Ովքեր խրոխտ ձայնով պնդում են, որ ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, խորհուրդ կտամ գնալ Սոթք. Աբովյան
Ներքաղաքական
Պետական ամենաբարձր մակարդակով հերքումներից հետո՝ վերջապես ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանը խոստովանել էր, որ թշնամին հասել է Սոթք: Նա, ըստ էության, անկեղծացել էր, որ հայկական կողմը ոչ մի լծակ չի ունեցել ազդելու Սոթքի հանքի տարածք թշնամու զորքի ներխուժման վրա, քանի որ մեր զինված ուժերը ընդգրկված չեն եղել խնդրի կարգավորման գործում: Փաստացի հայկական կողմին ներկայացվել է տարածքը լքելու պահանջ, որը բավարարվել է, իսկ ռուսներն ու ադրբեջանցիները հանքի հետ կապված տեւական ժամանակ բանակցություններ են վարել: Թե ինչ իրավիճակ է հիմա Սոթքում, ինչ արդյունք են տվել բանակցությունները, այս ամենը պարզելու նպատակով ԲՀԿ-ական պատգամավորներն այսօր եղել են հենց դեպքի վայրում:
«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ նշեց, որ իրավիճակն իրականում անհասկանալի է եւ լարված:
- Հաշվի առնելով, որ պետական, կառավարական, իշխանական լրահոսն արդեն ոչ մի առումով բացարձակ վստահություն չի ներշնչում՝ պատգամավորական խմբով՝ ես, Շաքե Իսայանը, Հրանտ Մադաթյանը, Իվետա Տոնոյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Տիգրան Ստեփանյանը հարկ համարեցինք տեղում տեսնել, թե ինչ է կատարվում: Տեսանք Սոթքի հանքի աշխատակիցներին, որոնք փորձում էին հասկանալ՝ իրենք աշխատելո՞ւ են, թե՝ ոչ, ի՞նչ է լինելու հանքի իրավիճակը: Բարձրացանք անմիջապես այն կետը, որտեղ տեղակայված են հայկական եւ ադրբեջանական զինված ուժերը: Ասեմ, որ մի քանի մետր հեռավորության վրա էինք ադրբեջանական զինուժից: Այնպես որ, մեր աչքով տեսանք այդ կանվանեք շփման գիծը, սահմանը, թե՝ կետը: Հասկանալի պատճառով, ուղղակի, հիմա թույլ տվեք ավելի մանրամասներ չներկայացնել, թե ինչը որտեղ է տեղակայված, մերոնք որտեղ են, իրենք՝ որտեղ: Բայց այն, որ ադրբեջանական զինուժը գտնվում է Վարդենիսից մի քանի կմ հեռավորության վրա, ակնհայտ է:
- Դուք նշեցիք հայկական եւ ադրբեջանական զինուժի մասին, իսկ ռուս խաղաղապահներ այդտեղ չկայի՞ն:
- Մենք տեսանք մեքենաներով ռուս խաղապահների, բայց անմիջապես այն կետում, որտեղ մենք էինք, այնտեղ ռուս խաղաղապահներ չկային: Մեր զինվորականները մեզ հավաստիացրեցին, որ այդ կետում չպետք է լինեն խաղաղապահներ, թե ինչ պատճառով, չգիտեմ: Ըստ երեւույթին, ռուսական կողմի հետ է պայմանավորված: Ընդհանրապես ռուսական կողմը իրականում միակ ուժն է, որը գոնե կայունացնում է իրավիճակը, շատ պարտաճանաչ տեղեկացնում է, թե ինչ է անում, ինչի համար եւ ինչպես: Եվ դրա համար իրենց իրականում՝ շնորհակալություն:
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանն ասուլիսի ժամանակ ասում էր, որ թեպետ միջազգային նման դեպք չկա, բայց այս դեպքում մասնավոր ընկերությունն է՝ ի դեմս Սոթքի հանքատիրոջ պաշտպանելու սահմանը: Ըստ նրա, սա եզակի դեպք է, որի բացատրությունը հետեւյալն էր. «Այսպես ստացվեց»: Ինչպե՞ս հասկանալ այս աբսուրդը:
- Որքանով տեղյակ եմ, այնտեղ կան որոշակի բիզնես հետաքրքրություններ, քանզի մենք գիտենք, որ GeoProMining ընկերությունն է հանքավայրը շահագործում: Սակայն, եթե խոսքը պետական սահմանի մասին է կամ ինչ-որ սահմանագծի, ապա այս պարագայում միանշանակ Հայաստանի հանրապետությունն է պատասխանատու անմիջապես այդ բոլոր գծանշումերի եւ այլնի համար: Ինչ վերաբերում է բիզնես բոլոր այդ կառույցներին, ապա ես միգուցե միամտաբար, բայց համոզված եմ, որ յուրաքանչյուր դեպքում Հայաստանի հանրապետությունը պարտավոր է պաշտպանել ամեն մի ՀՀ քաղաքացու եւ յուրաքանչյուր հիմնարկ, որը ստեղծում է աշխատատեղեր եւ մուծում է հարկեր: Իսկ ես որքանով տեղյակ եմ, այդ ընկերությունը խոշոր հարկատու է եւ չի կարող ձեռքերը լվանալ եւ մի կողմ քաշվել: Իրականում դուք շատ ճիշտ որակավորում տվեցիք՝ աբսուրդային է:
- Սոթքում որեւէ պատկան մարմնի հանդիպեցի՞ք, ի՞նչ էին նրանք ասում իրավիճակի մասին:
- Հիմնականում այնտեղ զիվորականներ էին: Բացի նրանցից, ոչ մի պատկան մարմին չկար: Համենայնդեպս, ես չտեսա:
- Հանքավայրի աշխատակիցների հետագա աշխատանքի ճակատագիրն էլ, փաստորեն, դեռ անհա՞յտ է:
- Առայժմ՝ այո, որովհետեւ հստակ որեւէ պատասխան ոչ մեկից չկարողացանք ստանալ:
- Իսկ Սոթքում տեղյա՞կ էին, որ պետական մակարդակով համառորեն հերքում էին, որ ադրբեջանական զորքերը հասել են մինչեւ Սոթք:
- Մարդիկ զայրացած էին հենց այն տեղեկատվական աղբից, որը հեռուստացույցով կամ ֆեյսբուքով ու տարատեսակ լայվերով թափվում է իրենց ականջներին, որովհետեւ իրենք այնտեղ տեսնում են մի իրողություն, բայց իրենց փորձում են համոզել լրիվ ուրիշ իրողության առկայության մասին: Ընդ որում՝ փորձում են համոզել, որ ձեր աչքերին մի հավատացեք: Կրկին անգամ պետք է փաստել, որ ՀՀ իշխանություններն ինչքան ուժ ունեն, ձեւացնում են, որ վերահսկում են Հայաստանում պրոցեսները: Իսկ վարչապետը կամ այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք խրոխտ ձայնով պնդում են, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, խորհուրդ կտամ նստել մեքենան, գնալ Սոթք կամ յուրաքանչյուր այն տարածք, որն այսօր հանձնվում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ