ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Ներքաղաքական
Երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ առաջիկայում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով ԱՀ նախագահ Հարությունյանի կուսակիցն է, պաշտոնից հրաժարվելու է: Նաեւ, որ այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Որքանո՞վ են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ.
- Ինձ որեւէ մեկը նման կոչով, հորդորով, առավելեւս՝ պահանջով չի դիմել: Այդ հարցով ինձ կարող է դիմել, խնդրել միայն 44 օր շարունակ զինվորի կարագվիճակով ծառայած ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Մնացած որեւէ քաղաքական ուժ` թե՛ ԱՀ-ում, թե՛ ՀՀ-ում գործող, չի կարող նման պահանջով հանդես գալ: Այդ դեպքում նրանք պետք է նայեն ուղիղ իմ աչքերի մեջ: Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական դաշտում անցկացրած իմ կենսագրության ընթացքում որեւէ մեկը չի կարող ինձ որեւէ բանում մեղադրել, առավելեւս՝ պահանջներ ներկայացնել: Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում Թովմասյան-Հայրապետյան-Գրիգորյան արական սեռի բոլոր տղաները գտնվել են ոչ թե Արցախում, այլ` առաջնագծում:
- Պարոն Թովմասյան, ասում են, որ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էլ շուտով կրկին զբաղեցնելու է Վիտալի Բալասյանը: Ինչպե՞ս կվերաբերվեք նման նշանակմանը:
- Շատ լավ եմ դիտում: Առհասարակ՝ ես գտնում եմ, որ բոլոր կուսակցությունները պետք է այսօր միանան Արցախի զարգացման շուրջ: Արցախում պետք է լինի մեկ կուսակցություն` Արցախի ժողովրդի կուսակցություն: Ամեն արցախցի պետք է իր ուժերի ներածին չափով օգտակար լինի Արցախի պետականաշինությանը:
- Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ Արցախի 70 տոկոսից ավելին կհանձնվեր Ադրբեջանին:
- Այս իրավիճակը ոչ միայն ինձ համար, այլ ցանկացած հայի համար անձնական դժբախտություն է: Մեկ բառով ասած` ազգային դժբախտություն:
- Ովքե՞ր են կոնկրետ պատասխանատու, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, այս ազգային դժբախտության համար:
- Այս պահին կրակի վրա յուղ լցնելը անթույլատրելի եմ համարում: Մենք ժամանակ կունենանք վերլուծելու, թե իրականում ինչ եւ ինչու տեղի ունեցավ այդ 44 օրերի ընթացքում: Այդ 44 օրերի ամեն մի օրը ես համարում եմ մի տարի նրանց համար, ովքեր այդ պահին գտնվել են Արցախում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ