Մեղավորների շարքում առաջիններից մեկը ՀՀ նախագահն է. Մելիք-Շահնազարյան
ՀանդիպումԹեպետ շարունակվում է գնալով ընդլայնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, սակայն նա, կարծես թե, որեւէ կերպ չի պատրաստվում բաժանվել կառավարության ղեկավարի աթոռից: Ավելին` նա փոփոխություններ է կատարում կառավարության կազմում` փորձելով ժամանակ շահել: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:
«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԸ»
– Պարոն Մելիք-Շահնազարյան, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ կառավարությունից: Ի՞նչ հետեւանքներ կարող է սա ունենալ:
– Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում իրավիճակը եւ այն ողբերգության մասշտաբները, որ ստեղծվել են հայկական երկու պետություններում եւ հայ ժողովրդի սրտում: Սա է պատճառը, որ նա շարունակում է անել քայլեր, որոնք չեն բխում իրավիճակից եւ, ըստ էության, ավելի են բարդացնում իր վիճակը: Մեր ժողովովրդի ուղերձն այսօր շատ պարզ է` Նիկոլ Փաշինյա՛ն, քեզ հետ ոչ մի մետր ճանապարհ գնալու որեւէ ցանկություն չունենք: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեզ պետք է միանգամայն այլ առաջնորդ, որը կստեղծի ագգային միասնություն: Մեզ պետք են մարդիկ, ովքեր հավատում են մեր ժողովրդի պոտենցիալին, կարողություններին եւ այդ ամենը հաշվի առնելով կարող են գծել ճանապարհային քարտեզներ, որոնք կյանքի կոչելով` կարող ենք դուրս գալ ստեղծված աղետալի վիճակից: Մեզ պետք չեն մարդիկ, ովքեր չոքում են թշնամու առջեւ եւ «կոշիկները լպստելով» կապիտուլիացիոն պայմանագրեր են ստորագրում:
«ՎԵՐ ԿԱՑԵՔ ԵՎ ԳՆԱՑԵ՛Ք, ՄԻ՛ ՎԱՏԱՑՐԵՔ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ»
– Ի դեպ, կարծես թե, լեզու չեն գտնում իշխանավորները նաեւ սեփական թիմում: Նկատելի է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ առկա լարվածություն: Ի՞նչ եք կարծում` կհաջողվի մի քանի նախարարի փոփոխությունը ներկայացնել` իբրեւ փոխզիջումային տարբերակ, որը կարող է ընդդիմությանը հետ պահել վարչապետի հրաժարականի պահանջից:
– Նախորդ շաբաթ նայում էի Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանը: Կոպիտ պետք է ասեմ, բայց բոլորը մեռած էին, թաղած չէին: Իրար ո՛չ հարց ունեն տալու, ո՛չ էլ հարցերին պատասխանելու հնարավորություն ունեին: Օրինակ` ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը շատ պարզ հարց էր տալիս, թե ի՞նչ է լինելու Սոթքի ոսկու հանքերի հետ, ի՞նչ է լինելու աշխատակիցների ճակատագիրը, կարողանալո՞ւ են նրանք աշխատել: Իսկ կառավարությունում իրար երեսի էին նայում եւ չէին կարողանում պատասխանել: Բազում նման հարցեր կան, որոնց պատասխանները ցանկանում է լսել այսօր ժողովուրդը, բայց այդ հարցերին ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ խորհրդարանական մեծամասնությունը չի կարող պատասխանել: Դրա համար էլ արդեն տեւական ժամանակ է իրենց շատ բարի առաջարկ է հղվում հանրության կողմից` վեր կացեք եւ գնացե՛ք, մի՛ վատացրեք իրավիճակն ավելի, քան կա: Բայց, ինչպես երեւում է, հասկանալու, իրավիճակը գնահատելու հետ լուրջ խնդիրներ ունեն: Նրանք իսկապես կտրված են իրականությունից եւ մինչեւ հիմա մտածում են ոչ թե պետության, այլ սեփական ճակատագրերի մասին:
– Չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակում իր մեղքի բաժինն ունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով պատերազմից հետո հայտարարեց, թե իբր մամուլից է իմացել զիջումների վերաբերյալ Ն. Փաշինյանի ստորագրության մասին:
– ՀՀ նախագահը պետության անվտանգության եւ նաեւ տարածքային ամբողջականության երաշխավորն է: Իհարկե, ոմանք հիմա կսկսեն փորձել բացատրություններ տալ, թե Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ եւ այլն, բայց պետք է ասեմ, որ ցանկացած մեկը, ով ունեցել է պատասխանատվություն` կանխելու այս ողբերգությունը եւ չի գործել իր պատասխանատվության սահմաններում, իհարկե, մեղավոր է: Եվ ՀՀ նախագահն այդ մեղավորների շարքում առաջիններից մեկն է:
«ԱՅՍ ԱԼԻՔԸ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆԱԼՈՒ Է, ՀԻՄՆԱՎՈՐ ՈՒ ԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ Է ԴԱՌՆԱԼՈՒ»
– Այս օրերին տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ սկսել են քրեական մեղադրանքներ առաջադրել: Այս կերպ հնարավոր կլինի՞ լռեցնել բոլորին:
– Կարծում եմ` մեր հանրությունը դեռ նոր սկսում է գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել: Իրականում շատ մեծ է ցավը, ինքս, լինելով իմ ընկերների, ընկերների զավակների հոգեհանգստին, ինչ-որ պահի մտածում եմ` երեւի թե, ժամանակ է պետք ուշքի գալու համար եւ գիտակցելու, թե ինչ է տեղի ունենում: Նույնիսկ ինձ այդ ժամանակը պետք է, դրա համար չեմ կարծում, որ ճնշումներով կարողանալու են լռեցնել: Այս ալիքը գնալով մեծանալու է, հիմնավոր ու իմաստավորված է դառնալու ամեն քաղաքացու համար: Եվ, անկեղծ ասած, քաղաքական գործիչների ճակատագրերն էլ այս պահին ինձ այդքան հետաքրքիր չեն, պետք է բոլորս մտածենք մեր պետության եւ մեր հայրենիքի անվտանգության մասին: Ըստ իս, դեռ շանսեր ունենք ինչ-որ բաներ շտկել Արցախում` լինի քաղաքական գործիչների միջոցով, թե` հանրային ալիքի, ինչն էլ կբերի նոր առաջնորդներ, նոր մոտեցումներ: Այս պահին, հենց այս վայրկյանին առաջին խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումը պետք է լինի, հետո արդեն կտեսնենք, թե զարգացումներն ինչ ընթացք կունենան: Ավելին ասեմ` անգամ եթե «Իմ քայլից» լինի վարչապետի նոր թեկնածու, ես դեմ չեմ լինի, որովհետեւ հիմա բոլոր խնդիրների պատճառն անձամբ Նիկոլ Փաշինյանն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ