:
ՆԻԿՈԼԸ՝ ԱԼԻԵՎԻ «ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻ» ԴԵՐՈՒՄ
Ու ի՞նչ արեց Նիկոլը` իշխանության գալով: Ֆիքսենք ամենակարեւորը. հիմնականում քարոզել է այն կեղծ թեզը, որ համանախագահ երկրների ներկայացրած առաջարկն Ալիեւի երազանքների գագաթնակետն է եւ Հայաստանի համար՝ ոչնչացում: Մինչդեռ, չմոռանանք, Նիկոլն այդպես էլ գոնե մեկ անգամ չի հայտարարել, թե այդ ուղին մերժելով, ինչ կոնկրետ պատկերացումներ ունի արցախյան խնդրի հետ կապված: Բայց փոխարենը, ի վերջո, խոստովանեց, որ դեմ է համանախագահների առաջարկած կարգավորման մեխանիզմին, ինչին հասնելու համար Ալիեւը երեւի Կազանից սկսած ամեն օր նամազ էր անում: Հաջորդը. այդպես էլ որեւէ կերպ չապացուցված «տուշոնկա Մանվել» օպերացիայով ոչնչացրեց երկրապահ համակարգը՝ Հայոց բանակին զրկելով երկու-երեք օրում առաջնագծում ռեզերվ ստանալու հնարավորությունից: Իսկ ահա Նիկոլի մերձավոր` Սասունի ղեկավարած ԵԿՄ-ն դեռ էն գլխից հեղինակազրկվեց ազատամարտիկների աչքին, իսկ այս պատերազմի ժամանակ այդպես էլ չկարողացավ գոնե չնչին մասն անել այն բանի, ինչը Մանվել Գրիգորյանի ԵԿՄ-ն արեց 2016թ.-ին: Սա ոչ այլ ինչ էր, քան առաջնագծի համար արագ ռեզերվի համակարգի ոչնչացում: Ավելին, հիշեցնենք նաեւ Մովսես Հակոբյանի մեղադրանքը, որ անգամ պետական մոբիլիզացիոն պլանը Նիկոլի հրամանով կասեցվել է: Եվ այս երկու գործոնի արդյունքում առաջնագիծը համալրում չստացավ եւ, փաստորեն, դատապարտվեց: Գումարենք նաեւ նույն Մովսես Հակոբյանի մեղադրանքները՝ բանակի արդիականացման պլանների ձախողման հետ կապված: Վերջապես, հիշեցնենք այն փորձառու կադրերի ջարդը եւ ապաշնորհների տեղակայումը բանակային ամենաբարձր օղակներում: Կարճ ասած, եթե Ալիեւը 2017թ.-ին երազում էր քայքայել հայկական բանակի հիմքերը, ապա այս հարցում Նիկոլը փաստացի դարձավ Հեյդարովիչի «երազանքների բարի փերին»: Եվ ոչ միայն բանակի հարցում. այն հետեւողականությունը, որով «պլինտուսից ներքեւ» իջեցրին հայ-ռուսական հարաբերությունները, նույնպես Ալիեւի համար 2017թ.-ին կարող էր ֆանտաստիկա համարվել: Կարճ ասած, Նիկոլն Ալիեւի համար իսկական ոսկե ձկնիկ դարձավ. Հեյդարովիչը 2017թ.-ին, կրկնենք, երեք նվիրական ցանկություն ուներ, եւ Վովայիչը դրանք հետեւողականորեն իրականություն դարձրեց: Ինչո՞ւ, արդեն երեւի հասկանում են բոլորը: Բայց ուշացումով: Բանն այն է, որ «Իրավունքը» (27-30 ապրիլ 2018թ., սա այդ օրերի մեր մի շարք նախազգուշացումներից միայն մեկն է) դեռ այն պահին, երբ Նիկոլը նոր-նոր էր նստում վարչապետական աթոռին, գրեց. «Փաշինյանի վարչապետության պարագայում, մեղմ ասած, մեծ հարցականներ են առաջ գալու նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում: Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը, թեկուզեւ ժամանակավոր, հայտնվի ¥ՌԴ-ի հետ կապերը խզելու արդյունքում- Հեղ.¤, պատկերավոր ասած, առանց փամփուշտի մնալու հեռանկարի առաջ. Ալիեւը հաստատ այդ շանսը ձեռքից բաց չի թողնի... Ժամանակին մինչ Տեր-Պետրոսյանը դա հասկացավ՝ վազելով Մոսկվա՝ օգնության խնդրանքով, Հայաստանը կորցրեց բազում բնակավայրեր, այդ թվում՝ Շահումյանն ու Մարտակերտի մի մասը: Այն էլ, 1990-ականների բուռն զարթոնքի պարագայում, երբ կամավորականներն իրար հերթ չէին տալիս՝ թեկուզ անզեն սահման հասնելու համար: Կա՞ հիմա նույն ոգին. միանշանակ՝ ոչ: Եվ ասել, թե հանած համարանիշներով ավտոմեքենայով երեխաներին սպանող Նիկոլի կողմնակիցն է վազելու սահման, ծիծաղելի կլիներ, եթե այդքան չնմանվեր ողբերգության...»:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այո, ցավոք, մենք ճիշտ էինք, այդ ողբերգությունը ստացանք: Ընդ որում, այստեղ արդեն էական չէ՝ Նիկոլը դավաճա՞ն էր, թե՞ խելքը չհերիքեց. դրա պատասխանն ապագայում քննիչները կտան: Ամենաէականն այն է, որ մեր ձեռքով իշխանության բերեցինք մեկին, ով, ինչպես էն գլխից էր գոնե մեզ համար ակնհայտ, կա՛մ դավաճան է, կա՛մ խելքը չի հասնում: Այսինքն` մեկին, ում պաշտոնավարումը պետք է անխուսափելիորեն բերեր այս վիճակին: Եվ բերեց: Իսկ մենք ազգովի մեր իսկ ձեռքով երկիրը տվեցինք նրան: Դե, ուրեմն, ո՞վ է ամենամեծ մեղավորը...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ