ՄՈՍԿՎԱՆ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ԻՐԵՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ
Միջազգային
Նոյեմբերի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնապես զեկուցեց Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորքի տեղակայման փուլի ավարտի մասին, նաեւ, որ առաքելությունն անցնում է իր հիմնական գործառույթների իրականացմանը: Ի՞նչ է դա նշանակում, ինչպիսի՞ն է լինելու Արցախի մնացած այս հատվածի ճակատագիրը, այս ամենի պատասխանները մնում են անորոշ: Սակայն այն, որ առաքելությունն արդեն գործում է, եւ տեղակայումն ընթացավ առանց ցնցումների, արդեն իսկ շատ բան է հուշում:
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԵ՞Տ ՔԱՇՎԵՑ
Այս պահին ունենք հետեւյալ իրավիճակը: Անշուշտ, կային եւ դեռ կան ուժեր, որոնք կցանկանային ձախողել խաղաղապահների տեղակայումը: Այս մասին նախօրեին հայտարարեց նաեւ Սերգեյ Լավրովը. «Ցավոք, միտում կա: Մենք զգում ենք դա, որ փորձում են կանգնեցնել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կատարումը, փորձում են թույլ չտալ, որ այդ հայտարարությունն ամբողջությամբ կատարվի, թեեւ բոլորը ստիպված են ընդունել, որ այն հաջողությամբ իրականացվում է: Խաղաղապահ առաքելության բնույթը փոխելու փորձերը մենք նույնպես տեսնում ենք, դեռ թաքուն, բայց դրանք նույնպես տեղի են ունենում»:
Ընդ որում, նման ուժեր առկա են ինչպես Հայաստանում եւ Ադրբեջանում, այնպես էլ` դրսում եւ ոչ միայն Թուրքիայում: Նկատենք նաեւ, որ խաղաղապահների ձախողման ամենահարմար պահը հենց տեղակայման փուլն էր: Բավական էր ինչ-որ հատվածում, որտեղ ռուս զինվորականները դեռ տեղակայված չէին, հրահրել իրար դեմ կանգնած հայ-ադրբեջանական ուժերի բախում, որ դա սպառնար անկանխատեսելի տարածման հեռանկարով: Նաեւ նկատենք. այս նախնական փուլում նման պայթյուն առաջ բերելու ամենամեծ հնարավորությունն ուներ Թուրքիան. ճակատային որոշ հատվածներում գործում են բացի իրենց վճարողներից որեւէ այլ իշխանություն չճանաչող ահաբեկչական խմբավորումները, որոնց Անկարան կարող էր պարզապես «ֆաս» հրահանգը տալ, եւ վերջ, պայթյունն ապահովված էր: Ընդ որում, նման իրավիճակում առաջին հերթին Ալիեւն էր հայտնվում բարդ իրավիճակում. ՌԴ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու` զինադադարն ապահովելու համար նրան կմնար ադրբեջանական բանակն ուղղել ահաբեկիչներին հնազանդեցնելու: Բայց կկարողանա՞ր, եթե սեփական ԳՇ-ում իշխում են թուրքերը: Բացի այդ, ահաբեկիչներին ոչնչացնելը կնշանակեր Էրդողանի հետ բաց եւ խորը հակամարտություն...
Կարճ ասած, չափազանց բարդ փուլ էր խաղաղապահներին իրենց դիրքերում կանգնեցնելու գործընթացը, եւ երբ այն անցավ առանց միջադեպերի, այդ թվում` Անկարան չգնաց սադրանքների, ապա դա արդեն իսկ ակնարկ է այն մասին, որ բացի եռակողմ պայմանավորվածություններից, կան նաեւ ռուս-թուրքական հստակ պայմանավորվածություններ, որ առնվազն դեռ պահպանվում են: Եվ ենթադրելի է, որ կպահպանվեն, քանի որ այն պահից, երբ Շոյգուն Պուտինին զեկուցեց, որ խաղաղապահ զորքն իր դիրքերում է, ունենք միանգամայն այլ իրավիճակ, քան տեղակայման փուլն էր: Այսինքն, արդեն գործնականում բոլոր հատվածներում հայկական եւ ադրբեջանական ուժերի միջեւ կանգնած են ռուս զինվորները, ովքեր ոչ միայն պարտավոր են, այլեւ կարող են կատարել իրենց հիմնական գործառույթը` պահպանել խաղաղությունը: Իսկ դա նշանակում է, որ ցանկացած հատվածում բախում հրահրելու դեպքում անմասն չեն մնալու ռուսական ուժերը` դրանից բխող բոլոր հասկանալի հետեւանքներով հանդերձ: Ընդ որում, առնվազն առաջիկա 5 տարիներին ցանկացած ուժ, գործի այն Հայաստանում, Ադրբեջանում, թե դրսից, Արցախի շուրջ իրավիճակ փոխելու ցանկության դեպքում առաջին հերթին հենց այդ գործոնը պետք է աչքի առաջ ունենա` ցանկացած պրովոկացիոն քայլի դեպքում կներառվեն ռուս խաղաղապահները, իսկ բախումների մասշտաբների ընդլայնումը կհանգեցնի արցախյան հատված ռուսական շատ ավելի մասշտաբային ուժերի մուտքի: Եվ երեւի բոլորն են հասկանում, որ այդ դեպքում ռուսական խոշոր ուժերը մեծ հավանականությամբ հակամարտության գոտի կհասնեն ոչ միայն օդով, այլ նաեւ ցամաքով. ՌԴ-ի հարավային սահմաններից մինչեւ Արցախ հեռավորությունը շատ մեծ չէ: Ու սրանից զատ, բոլոր կողմերը նաեւ հասկանում են, որ 5 տարի անց այս իրավիճակը, ամենայն հավանականությամբ, մեխանիկորեն կհետաձգվի եւս 5 տարով, ապա եւս 5, մի խոսքով, քանի դեռ այնպիսի գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժեր չեն եղել, որն ուժային անբավարարության պատճառով ռուսներին թույլ չի տա առաքելությունը շարունակել:
ՄԽ-Ն ՄՆՈՒՄ Է ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա վերջինս ցուցադրաբար խոսելով Ադրբեջան սեփական զորքը մտցնելու մասին, ինչպես նաեւ զորքեր կենտրոնացնելով Հայաստանի սահմանների ուղղությամբ, փորձեց ցույց տալ, որ կարող է շարժվել ապակայունացման ուղղությամբ: Սակայն Ադրբեջանում զորքեր տեղակայելու` թուրքական խորհրդարանի հայտնի որոշման առնչությամբ իրավիճակը կարծես հասավ իր սպասելի զարգացմանը: Այսպես, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ թուրք զինվորականներն ավարտել են իրենց պատրաստությունը եւ մոտ ժամանակներս մեկնելու են Արցախ: Սակայն թուրքերի առաքելությունը հետեւյալն է. «Մեր զինվորականները ՌԴ-ի հետ համատեղ կենտրոնում կաշխատեն մեկ տարի»:
Հիշեցնենք, որ այն պահին, երբ ինչպես Թուրքիայից, այնպես էլ Ադրբեջանից հայտարարություններ հնչեցին` Արցախ թուրքական զորքեր ուղարկելու մասին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անմիջապես արձագանքեց` միայն տվյալ կենտրոնի սահմաններում գործելու համար: Եվ ահա թուրք նախարարը եւս հաստատեց, որ այդպես է, այսինքն` այլ ծրագրեր Անկարան չունի: Նշանակո՞ւմ է, որ Անկարան հարավկովկասյան տարածաշրջանը զիջում է ՌԴ-ին: Իհարկե, դեռ վաղ է նման ենթադրության համար: Սակայն այստեղ երկու էական գործոն պետք է հաշվի առնել: Այսպես, շատ էական ազդակ էր պատկառելի կազմով ՌԴ կառավարական պատվիրակության` օրերս կայացած այցը Հայաստան եւ Ադրբեջան: Պատվիրակության կազմում էին ռուսական արտաքին քաղաքականության եւ ռազմական ղեկավարները` Լավրովը եւ Շոյգուն: Թե գործնական տեսանկյունից որն էր նրանց 4-5 ժամանոց այցի իմաստը, դեռ հասկանալ է պետք: Սակայն իմաստային առումով ամեն ինչ պարզ էր` ՌԴ-ն ցույց տվեց, որ դիվանագիտական առումով միայն իրեն է համարում դրության տերը, եւ եթե այդ փաստը չընդունողներ կան, ապա կստանան Շոյգուի «օգնությունը»` այն ամբողջ խորությամբ գիտակցելու համար: Նույն մտքին էր բերում նաեւ այն, որ պատվիրակության կազմում էին նաեւ ՌԴ տնտեսական բլոկի պատասխանատուները, այդ թվում` երկաթուղային եւ էներգետիկ համակարգերի ղեկավարները: Երկաթուղին, իհարկե, առանձին թեմա է: Իսկ ինչ վերաբերում է էներգետիկային, ապա այստեղ հետեւյալ հետաքրքիր դրվագը հաշվի առնենք: Պուտինն այս այցին զուգահեռ հայտարարեց Արցախի բնակչության ձմեռային ջեռուցման ապահովման անհրաժեշտության մասին` հանձնարարելով Նովակին` զբաղվել այդ խնդրով: Դա, իհարկե, ամենեւին էլ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ-ի գործը չէ: Բայց այն, որ Պուտինը խոսում է Արցախում կենցաղային ինչ-ինչ հարցեր լուծելու մասին, դա եւս պարզ ակնարկ է, որ Մոսկվան իր դերն Արցախում շատ ավելի մասշտաբային է տեսնում, ավելին` այդ տեսլականը ներկայացնում աշխարհին, քան պաշտոնական խաղաղապահ առաքելությունն է: Իմաստը` Արցախում ամբողջական վերահսկողության գաղափարն է` ապահովված այնպիսի ծանրակշիռ գործիքով, ինչպիսին է ռուսական բանակը: Երկրորդ ազդակն էլ այն է, որ գնալով անհասկանալի է դառնում, թե հետագա զարգացումներում որն է լինելու Մինսկի խմբի եւ մյուս երկու համանախագահների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դերը: Օրերս Լավրովը եւս հանդիպեց համանախագահների հետ, եւ այդ հանդիպումը եւս չպարզեց իրավիճակը: Ավելին, նախօրեին Լավրովը համանախագահներին դիմեց կոչով` միանալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը. «Մենք` խաղաղապահների միջոցով, մեր ադրբեջանցի գործընկերների հետ միասին, հայկական կողմի մասնակցությամբ, ակտիվորեն համաձայնեցնում ենք մարդասիրական խնդիրների լուծման հստակ ուղիներ` ի շահ վերադարձող մարդկանց: Դա քաղաքացիական ենթակառուցվածքի ու տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար անհրաժեշտ ամեն ինչի կարգավորումն է: Մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք տարիներ շարունակ Ռուսաստանի հետ միասին ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ խնդիրների լուծմանը` հաշվի առնելով եւ հիմք ընդունելով նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները»: Այսինքն, որ Արցախում ընթանում է որոշակի գործընթաց, եւ առհասարակ խաղից դուրս չմնալու համար համանախագահներին մնում է մեկ տարբերակ` շարժվել այդ ուղղությամբ: Իսկ ավելի կոնկրետ, այսկերպ Լավրովը մյուս երկու համանախագահներին պարզապես դիվանագիտորեն հուշեց` դուք այստեղ այլեւս անելիք կամ ձայն չունեք: Լավագույն դեպքում կարող եք զբաղվել հումանիտար հարցերով, այն էլ` այն քաղաքական գործընթացների շրջանակներում, որոնք ընթանում են: ԱՄՆ-ից դեռ էական արձագանք չկա. Վաշինգտոնին իր սեփական ներքին խնդիրներն էլ բավական են, եւ դժվար թե արցախյան ուղղությամբ փորձի ինչ-որ ռեալ քայլ կատարել: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դեռ խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վրա ընկած հատուկ պատասխանատվության» մասին: Բայց նաեւ դիմելով Մոսկվային` «Մենք ցանկանում ենք, որ այս առումով մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն»: Սակայն դրանով ընդամենը խոստովանեց, որ մնացել է խաղից դուրս: Իհարկե, հետագայում խաղի մեջ վերադառնալու փորձեր պետք է, որ ինչպես Եվրոպան, այնպես էլ ԱՄՆ-ն անեն: Ընդ որում, դրա հիմքերը եւս ունեն. արցախյան խնդիրը, ի վերջո, մնում է չհանգուցալուծված, եւ բանակցային գործընթացն էլ, ըստ այդմ, պետք է շարունակել: Իսկ ՄԽ-ն, չմոռանանք, եղել եւ մնում է միակ ընդունված բանակցային ձեւաչափը: Ավելին, կան նաեւ հրատապ լուծման ենթակա հարցեր, օրինակ` ինչ կարգավիճակով են գոյատեւելու Արցախի բնակիչները, ինչ ներքին ինքնակառավարման համակարգով, ինչպիսի քաղաքացիական իրավունք-պարտականություններով, ընդհուպ` անձնագրերով, փողով: Մնալու է այդ ամենը նո՞ւյնը, բայց այդ դեպքում պետք է դա պաշտոնապես ֆիքսել, նաեւ հաշվի առնելով, որ խաղաղապահների գործունեությունը կարող է տասնամյակներով շարունակվել: Սակայն եթե անգամ ՄԽ-ն մնա նման հարցերով զբաղվող կառույց, մեկ է` դրության տերը մնում է Մոսկվան, քանի դեռ նրա այդ կարգավիճակն ապահովում է բանակը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ