«Ծնված էր հաղթելու համար, և հաղթեց հանուն հայրենիքի» 19-ամյա Արթուր Բարսեղյանը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ
Սպորտ
Արցախյան պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների անունների կողքին գրվեց ևս մեկ մարզիկի անուն։
Հայաստանի Մ-18 հավաքականի և «Ալաշկետի» նախկին պաշտպան Արթուր Բարսեղյանը ֆուտբոլային գնդակը թողել էր մի կողմ և զորակոչվել բանակ ` պաշտպանելու հայրենիքն ու հայրենակիցներին։
Օրեր շարունակ լուր չունենալով , հարազատները հույսով սպասում էին, որ ողջ ու առողջ վերադառնալու է, սակայն ցավոք «սև թուղթը» հասավ նաև Արթուրի մայրիկին։
Հարազատները արցունքներով, բայց և ժպիտներով են հիշում երիտասարդ ֆուտբոլիստին, ասում են գեղեցիկ, հաղթանդամ ու նպատակասլաց երիտասարդ էր` ծնվել էր հաղթելու համար և հաղթեց հանուն հայրենիքի։
«Արթուրն անսահման բարի էր , նրա մասին առանց ժպտալու չեմ կարող խոսել, խելացի էր ու շատ աշխատասեր։
Շատ նպատակներ ուներ, ու միշտ առաջ էր քայլում, պարտություն չէր ընդունում։
Սիրում էր սպորտն ու ամեն տեղ փորձում էր առաջինը լինել»,- պատմում է Արթուրի հորաքրոջ աղջիկն ու հավելում, որ երիտասարդը երազում էր հայտնի ֆուտբոլիստ դառնալ, երազանք, որը այդպես էլ անկատար կմնա։
Ընկերները փաստում են, շատ ընկերասեր էր ու բարի։
Բնավորությամբ առաջատար էր և բոլորին փորձում էր իր ետևից տանել դեպի հաղթանակը։ Շատ հետաքրքրություններ ուներ , մարզվում էր , զուգահեռ նաև լողով էր զբաղվում։
Արթուրը ֆուտբոլն իր կյանքն էր համարում, և առանց այդ սպորտաձևի իրեն չէր պատկերացնում։
Չնայած ֆուտբոլի հանդեպ մեծ սիրուն, հայրենիքի հանդեպ սերն ավելի մեծ էր։
Հայրենիք, հանուն որի Արթուր Բարսեղյանը նախ թողեց ֆուտբոլը, ապա նաև նվիրեց ամենաթանկը` կյանքը։
Լուսանկարները` Արթուր Բարսեղյանի անձնական արխիվից։
Լիանա Հարությունյան





