«ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆՎԵՑ ՇԱՏ ԳԱՂՏԱԳՈՂԻ ՈՒ ՍԱՀՈՒՆ, ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՈՒ ԲՈԼՈՐԻՑՍ ԹԱՔՈՒՆ»
Մշակութային
Երկրում տիրող իրավիճակի շուրջ զրուցեցինք բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ, ով նաեւ ազատամարտիկ է :
- Ինչպե՞ս եք վերաբերվում կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրմանը եւ առհասարակ խաղաղարարներին ժամանակին չդիմելուն, որի պատճառով այսքան զոհեր ունեցանք, եւ հանձնվեց Շուշին:
– Կապիտուլյացիայի համաձայնագրին վերաբերվում եմ, ինչպես ցանկացած ծովագնաց, ով, ավելի քան վստահ լինելով, որ հարբած ու խարխուլ նավով, ամեն դեպքում, ուր որ է պիտի ափ դուրս գա, քանի որ հստակ ուրվագծվում է փրկության կղզին, ու հանկարծ պարզվում է, որ էդ ափի դեմ հսկայական խութեր են, որոնց գոյության մասին նախապես գիտեր, բայց չէր ասել նավապետը: Այդ խութերը փշրում են նավը ու ողջ նավատորմին, որովհետեւ նավի կապիտանը մոլագար է: Խաղաղապահների մասով, կարծում եմ, բացարձակ կարիք չկար դիմելու, քանի որ մեր մարդկային ռեսուրսը հսկայական էր:Կարող էինք զենք գնել` գոնե օդը փակող պաշտպանիչ համակարգեր, որոնք, վստահ եմ, եթե Ռուսաստանը տար, մենք գումարի խնդիր չունեինք: Խաղաղապահների մուտքով զոհերի թիվը կրճատելը գուցե տարբերակ էր, բայց միայն այն դեպքում, եթե համարենք, որ նախապես պայմանավորված էր կապիտուլյացիան: Սակայն էս դեպքում էլ բախվում ենք հակառակ իրողությանը. եթե պայմանավորված էր, ուրեմն զոհեր պիտի լինեին, որպեսզի հետո կոզր լինել` Շուշին` Կարսի բերդի պես հանձնելու համար: Շուշին, այո, հանձնվեց, ինչպես որ հանձնվեց Արցախը ամբողջությամբ եւ դեռ Հայաստանի պետականությունն էլ հետը: Ու հանձնվեց շատ գաղտագողի ու սահուն, բոլորիս աչքի առաջ ու բոլորիցս թաքուն:
ԵԹԵ ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ ԱՅԴ ՏԽՄԱՐ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ԱՊԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ, ՊԵՏՔ Է ՏԱՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն արտահայտությանը, որ «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր»:
– Գուցե եւ ոմանց աչքին էդպես էր, բայց ո՞վ է մեղավոր դրա համար, թող սարքեին, չեն սարքել, թող չսարքողներից գոնե մեկը պատժվեր, գոնե մեկը, ով 30 տարի Շուշին, Արցախն ու Հայաստան աշխարհը ընդհանրապես սարքելու փոխարեն լափել է միայն: Ո՞վ էր ձեռքը բռնում, ամբողջ իշխանությունը իրենցն էր` բոլոր կառույցներով, թող բռնեին գոնե մեկին, եթե, իհարկե, էդ նախկին լափողների հետ քիրվա ու օրթախ չեն: Եթե առաջնորդվենք էդ տխմար տրամաբանությամբ, ապա Հայաստանի բոլոր քաղաքները, բացառությամբ Երեւանի, դժբախտ ու դժգույն են, հետեւապես առանց խղճի խայթի կարելի է էդ բոլորը տալ թշնամուն:
ՄԻԼԻՈՆ ԵՐԱՆԻ ԳՆԱՑՈՂԱՑ, ՈՐ ՉՏԵՍԱՆ ԵՎ ՉԵՆ ԱՊՐԻ ԱՅՍ ԱՄԵՆԸ
– Դուք նույնպես պատերազմի դաշտում եք եղել, Ձեր հոգեվիճակը, երբ իմացաք պատերազմի ավարտի մասին հօգուտ թշնամու:
– Ցավ ի սիրտ, ես պատերազմի դաշտում չեղա, տասնյակ հազարավորների պես, ես էլ հավատալով, որ կարիքը չկա, կամավորագրված ու թիկունքում ինչ-որ գործեր անելով, որը ասենք, 16-ամյա եղբայրս իր ընկերների հետ էլ կաներ, միամտաբար ու անվերապահորեն ենթարկվեցի վերեւների հրահանգներին: Ու հիմա միլիոն երանի եմ տալիս գնացողաց, որ չտեսան ու չեն ապրի էս ամենը, նրանք ողջ են մեզանից միլիոն անգամ: Հոգեվիճակս, երեւի թե նույնը, ինչ-որ զգացել է Մխիթարի զորքը` դավադրաբար հանձնված Հալիձորի պարիսպների տակ հայտնվելով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՍԸ ԾԱԽՈՂԸ` ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԿԾԱԽԻ
– Ըստ տարածված լուրերի` Հայաստանը պետք Է 50 մլրդ դոլար տուգանքի փոխարեն Ադրբեջանին Հանձնի Սյունիքի մարզը: Մի օր էլ կարթնանանք եւ կտեսնենք մտել են Երեւան:
– Մեր, թող ներվի ասել, բարդակի ֆոնին, ամեն բան հնարավոր է: Ժողովրդական խոսքն ասում է` ձու գողացողը` ձի էլ կգողանա: Նույնկերպ էլ, Արցախ ծախողը Հայաստանն էլ կծախի, այսինքն` Հայաստանի մի մասը ծախողը` Հայաստանն ամբողջությամբ էլ կծախի: Որպեսզի էդ գործարքը չկայանա, էստեղ արագ ու գլխավոր դերակատարություն պիտի ունենա ինքը` Նորին Մեծություն դատավորը, որն է` Ազգը: Պիտի արագ ինքնակազմակերպվել, մերժել իշխանությանը, իշխանություն ասելով` ես նկատի ունեմ հետանկախության շրջանի բոլոր նախկին ու ներկա կուսակցապետերին, քանի որ իմ խորհին համոզմամբ բոլորը մեկ են ու ղեկավարվում են մի կենտրոնից: Բացատրեմ, եթե նախկինները թալանել են, ապա մնացած կուսակցությունները տարբեր ժամանակներում կոալիցիա են կազմել դրանց հետ, հաճախ պետական ապարատում ունեցել են կարեւոր նշանակության նախարարներ եւ այլն, այսինքն` իմացել են ու հանդուրժել էդ ամենը, եթե չեն իմացել, ուրեմն ավելի վատ: Եթե ներկաները նախկինների հետ չեն համագործակցել, ապա 2,5 տարում գոնե մեկը պիտի պատժվեր, թալանի ու երկիր ծախելու համար: Հետեւապես, ոնց ժողովուրդն է ասում, բոլորն էլ իրար բերան թքած` երկիրը տարել են կործանման, ու պիտի Գերագույն Դատավորը, այն է` Ազգը, բոլորին տանի դեպի Հայկական Նյուրենբերգ: Դրանից հետո պետք է արագ ձեւավորի նոր իշխանություն, որին կստիպի լինել ազգային, ցանկացած ապազգային, թեկուզ չնչին քայլի դեպքում, էդ նոր իշխանությունը պիտի հստակ իմանա, որ րոպե առաջ Քադաֆիի ճակատագրին է արժանանալու: Ազգային իշխանություն ասելով` ես նկատի ունեմ անվերապահ հավատարմություն սեփական ժողովրդին, նրա էթնիկ-մշակութային արժեհամակարգին, աստվածային հավատին ու ոգուն: Առանց ստրկության էդ իշխանությունը անվերապահ ու անմնացորդ ընկերության երդում կտա տարածաշրջանում որեւէ գերտերության` Ռուսաստան, կամ Իրան, լավ կլինի առաջինին, չնայած, կարծում եմ, էստեղ երկուսի շահն էլ մեկ է, ու այսքանից հետո որեւէ մեկը չի համարձակվի ձեռնոց նետել մեզ, եթե համարձակվի` ավելի վատ իր համար: Որպեսզի առաջարկս թեական չթվա, մի փոքր պարզաբանեմ: Նայեք, եթե չեմ սխալվում աշխարհում գոյություն ունի մոտ 197 պետություն: Բոլորն էլ թվացյալ անկախ եւ ինքնիշխան են: Բայց իրականում դրանցից մի 7-ը հազիվ թե անկախ ու ինքնիշխան լինեն, էն էլ մասամբ: Մնացած 190-ը, այս կամ այլ կերպ ածանցված են էն 7-ին: Ավելի պարզ ասեմ, պատկերացրեք մի վիճակ, երբ Կանադայի պես երկիրը, որը գերհզոր է, ազատ ու ինքնիշխան, էն պարագայում, երբ Ամերիկան ու Ռուսաստանը իրար հետ կռվում են, հանկարծ որոշի որ ռուսի կողմից է: Դրանից հետո, թե քա՞նի ժամ կտեւի Կանադայի ինքնիշխանությունը` մտածեք ինքներդ: Նույնն էլ մենք պիտի տարածաշրջանում գտնենք մեր շահն ու անվերապահ հետապնդենք այն, կրկնում եմ, ոչ թե ստրկանանք, այլ ընկերություն անենք: Եթե ոչ, քանի դեռ աշխարհի էս գերլարված վիճակում, երբ բոլորը իրար միս են ուտում, մեր մի մասը Ամերիկա կվազի, մի մասը` Ռուսաստան: Մենք դատապարտված ենք հերթական ցեղասպանության: Ինչքան էլ խելագարություն թվա էս օրերին, բայց մեկ է` ես հավատում եմ իմ ազգի իմաստնությանը, հավատում եմ նրա հավաքական ուժին, հավատում եմ, որ էս ապտակը վերեւից տրված վերջին սթափության ու ինքնամաքրման հնարավորությունն էր, որը մենք կօգտագործենք ու կունենանք մեր երազանքների երկիր Նաիրին` բորբ ու հպարտ...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ