ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Միջազգային
Մինչ այս օրերին ամենուր խոսվում-քննարկվում է, թե ինչ է լինելու Հայաստանի վերջը, շատերի ուշադրությունից դուրս է մնացել մեկ այլ պատմական տարեթիվ: Այսպես, ուղիղ 100 տարի առաջ Հայաստանը նույն վիճակում էր՝ էլի թուրքի հարձակում, տարածքների զիջում, պայմանագիր, որով Հայաստանից ընդամենը 10 հազար քառակուսի կիլոմետր էր մնում: Ու միայն այս օրերին՝ նոյեմբերի 29-ին մեր երկրի ճակատագրի անիվը շրջվեց:
1920թ. նոյեմբերի 29-ին, այսինքն՝ այդ օրվա թիվ 1 իրադարձությանը հետագայում եւ հատկապես՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինչ մեկնաբանություն ասես, որ չեն տվել: Ասենք, «բռնի խորհրդայնացում», «ռսի սապոգը» եւ այդ կարգի մեկնաբանություններ անգամ այս պահին կարող ենք լսել: Բայց հուսանք, որ գոնե նրանց համար, ովքեր պահպանել են քիչ թե շատ ողջամիտ մտածողության նշույլները, մեկ դար անց՝ մեր ներկայիս իրողությունները կվերաիմաստավորեն 1920թ. նոյեմբերի 29-ը եւս: Բայց նախ փոքրիկ համեմատություն: Ի՞նչ տեղի ունեցավ 100 տարի առաջ: Ցեղասպանված հայությունն իր մեջ ուժ գտավ մի պահ համախմբվել Սարդարապատում եւ հաղթել: Շատերը հիշելով Սարդարապատը` փորձում են խոսել հերոսական հայկական ոգու մասին: Իհարկե, օրհասական պահին դա էլ կար: Բայց հազիվ թե միայն ոգով կարողանաս հաղթել. պետք է նաեւ զենք: Իսկ զենքը, ինչպես նաեւ մի շարք հայկական զորամասեր մնացել էին հեղափոխություն կոչվածի պատճառով նահանջած ռուսական բանակից: Նաեւ, հենց դրա հաշվին էր, որ Առաջին հանրապետությունը կարողացավ բավականին ամուր բանակից ստեղծել: Բայց չանցած երկու տարի` հանկարծ սկսեցինք մտածել, թե Եվրոպա ենք, Արեւմուտքը մեր թիկունքն է, մեր հողերն է հետ տալու: Գրեթե անմիջապես էլ հրաժարվեցինք արդեն վերականգնվող Ռուսաստանից եւ 100 տարի առաջ նույն չարաբաստիկ սեպտեմբերին սկսեցինք պատերազմել Թուրքիայի հետ: Հա, նաեւ անհամբերությամբ «Անգլիական նավերին» էինք սպասում, որոնք այդպես էլ «Հայաստանի լեռները չբարձրացան»: Փոխարենը, երբ արդեն քեմալական բանակը Քազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ շարժվում էր դեպի Երեւան, իսկ մեր իշխանավորները համաձայնվում էին Թուրքիայի «թեւի տակ» մի փոքրիկ հետնախորշի վերածվելու ճակատագրի հետ, եկավ ռուսական բանակը, նոյեմբերի 29-ին էլ Իջեւանի հատվածից երկիր մտավ Հայհեղկոմը, Հայաստանում հռչակեց խորհրդային կարգեր: Ու հենց դրա հաշվին էր, որ թուրքերը կանգ առան եւ համաձայնեցին 30 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի առկայության փաստի հետ: Ի՞նչ եղավ դրանից 100 տարի անց: Էլի ռուսները մի պահ թուլացան, բայց անգամ այդ վիճակում ստացանք զենք ¥եւ այլ¤, աջակցություն, հաղթեցինք պատերազմը, հողեր գրավեցինք: Ու անմիջապես էլ սկսեցին նորից եվրաարժեքներ քարոզել եւ «ռսի սապոգը» փնովել: Մենք էլ որոշեցինք՝ բա անկախ երկիր ենք, կարող ենք Բաքուն էլ գրավել... Ու նորից թուրքի հարձակում նույն չարաբաստիկ սեպտեմբերին, էլի «Անգլիական նավերը» չեկան, ու բանը հասավ նրան, որ մեր որոշ սահմանային քաղաքապետարաններ սկսեցին տանիքներին ռուսական դրոշ բարձրացնել, թե չկրակեք, այստեղ ռուսական պաշտպանությունն է գործում: Նորից վերջին պահին եկավ ռուսական բանակը, գոնե ինչ-որ բան փրկեց, բայց արդեն իսկ հայհոյողներ կան՝ «Ինչու շուտ չեկաք, որ Բաքուն գրավեինք»: Հայտնի արտահայտություն կա՝ «Շատ խելոք մարդիկ այլոց սխալներից են սովորում, խելոք մարդիկ՝ սեփական սխալներից»: Այն, որ 100 տարի անց ունեցանք մեկը-մեկին կրկնվող պատմություն, դա աչքի առաջ է: Նաեւ, որ առաջին անգամ փոսն ընկնելով` դաս չքաղեցինք մեր սխալից: Բայց որ շատերը երկրորդ անգամ փոսն ընկնելուց հետո էլ բան չեն սովորել, դա արդեն վատթարագույնն է: Այն դեպքում, երբ պետք է հիշենք, որ 1920թ. նոյեմբերի 29-ը Հայաստանի համար դարձավ մի այնպիսի տարեթիվ, որը մեր երկրին տվեց 70-ամյա զարգացման եզակի ժամանակաշրջան: Չունենալով սովորական մեխի գործարան, Հայաստանն այդ փուլն ավարտեց ատոմակայանով եւ «Նաիրիտով»: Դրանից հետո 30 տարի մեզ անկախ ենք համարում, բայց դեռ այդ ժառանգությունն ենք շարունակում մսխել՝ որեւէ բան չավելացնելով: Ու եթե այսքանից հետո էլ պատմությունից դասեր չքաղենք, հաստատ Մոնթեի կանխատեսումը կիրականանա՝ Արցախի այս վաճառքով կփակենք մեր պատմության վերջին էջը:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ