Ով էր սոցապնախարարը «հեղափոխությունից» առաջ
Ներքաղաքական
ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի աթոռին հայտնվեց ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ` փոխարինելով Զարուհի Բաթոյանին: Ո՞վ է նա եւ ի՞նչ կենսագրություն ունի, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել: Նախ նշենք, որ կառավարությունը շարունակում է իր հետեւողական քաղաքականությունը` հերթական նորանշանակ նախարարը բանակում չի ծառայել: Մեսրոպ Առաքելյանը ընտրությունների ժամանակ գլխավորում էր «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը դաշինք կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ` դառնալով «Իմ քայլը»: Հատկանշական է այն, որ Մ. Առաքելյանը հանդիսանում է mogo.am-ի գլխավոր տնօրենը: Ովքեր տեղյակ չեն, տեղեկացնենք, որ mogo-ն ավտովարկեր եւ մեքենայի գրավով վարկեր է տրամադրում, ինչից մի շարք քաղաքացիներ բողոքում էին` հանրայնացնելով, թե խաբվել են: Ինչեւէ, ԵՊՀ-ում էլ բավական հետաքրքիր պատմություններ են պատմում նորանշանակ նախարարի մասին: Պարզվում է` նա ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնում աշխատում է` որպես ասիստենտ: Նախկինում եղել է ուսխորհրդի ակտիվիստ ու նախկին իշխանությունների օրոք թունդ իշխանամետ: Ավելին` ասում են, թե նա ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ էլ բավական մտերիմ հարաբերություններ ուներ: Բայց, արի ու տես, որ թավշյա «հեղափոխությունից» հետո նա դարձավ ամենաընդդիմադիր ու իր տեղը գտավ Փաշինյանի կառավարությունում` որպես խորհրդական ու փաստացի խորհուրդ տվեց վարչապետին հենց իրեն էլ նշանակել սոցապնախարար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ