ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԹԻՄԸ ՍԴ-ԻՑ ՈՐԵՎԷ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Ներքաղաքական
Երեկ ի հայտ եկան հրապարակային լուրեր, որ ՍԴ-ն գաղտագողի, օգտվելով այս խառը վիճակից, հնգամսյա ձգձգումից, բոլոր ժամկետները խախտելուց հետո Ռոբերտ Քոչարյանի դիմումները մերժել է: Որքանո՞վ են լուրերը իրական, փորձեցինք հետաքրքրվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻՑ, ով նկատեց.
- Մենք նման տեղեկատվություն չունենք այդ մասով: Այսինքն՝ մեզ ո՛չ այդպիսի որոշում է եկել, ո՛չ էլ ՍԴ-ի կայքում կա նման որոշում, որ հասկանանք: Ըստ այդմ, ո՛չ կարող ենք ասել այդպես է, ո՛չ էլ` հակառակը, քանի որ մեզ որեւէ մեկը պաշտոնապես չի դիմել: Ավելին ասեմ, մենք ՍԴ-ից որեւէ պատասխան հունիսից չունենք:
- Լավ: Իսկ առհասարակ Ռ. Քոչարյանի դատավարության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում:
- Սա բացահայտ, անթաքույց քաղաքական հետապնդում է երկրորդ նախագահի նկատմամբ, ոչ թե դատավարություն:
- Ի դեպ, պարո՛ն Ալումյան, նախօրեին վարչապետի աթոռը ստանձնած անձնավորությունը դատավորների հավաք էր կազմակերպել: Սա օրենքով թույլատրելի՞ է:
- Եթե մենք ուզում ենք լինել քաղաքակիրթ աշխարհի մի մաս, ապա նոնսենս է, որ վարչապետը իր մոտ է հրավիրում դատավորներին: Բայց ինձ համար այդքան ցավալի չէ վարչապետի այդ ցանկությունը եւ գործողությունները, որքան որ ցավալի է այն դատավորների հնազանդ կեցվածքը, ովքեր վարչապետի սուլոցով անմիջապես վազում են նրա մոտ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ