«Հետևից մեր հրետանին էր խփում մեզ, դեմից՝ թուրքի». Ռուստամ Գասպարյանի եղբայրը պատմում է պատերազմի օրերից. Aravot.am
Մամուլի տեսություն
Ես հանդիսանում եմ «Սեւ հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը եւ նրա զինակիցը, ում թողեցի որդու հետ միասին Հադրութում ընկան։ Aravot.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանը, որը նոր է եկել առաջնագծից, ապշելու դրվագներ է ներկայացրել Արցախից ու պատերազմական օրերից։
«Առաջին օրը, որ լուր ստացանք, մի գումարտակ պայմանագրայինները «Սեւ հովազ» ջոկատի 300 հոգով պահում էին դիրքերը։ Հենց առաջին օրը կապ հաստատեցին, ասեցին, որ մի դիրք թուրքերը գրավել են, մենք ունենք 5 զոհ եւ չենք կարողանում դիակները դուրս հանել։ Ախպերս՝ Ռուստամ Գասպարյանը կապվեց ՊՆ, անուններ չեմ տալիս, բայց իրենք կլսեն, կիմանան, խնդրում էինք, աղերսում էինք, նորից մի վաշտ հավաքել էինք կամավորների ու ասում էինք, որ մեզ հասցնեն այդ դիրքերը հետ վերցնենք, դիակները հանենք։ Թույլ չտվեցին, բայց մենք ունեինք երկու վաշտ այստեղ պայմանագրային։ Ուղարկել ենք, մինչեւ հասել են Քարվաճառ դիրքերը, այդքան ոչ մի օգնություն չի բարձրացել, մի քանի ժամ։ Մեր տղերքն են հասել օգնության: Երրորդ օրը արդեն այդ դիրքերը հետ վերցնելուց մեր տղաները՝ «Հովազի» տղաները նորից տվեցին 3 զոհ։ Ընդհանուր առմամբ Քարվաճառում ինքնաթիռներ, հրետանի, անօդաչուներ էին ու մենք ունեցանք 16 զոհ։ Ու մեզ թույլ չտվեցին գնանք մեր տղերքին օգնության»:
Թե ինչ պատճառաբանությամբ, Գասպարյանի հաղորդմամբ՝ այսպես են բացատրել. «Ձեր կարիքը չկա, մոբ ենք հավաքում, բայց այդ մոբը հավաքում էին առաջին օրը, հետ էին ուղարկում։ Երկրորդ օրը արդեն մենք ստիպեցինք կատաղած, որ մեզ հանեն սահման։ «Հասնում ենք տեղ, գիշերվա կեսին մեզ հանում են, որ տանեն դիրքեր։ Սամասվալ կամազներով տղերքին բարձրացնում են դիրքերը, ու այդ դիրքերում մենք ոչ մեկին չենք տեսնում։ Հասկանում ենք, որ միտումնավոր ինչ- որ բան է կատարվում, մեր կողքերը չկա ոչ ոք, մեկը չկա, որ մեզ բացատրի՝ մենք որտեղ ենք։ Մեր հին անցած ճանապարհը հիշելով՝ հասկանում ենք, որ մեր դիմացը երեւի Օմարն է, մեր այս կողքը կլինի Քարվաճառը, մյուս կողքը Թալիշը ու չենք հասկանում, թուրքը հետեւի՞ց է գալու, թե՞ դեմից։ Հետեւը՝ ձոր, դիմացը չգիտենք ովքեր են»։
Գասպարյանը նշել է՝ առաջնագծում պայմաններ էին ստեղծում, որպեսզի մարդիկ մտածեն, որ ծախված է, պետք է հետ փախչեն։ «Առաջին օրը չարաբաստիկ թղթի ստորագրումից հետո վարչապետը ելույթ ունեցավ, ասաց՝ դավաճաններ կային, խուճապ էր, չգնացին կռվելու։ Ես ձեզ արգելում եմ կռվող տղաների մասին բան ասեք, պարո՛ն վարչապետ։ Ճիշտ է, 90-ականներին էլ կային փախչողներ, բայց հիմա դուք ստեղծեցինք այն իրավիճակը, որ մարդիկ փախչեն։ Մարդիկ չգիտեին՝ որտեղ են գտնվում ու որտեղից սպասեն թուրքին։ Մենք չունեինք կապի միջոց ընդհանրապես, պոստից պոստ պետք է վազելով գնայիր հարցնեիր՝ էդ ո՞ր կողմ կրակեցիք ու ինչի՞ համար կրակեցիք, դեմից տեխնիկա՞ է, թե՞ հասարակ մարդուժ»։
Գասպարյանը նշել է՝ երբ որ վարչապետի ելույթը լսել է, իր համար արդեն պարզ է եղել՝ որպես գերագույն հրամանատար նա չկա, գոյություն չունի. «Ոչ մի ձեւով չկարողացան կազմակերպեն պատերազմ։ Մենք, մեր տղաները մի սանտիմետր անգամ հետնատանջ չենք ունեցել։ Մեզ ընդամենը պետք էր ապահովել զենքով, որի կարիքն ունեինք, չկար։ Իսկ մենք անտառների մեջից էինք զենքեր գտնում, հողի տակից չոռնի ստրելա ենք գտել։ Չկար կազմակերպող։ Մենք ասում ենք Հադրութ վերցնենք, ասում էին՝ նահանջ, մեր կողքերի զինվորներին, ոստիկանությանը, մեզ պահում,ասում են՝ սպասեք այստեղ, երկու վաշտ գալիս է ու մի սուտկա… ես ախպորս իջեցնում եմ Ստեփանակերտ հոսպիտալ, հետ եմ ուզում գնամ, որ եղբորս որդին, բժիշկը, հանկարծ դիակները չմնան թուրքերի մոտ, մեր տղաները զանգում են, ասում են՝ բերում ենք, հետ մի արի ու հանդիպում եմ հետախուզության տղաներին հոսպիտալում, ասում են՝ մենք արդեն 4 ժամ առաջ զեկուցել ենք, որ թուրքերը ձեզ շրջափակել են։ Ու դա մեզ չեն ասել։ Դիտավորյալ։ Խուճապ ստեղծելու համար»: