Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմաց
Սպորտ
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է,որ հայ անվանի մարզիկներից մեկը, ով ցանկացել է դեռևս անանուն մնալ, առաջարկում է Քեմալ Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը փոխանակել հայ գերիների հետ։
«Մեր շատ սիրելի հայրենակիցը 1981 թվականին Անկարայում ԽՍՀՄ թիմի կազմում մասնակցել է Քեմալ Աթաթուրքի անվան մրցաշարին ու Թուրքիայի հողում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ նվաճել նրա անվանական ոսկե մեդալը»,- նշել է Սոնա Աղեկյանն ու հավելել, որ քանի որ այժմ երկրում պետական մակարդակով ոչ ոք չի փորձում զբաղվել գերիների հարցով, հայ մարզիկը որոշել է այս տարբերակն առաջարկել թշնամուն և անցնել բանակցությունների։
«Այժմ մեր մարզիկը դիմում է այդ պետությանը, և եթե Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը ժամանակակից Թուրքիայի ղեկավարի ու ժողովրդի համար դեռ ազգային արժեք է, ապա Էրդողանին, որն այս պատերազմը փաստացի անձամբ էր ղեկավարում, առաջարկում է՝ իրենց երկրի խորհրդանիշի բացառիկ ոսկե մեդալը, փոխանակել մեր գերիների հետ: Իսկ թե քանիսի՞, կարելի է բանակցել»,- ասել է ավագանու նախկին անդամն ու ավելացրել.
«Էրդողանի եւ նրա փոքրիկ եղբոր՝ Ալիեւի համաձայնել-չհամաձայնելուց կերևա նաեւ, թե թուրքերի համար իրենց «հայրը» այսօր որեւէ արժեք ունի, թե ոչ»:
Նշենք, որ Թուրքիայում ժողովրդի հայր համարվող եւ պաշտամունքի առարկա Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում և Հայաստանի Հանրապետությունում ունի միայն հայ մարզիկը: