Թող հայ ժողովուրդը պարզի՝ թե ով է իրականում մեղավոր այս պատերազմի հետեւանքների մեջ. Պեգով
ՆերքաղաքականՄոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը բացառիկ հարցազրույց է ունեցել «WarGonzo» նախագծի հեղինակ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի հետ, ով արցախյան պատերազմի ամբողջ ընթացքում իրադարձությունների հետեւել է ամենաթեժ կետերից: Հարցազրույցի ժամանակ քաղաքագետը նաեւ հնչեցրել է հայաստանյան լրատվամիջոցներին հուզող հարցերը, այդ թվում՝ «Իրավունքի», որից մի հատված ներկայացնում ենք ստորեւ:
- Հայկական կողմը պատերազմի լուսաբանման հարցում եթե սխալ ուներ, ո՞րն էր այն: Չե՞ք կարծում, որ չափից դուրս էր ոգեւորությունը մեր հաջողությունների մասին:
- Չեմ կարծում, որ որեւէ սխալ կար այս պատերազմի լուսաբանման մեջ, եւ սա իմ համոզմունքն է մինչեւ այժմ, անգամ վստահ եմ: Հիմա Արծրուն Հովհաննիսյանին մեղադրում են՝ ասելով, որ ինչ-որ հարցերում ստում էր: Բայց մի բան է ստելը, մեկ այլ հարց է որոշ բաներ չասելը: Կան որոշ տեղեկություններ, որոնց մասին ուղղակի չի կարելի ասել, երբ պատերազմ է ընթանում: Օրինակ, չի կարելի, երբ դու սկսում ես պատմել փաստեր ճակատի կոնկրետ հատվածներից: Չեմ ասում, թե պետք է հերինել, որովհետեւ սա կլիներ ստել, բայց ինչ-որ բան չպատմելը պատերազմի ժամանակ նորմալ է: Մեղադրում են Արծրունին՝ ասելով, որ փաստերը լղոզված էին, բայց ճշգրիտ տեղեկություններ հայտնելը կնշանակեր տեղեկացնել թշնամուն, թե որ ուղղությամբ եւ ինչ ճշգրտությամբ է հարվածել: Այո, այդ տեղեկությունները լղոզված էին, բայց սուտ չէին: Իհարկե, հաջողություններ եղել են: Ի՞նչ է, ադրբեջանցիներ չե՞ն զոհվել այս պատերազմում, Արցախի պաշտպանության բանակը չէ՞ր դիմադրում նրանց ճնշմանը, չէ՞ր ոչնչացնում նրանց զրահատեխնիկան: Դրան ապացույց շատ կադրեր կան: Երբ ասում են, որ սա դավաճանություն էր, համարում եմ կազմակերպված ահաբեկում մամուլի ներկայացուցիչների՝ Արծրունի եւ Շուշան Ստեփանյանի նկատմամբ: Ըստ իս, սա լիարժեք հիմարություն է: Նրանք մարդիկ են, ովքեր ունեն որոշակի պարտավորություններ եւ իրենց պարտավորությունները բարեխղճորեն կատարել են: Ի՞նչ է նրանք ամեն օր պետք է դուրս գային եթեր եւ ասեին՝ վերջ, մենք ամեն ինչ կորցրե՞լ ենք կամ մենք երեք օրից կոչնչացվե՞նք: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
Հարցեր կան ոչ թե լուսաբանման, այլ պատերազմի ավարտի ուղիղ պատասխանատվության, Արցախի բանակի պատրաստվածության վերաբերյալ եւ պետք է այդ հարցերն ուղղել կոնկրետ մարդկանց: Պետք չէ դա անել էմոցիաների վրա, պետք է քայլ առ քայլ նրանցից յուրաքանչյուրը պատասխան տա իր գործողությունների համար: Եվ նրանց կարող է դատել միայն հայ ժողովուրդը: Թող հայ ժողովուրդը պարզի՝ թե ով է իրականում մեղավոր այս պատերազմի հետեւանքների մեջ: Պատերազմի այսպիսի հետեւանքին բերեց մի խումբ տեխնիկական պատճառներ, նաեւ ադրբեջանցիների մոտ կային տեղեկություններ ռազմական շատ օբյեկտների մասին, որոնք նրանց մոտ էին հայտնվել պատերազմից շատ առաջ: Իմ կարծիքով՝ այս գործողություններին պատրաստվում էին արդեն անցած տարվա հոկտեմբերից, քանի որ գտնվել են հատուկ ծառայությունների զինվորականների շատ դիեր, որոնց մոտ փաստաթղթերը տրված էին նույն ամսաթվով՝ այս տարվա հունվարից առաջ: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ ադրբեջանցիներ չեն եւ նրանց փաստաթղթերը պատրաստվել էին միառժամական: Լուրջ պատրաստվել էին սրան: Ի՞նչը չհերիքեց եւ ի՞նչ է պետք անել, որպեսզի ամեն ինչ ուղվի, այս հարցերը պետք է ուղղել համապատասխան անձանց: Իսկ ինչո՞ւմ մեղադրել Արծրունին կամ Շուշանին, որ նրանք ասում էին, թե մենք դիմադրո՞ւմ ենք, որ որոշ հատվածներում թշնամին կորուստնե՞ր է կրում, ինչո՞ւմ էին նրանք ստել: Այն, որ Շուշին չէին հանձնել, կան տղաների հարցազրույցի կադրեր, ովքեր դուրս են գալիս Շուշիից հոկտեմբերի 14-ին, ոչ թե 7-ին, որտե՞ղ է ստել Արծրունը եւ ինչո՞ւ նա պետք է պատասխան տա քաղաքական որոշումների համար, որոնք նա չի կայացրել: Օրինակ, Դոնեցկում ես արդեն մեկ օր առաջ գիտեի օդանավակայանի գրոհի մասին, բայց եթե հայտնեի, ուղիղ հաղորդում կլիներ ուկրաինական զորքերին եւ դրանից հետո՝ ո՞ր զինվորականը ինձ հետ կաշխատեր:
- Բացի պաշտոնական հաղորդագրություներից, ողջ հայ հանրությունը հետեւում էր նաեւ Ձեր տելեգրամ ալիքին…
- Ես պատմում էի այն մասին, ինչ տեսնում էի եւ ինչ իմացել էի, սա նորմալ լրագրողի նորմալ աշխատանք է: Օրինակ, Շուշիում նոյեմբերի 6-ին ռեպորտաժ եմ արել եւ ասել, որ ահա ես Շուշիում եմ գտնվում եւ ո՞վ կարող է ասել, թե Շուշին ադրբեջանցիների լիարժեք հսկողության տակ է գտնվում: Եթե ես գնացել եմ այնտեղ եւ ինքս տեսել եմ ամեն ինչ: Ես մի քանի հոգուց ճշտում էի իրավիճակը եւ ապա գրում այդ մասին, որ մեր տղաները դեռ գտնվում են Շուշիում: Նոյեմբերի 9-ին նկարում էի տղաներին, ովքեր գտնվում էին հեռուստաաշտարակների մոտ՝ երկու կմ հեռավորության վրա Շուշիից: Այժմ ասեք՝ ո՞վ է ում խաբել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ