ԷՐԴՈՂԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԱՆՑԱՎ ԵՎՐՈՊԱՅԻ՞Ն
Միջազգային
Կարծես թե սկսում է տեսանելի դառնալ եւս մեկ գործոն, որը հուշում է, որ Թուրքիան առաջիկայում իր հիմնական ռազմավարական ուշադրությունը, միգուցե ժամանակավորապես, կտեղափոխի այլ ուղղությամբ:
Այսպես, թեեւ Թուրքիան երկար ժամանակ հայտարարում էր, թե իրեն առհասարակ չի հետաքրքրում Եվրոպան, բայց ահա նախօրեին Էրդողանը ցույց տվեց, որ իրավիճակն արմատապես փոխվել է: Այսպես, նախօրեին Էրդողանը տվեց նոր խաղի մեկնարկը` կոչ անելով Եվրամիությանը` կատարել խոստումները, այդ թվում` Եվրամիությունում հանրապետության լիարժեք անդամության շուրջ. «Մենք միշտ համարել ենք մեզ Եվրոպայի մասը եւ օգտագործել մեր նախասիրություններն ի շահ Եվրոպայի, եթե նրանք չեն ստիպել մեզ փնտրել այլընտրանքներ: Մենք կոչ ենք անում Եվրամիությանը` պահպանել խոստումները, որոնք դուք տվել եք մեր երկրին` սկսած լիարժեք անդամության հարցից մինչեւ փախստականների հարցը»:
Այն, որ ԵՄ-ն դեռ էն գլխից Թուրքիային իր կազմում չի ցանկանում տեսնել, հայտնի բան է: Վերջապես, դժվար չէ կռահել, որ այն գործոնները, որոնցից ելնելով ԵՄ-ն համառորեն խուսափում էր Թուրքիայի անդամակցությունից, եւ այդ հակասությունները գնալով միայն սրվում են: Ավելին, ներկայումս Թուրքիան մի շարք եվրոպական առաջատար երկրների, մասնավորապես` Ֆրանսիայի հետ բացահայտ թշնամանքի մեջ է, բանը հասել է Եվրոպայում թուրքական որոշ կառույցների արգելափակմանը: Եվ ահա, այս իրավիճակում է, որ Անկարան նման հայտ է նեկայացնում Եվրոպային: Ավելի ճիշտ, սա արդեն նմանվում է ոչ թե անդամակցության հայտի, այլ` վերջնագրի: Թերեւս Անկարան պարզ գիտակցում է, որ եթե մասնավորապես Ֆրանսիայի հարցում հարաբերությունները հասել են առաջին դեմքերի մակարդակով անթաքույց թշնամանքի, իսկ Հունաստանի հետ ռազմական բախման շեմին է, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պարզապես բացառվում է: Այսինքն, դիմելով Եվրոպային, թե` կատարիր խոստումդ, Էրդողանը գնում է հարաբերությունների կտրուկ սրացման: Այսինքն, Եվրոպան անշուշտ մերժելու է, որին Անկարան հաստատ կպատասխանի, ընդ որում, զինանոցում ունենալով պատասխան քայլերի մի ամբողջական տրցակ: Սկսած Թուրքիայում «կոնսերվացված» փախստականների միլիոնանոց բանակներ դեպի Եվրոպա ուղղորդելուց, վերջացրած եվրոպական մի շարք երկրներում սփռված թուրքական տարաբնույթ կառույցներն ու վերահսկվող թուրքերի զանգվածները ոտքի հանելով: Վերահսկողության տակ են նաեւ Եվրոպայում գտնվող ոչ թուրք իսլամիստների (այդ թվում` ծայրահեղական, ահաբեկիչ) մեծ զանգվածներ եւ կառույցներ: Ճիշտ է` Եվրոպան ունի հակազդեցության որոշակի լծակներ: Սկսած ոստիկանա-ռազմական ուժերից, վերջացրած ազգայնական շարժումներով: Սակայն նման մեծ բախման պարագայում Թուրքիայի ձեռքին է ամենախոշոր խաղաթուղթը` բախումները, ինչ տեսքով էլ որ լինեն, ընթանալու են հակառակորդի դաշտում` Եվրոպայում: Այսինքն, Էրդողանը կարող է մինչեւ վերջին իսլամիստը կռիվ տալ, որը գործնականում չի հարվածի Թուրքիային: Իսկ ահա Եվրոպայի համար, որքան բախումները լինեն մասշտաբային, այնքան սեփական ներքին քայքայումն է խորանալու: Իսկ եթե բանը հասնի ներքին քաղաքացիական բախումների, այն էլ` համեմված իսլամիստ-ահաբեկիչների հարձակումներով, ապա դժվար է ասել, թե ինչ կմնա կորոնավիրուսից` առանց այդ էլ բավականին թուլացած Հին աշխարհամասում: Մեկ առավելություն եւս Էրդողանն ունի: Եթե նրան իրոք հաջողվել է արցախյան, հարավկովկասյան եւ սիրիական ուղղություններով գնալ զիջումների եւ պայմանավորվածություններ ձեռք բերել Մոսկվայի հետ, ապա չբացառենք, որ ռուսների փոխզիջումը կարող է լինել հենց եվրոպական հարթակում թուրքական գործողությունների հանդեպ չեզոքությունը: Այսինքն, Էրդողանը հարձակման է անցնում Եվրոպայում, ռուսական ուղղությամբ թիկունքն ապահովելով, որը եւս եվրոպական հարթակում հաջողության հասնելու լավ երաշխիք է: Հաշվի առնելով նաեւ, որ միանգամայն անորոշ է մնում նաեւ հարցը, թե ինչ է այս իրավիճակում անելու ԱՄՆ-ն, եթե անելու ինչ-որ բան ունի: Մի խոսքով, այն տպավորությունն է, որ Էրդողանը, փորձելով գլոբալ ռազմավարություն կառուցել նախ` հարավային ուղղությամբ (Սիրիա, Լիբիա եւ այլն), ապա` արեւելյան եւ, հասնելով միայն մասնակի արդյունքների, սկսում է հասցնել հիմնական հարվածը եվրոպական ուղղությամբ: Հայաստանի համար միգուցե դա կբերի մեր տարածաշրջանում լարվածության նկատելի անկում: Բայց թե ինչ վիճակի կհասնի աշխարհը, եթե Թուրքիային հաջողվի Եվրոպայի հաշվին ամրապնդել իր դիրքերը, դա արդեն լուրջ մտահոգություններ է առաջացնում: