«Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի» դերասանուհի ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ գրառումը
Մշակութային-Դերասանուհի Լալա Մնացականյանը, որը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից էր և ժամանակին կոչ էր անում. «Մենք հաղթելու ենք…Տղե՛րք ջան, հայրենիքը ձեր կարիքն ունի»…Չմտածելով, թե ինչ պայմաններում են, որ մեր զինվորները չունեին տաք հագուստ, զրահաբաճկոն, կասկա, երկնքից արկեր էին թափվում, և որ այդ կռիվը ուժի կռիվ չէր, այլ երկնքի: Հետաքրքիր է նա ի՞նչ աչքերով է նայելու զոհվածների ծնողների աչքերին, որոնց երեխաներին ասում էր գնացեք կռիվ…Կարծես հասկացել է, թե ում է սատարել և կատարել է գրառում իր ՖԲ-յան էջում.
«Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, հիասթափված ու կոտրված եմ, որ բառեր չեմ գտնում արտահայտելու այն մեծ ցավը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ։
Ես լռում էի։ Լռում էի, որովհետև չէի կարողանում մեջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անհուսությունից, որն ամեն օր մաշում էր ինձ։ Չէի կարողանում համակերպել այն մտքի հետ, որ մենք այսքան զրկանքների ու չապրելու միջով անցանք, որ արժանանանք այս ճակատագրին։
Մեզ թվաց, մենք մերժում ենք վատթարագույնը, այնինչ պարզվեց, որ ընտրում ենք սարսափելին։
Մի ամբողջ ժողովուրդ խաբվեց, և մնաց մենակ իր ցավի, վշտի, կորստի ու չապրած կյանքի հետ։Մի ամբողջ ժողովուրդ ապրել չէր ուզում․․․Բայց ․․․ չապրելը ելք չի, չապրելը հանձնվել է։
Այն ԼՈՒՅՍ ԷՐԵԽԵՔԸ, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, մեզ հանձնվելու իրավունք չեն տվել։
Նիկոլ, դու դաժանորեն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հավատում էր քեզ։
Եթե քո մեջ խղճի մի փոքր նշույլ դեռ մնացել է, դու պարտավոր ես ամեն գնով ազատել մեր գերիներին։
Եթե քո մեջ արժանապատվության մի փոքր նշույլ դեռ մնացել է, ապա պարտավոր ես ինքնակամ հեռանալ։
Հայ ժողովուրդը կգտնի իր մեջ ուժ ՆՈՐԻՑ ԱՊՐԵԼՈՒ»։
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ