«Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա» Լեգենդար ֆուտբոլիստի ուշագրավ մտքերը
Սպորտ
1960 թվականի հոկտեմբերի 30-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ծնվեց լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։
Մարադոնան պաշտում էր Արգենտինան և ցանկանում էր մահանալ հենց իր երկրում։
Այսօր` նոյեմբերի 25-ը եղավ լեգենդի կյանքի վերջին օրը։
Մարադոնան մահացավ Բուենոս Այրեսի իր տանը` սրտի կաթվածից։
Iravunk.com-ը առանձնացրել է Դիեգո Մարադոնայի ուշագրավ մտքերից մի քանիսը` իր, Արգենտինայի և ֆուտբոլի մասին։
«Եթե մահանամ, կրկին լույս աշխարհ կգամ որպես Դիեգո Արմանդո Մարադոնա։ Ես ֆուտբոլիստ եմ, ով երջանկություն է բերում մարդկանց, և դա ինձ համար բավական է»։
«Արգենտինան ես եմ»։
«Ես մինչև ձվերս արգենտինացի եմ։ Ցանկանում եմ մահանալ իմ երկրում»։
«Ես հագա ազգային հավաքականի մարզաշապիկը, և այն մի ամբողջություն դարձավ մաշկիս հետ։ Այդպես կլինի մինչև կյանքիս վերջը»։
«Աստված ինձ լավ խաղալու շնորհ է տվել։ Ահա ինչու խաղադաշտ դուրս գալիս ես ամեն անգամ խաչակնքվում եմ։ Ինձ թվում է, ես չեմ արդարացնի սպասումները, եթե չանեմ դա»։
«Աստված օգնում է միայն նրանց, ովքեր իրենք են իրենց օգնում»։
«Ես որոշ չափով քաղաքական գործիչ եմ․ նրանք հանրային մարդիկ են, իսկ ես՝ հայտնի»։
«Հոգեբուժարանում, որտեղ բուժման կուրս էի անցնում, մեկն իրեն Նապոլեոն էր համարում, մյուսը՝ Սան Մարտին։ Իսկ ինձ ոչ ոք չէր հավատում, որ ես Մարադոնան եմ»։
«Ե՞րբ մարդիկ վերջապես կհասկանան, որ Մարադոնան ուրախություն արտադրող մեքենա չէ»։
«Ես քամուն տվեցի այն ամենն, ինչ ունեի։ Հիմա ես ուղղակի ուզում եմ վայելել ընտանեկան կյանքս»։
«Երբեք ինձ չեմ ների այն, որ թմրանյութերը թույլ չտվեցին ինձ տեսնել ամենակարևորը՝ երեխաներիս մեծանալը»։
«Ինձ համար կարևոր չէ, թե մարդիկ ինչ են մտածում իմ՝ մարզիչ լինելու մասին։ Ես ունեմ 23 ֆուտբոլիստ, և պատրաստ եմ նրանց հետ մահանալ։ Ես չեմ խոսում հիմնական կազմի կամ պահեստայինների մասին։ Ես ունեմ 23 զինվոր և նրանցից յուրաքանչյուրը կարող է խաղալ»։
«Ֆուտբոլը հաճույքի և ուրախության խաղ է, և ֆուտբոլիստներն այստեղ չպետք է սթրեսի ենթարկվեն։ Սթրեսը նրանց համար է, ով ողջ կյանքն աշխատանքային սեղանի մոտ է անցկացնում»։
«Մի բամբասեք իմ մասին։ Իհարկե, ես սիրում եմ իմ ֆուտբոլիստներին, բայց թույլատրելիի սահմաններում»։
«Ես դերասան եմ, որովհետև այնպես եմ կյանքս ապրում, ինչպես ցանկանում եմ։ Այսինքն դերասաններին սցենար են տալիս, որ կարդան այն։ Այդպե՞ս է։ Իսկ ես չեմ կարդում։ Ես ապրում եմ։ Եվ դա իմ խաղն է»։
Նշենք, որ Մարադոնայի մահվան կապակցությամբ Արգենտինայում հայտարարվել է եռօրյա սուգ։
Լիանա Հարությունյան