ՀՐԱՇՔՆԵՐԻ ՀՐԱՇՔ ՇՈՒՇԻՆ
Մշակութային
Ճի՞շտ եք համարում, որ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր, հարցին պատասխանում է բանաստեղծուհի, հրապարակագիր, արձակագիր, ՀԳՄ անդամ, նկարիչ, ՀՆՄ պատվավոր անդամ ՆԱՆԵՆ:
-Հայրենիքը ծառ չէ, թուփ չէ, քար չէ, շինություն չէ, ինչպես սիրած էակը` հոնք, վերջույթներ, մազեր, մի խոսքով` անատոմիա չէ: Հայրենիքը սեր է` ծննդյան, Վերնային նվիրատվության, պատասխանատվության խորհուրդների շաղախով հունցված, հայրենիքը զավակ է եւ ծնող: Այն էլ` հայի հայրենիքը, որի սկիզբը Արարչի` «Աճեցեք եւ բազմացեք» խոսքերով է կնքվել առաջին մարդու, լավ, թող լինի` Նոյի ժամանակներում: Եվ ինձ համար, կարծում եմ նաեւ` ամեն հայի, անկրկնելի, անմրցելի հմայք ու գեղեցկություն ունի Հայոց երկրի ամեն մի կոշտը, ամայի աղուտն անգամ, ուր մնաց հրաշքների հրաշք Շուշին` իր ոչ հողեղեն շքեղությամբ: Շուշիում ես միշտ ապրել եմ Սիրո երկխոսությունը, եւ ամեն անգամ մենք գրկել ենք իրար` հեռվից միմյանց փափագած եւ վերջապես հանդիպած կարոտյալների պես: Ոչ թե հուշերիս մեջ, այլ հենց հոգուս` ամեն պահ ներկա` Հայոց բերդաքաղաքի գույներն են, Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակների թեւաբախումը, վերուվար փողոցների ու շեների այնքան հայկական, այնքան հարազատ, այնքան բնությանը ձույլ մասունքված պատկերները: Մեր որքան հայորդաց արյան գինն ուներ դժվար ձեռքբերված հաղթանակը, վերջապես արյունարբու գազաններից նրա առումը, նաեւ` ողջ Արցախի:Հաղթանակները թեւավորել էին մեզ, հասկացել էինք, որ թուրք-ազերին վախկոտի մեկն է, եւ նրա առաջ ծնկելն ամոթ է մեզ նման քաջորդիներ ծնող ժողովրդի համար, հասկացել էինք, որ «մի բուռ չենք», «փոքր չենք», որ ուրիշ են մեր չափումները` «մեկը գետնի վրա, յոթն անգամ յոթը` դեպի վեր ու վեր»: Արդեն ասես ժամանակն էր եկել, որ մեր Լեռան ու կորուսյալ մյուս հողերի կանչին գնայինք: Միայն թե … օրեր շարունակ մեզ հաղթության արբեցնող, բայց ստահոդ լուրերով սնողները, հանկարծ բոլորիս շանթեցին ջախջախիչ պարտության հայտարարությամբ: Եթե ժամանակին տեղյակ լինեինք իրականությանը, մեր հակազդեցությունն ու պատասխանը անկասկած շատ ավելի համապատասխան կլինեին նրան: Ամեն դեպքում, պետք է ուշքի գալ այս ցնցումից եւ փորձել ճիշտ կողմնորոշվել նոր իրականության մեջ: Հուսահատվել պետք չէ. չարի ու նրա ոհմակների դեմ կռիվը, այն էլ` անհիշելի ժամանակներից ճանապարհ ընկած ժողովրդի համար, մի քանի օրվա բան չէ, անգամ տարիները, դարերն են դրա համար քիչ, ավելի ճիշտ, այդ կռիվն անվերջ է` երբեմնակի դադարներով, մեծ ու փոքր բախումներով, պարտություն-հաղթանակներով, անկում-հառնումներով, դավաճանական հանձնումներով եւ հերոսական առումներով: Կարեւորը մնանք Բարու նվիրյալներ, չդավաճանենք Բարձրյալին եւ չկորցնենք հաղթողի ոգին: Այս օրերը այդ մեծ կռվի մի փուլը, դեպի հաղթանակ ճանապարհի կայաններից մեկն են միայն: Ոչինչ չի վերջացել, ու ամեն բան առջեւում է դեռ: Եթե դաս քաղենք եղածից, չհանդուրժենք իշխանավորների կամայականությունները, սխալն ու շեղը, ժողովրդի անունից, բայց ժողովրդից թաքուն ու նրա դեմ կնքված գործարքները. հաղթանակը երկար չի սպասեցնի մեզ: Եթե այսօրվա լրիվ արդարացի զայրույթը մեզ չխանգարի հետ նայել եւ չմոռանալ, թե ինչ երկար ճանապարհ է անցել այս օրերին կյանքի կոչված փաստաթուղթը, թե ինչպես է խայտառակ դիվանագիտության եւ անգործության, երկրի սպառազինման փոխարեն ժողովրդի թալանով զբաղվելու արդյունքում տասնյակ տարիներ «մթության քողի տակ» սեղանից սեղան, ձեռքից ձեռք անցած պայմանագիրը դարձել նախ այսօրվա պատերազմի «մակետ» հանդիսացող Քառօրյա, ապա ներկայիս անընդունելի պարտությունը, եւ չհանդուրժենք այլեւս չարի ոչ մի ուժ մեր թանկ երկրի ղեկի մոտ, լավ կարողանանք զատել որոմը` ցորենից, խավարը` լույսից, եւ սեւը` սպիտակից` լինի այսօրվա, թե` երեկվա. պարտություններ այլեւս չեն լինի: Զգոն լինենք. մենք անկասկած ունենք ազնվագույն հայրենապաշտներ, փնտրենք ու գտնենք նրանց:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ