Նոր գյուղական համայնքներ են հիմնադրվելու Արցախի ներկայիս փաստացի տարածքում.ԱՀ տարածքային կառավարման նախարար
Հանդիպում
Վաղը` նոյեմբերի 25-ին, համաձայն Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության` Արցախի Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին: Մասնակցո՞ւմ է արդյոք հայկական կողմը տարածքների վերաբաշխման գործընթացին` հաշվի առնելով, որ համացանցը ողողված ոչ պաշտոնական տեղեկատվություններով առ այն, որ տարածքների վերաբշխման գործընթավը ամբողջությամբ իրականացվում է ռուսական եւ թուրքական զորքերի անմիջական վերահսկողությամբ: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ տարածքային կառավարման նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, ով նկատեց.
– Ես կարող եմ միայն մեր գերատեսչության մասով ասել, որ մենք չենք մասնակցում տարածքների վերաբշխման գործընթացին: Իսկ կառավարության մնացած օղակները, պետական այլ մարմիններ մասնակցում են, թե ոչ` չեմ կարող ասել: Բայց փաստն այն է, որ որոշ տեղերում այ՛ո խնդիրներ առաջացան ինչպես սահմանների հստակեցման, այնպես էլ բնակչության տարհանման հետ կապված: Բայց այլ մանրամասներ, պարզաբանումներ, ցավոք, որպես Տարածքային կառավարման նախարար չունեմ:
– Պարոն Միրզոյան, ունե՞ք տվալներ, թե Արցախի քանի տոկոսն է համաձայնագրով նախատեսված հանձնվել հակառակորդին:
– Դեռ ամբողջությամբ ավարտված չէ հանձնելու պրոցեսը, դրա համար այս պահին որեւէ հստակ բան չենք կարող ասել: Օրինակ, այս պահին դեռ հստակ չէ Քաշաթաղի կամ Շահումյանի շրջանները արդյո՞ք ՀՀ-ի այսօրվա տարածքներով են հանձնվելու, թե նախկին ԼՂԻՄ-ի տարածքներով:
Բնակության վայրը կորցրած մոտ 2000 քաղաքացի տեղավորվել են Ստեփանակերտում
– Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում այն բնակիչներին, որոնց բնակության վայրերը այլեւ հակառակորդի տիրապետության ներքո են:
– Կառավարությունը պլանավորում է, որ նրանց բոլորին բնակեցնի Արցախի հանրապետության այսօրվա փաստացի տարածքում: Այս պահին մենք հորդորել ենք, որպեսզի նրանք, ովքեր բնակության համար տարածք ունեն Արցախում` վերադառնան: Իսկ ովքեր չունեն կամ անցել են Ադբեջանի վերահսկողության տակ, իրենց մենք հաշվառում ենք, որպեսզի կարճ ժամանակահատվածում փորձենք բնակարանային պայմաններ ստեղծել գյուղերում, քաղաքներում:
Մինչ այդ օգտագործելու ենք եղած հնարավորությունները մեր բնակիչներին հնարավորինս կեցությամբ ապահովվելու համար: Այս պահին բնակության վայրը կորցրած մոտ երկու հազար քաղաքացի տեղավորվել են Ստեփանակերտում:
Առաջիկայում մեծ թափով բնակարանաշինության ծրագիր է մեկնարկելու: Ունենք նաեւ մեծ քանակի կիսակառույց բնակարաններ, որոնց ավարտման աշխատանքները շատ արագ կազմակերվելու են: Քննարկվում է նաեւ Արցախում նոր բնակավայրեր հիմնադրել կոնկրետ ծրագիր:Այն նախնական քննարկվել է Արցախի կառավարությունում, բայց դեռ կոնկրետ, որտեղ դեռ հստակեցվում է: Բայց առաջիկայում այդ ծրագիրը վստահաբար կյանքի է կոչվելու: Նոր գյուղական համայնքներ են հիմնադրվելու Արցախում:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ