ՀՀ-ում գտնվում են շուրջ 85 հազար արցախցի փախստական, որից մոտավորապես 32.600-ը Երեվան քաղաքում են. ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար
Հանդիպում
Ի՞նչպես են անօթեւան արցախցիները շարունակելու իրենց կեցությունը, որտե՞ղ են բնակվելու, ո՞վ է հոգալու նրանց սոցիալական խնդիրները, որքա՞ն արցախցիներ են արդեն վերադարձել հայրենիք այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանի հետ:
– Պարոն Վիրաբյան, որքա՞ն արցախցիներ կան այսօր, ովքեր ունեն փախստականի կարգավիճակ:
– Ներկա պահին ՀՀ-ում գտնվում են շուրջ 85 հազար արցախցի փախստական, որից մոտավորապես 32.600-ը Երեւան քաղաքում են:
– Ովքե՞ր են լուծում նրանց կեցության խնդիրը, որովհետեւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից մի քանի անգամ տեղեկացրել են, որ չունեն պետկան ծրագիր:
– Տեսեք, կացարանի հարցերով հիմնականում ՀՀ-ի տարածքում զբաղվում է ՀՀ-ի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ արցախցիների սննդի եւ այլ հարցերով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմիները:
– Ի՞նչ խնդիրների առաջ են հիմնականում բախվում մեր հայրենկիցները ՀՀ-ում:
– Խնդիրները բազմաշերտ են, բայց առաջնահերթ խնդիրը մնում է կացարանի` չէի ասի բացակայությունը, պարզապես այլ ավելի հարմարավետ կամ հասանելի տարբերակ ունենալու հարցը: Շատերը դժգոհում են իրենց լեցության պայմաններից:
– Կա՞ն քաղաքացիները, որոնք առհասարակ զրկված են օթեւանից:
– Այս պահի դրությամբ անօթեւան քաղաքացի չունենք, բայց այդ ամենի համակարգման, տեղաբաշխման խնդիրներ կան, որոնք ժամանակի ընթացքում լուծվում են ըստ առաջնահերթությունների:
Համենայնդեպս մինչեւ այս պահը նման ահազանգեր չենք ստացել: Բողոքներ շատ կան տարբեր ուղղություններով, բայց նման բողոք, ահազանգ դեռ չի եղել:՞
– Դուք պարբերաբար նշում եք, որ դժգոհությունները շատ են: Կառանձնացնեք երեք հիմնական դժգոհություն, որոնց հետ առավել շատ են բախվում արցախցիները ՀՀ-ում:
– Առաջին հերթին կացարանների խնդիրներն են, շատերին կացարանով ապահովելու համար առաջարկ է արվում տեղափոխվել մարզեր, գյուղեր, իսկ մերոնք չեն համաձայնում: Մենք խնդրել ենք արցախցիներին, որ չառաջնորդվեն միայն այն սկզբունքով, որ պետք է Երեւան քաղաքում բնակվեն: Այն քաղաքացիները, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, հնարավորություն պետք է ունենան տեղավորվել Երեւանում, ստանալ բժշկական օգնություն. դա վերաբերվում է նաեւ այն վիրավոր տղաներին, որոնք դուրս են գրվում բուժհաստատություններից, բայց դեռեւս ունեն հետագա բժշկական խմանքի կարիք:
Երկրորդ խնդիրը` սննդի հետ կապված որոշակի թերություններն են, սակայն այդ խնդիրն էլ գրեթե լուծված է: Եվ,երրորդ,տաք հագուստի, վերմակի խնդիրն է, որը փորձում ենք օպերատիվ շտաբի միջոցով լուծել:
Այն անձինք, ովքեր առհասարակ կորցրել են իրենց բնակության տարածքները, 35-40 հազար են
– Պարոն Վիրաբյան, ինչպե՞ս եք պատկերացնում շուրջ ութսունհինգ հազար մեր հայրենակիցների հետագա կեցության խնդիրը, որտե՞ղ են նրանք տեղավորվելու: Հաշվի առնելով, որ կան մեծ թվով քաղաքացիներ, ովքեր առհասարակ փաստացի կորցրին իրենց բնակության վայրերը: Ի դեպ, քանի՞սն են, որոնք առհասարակ զրկվեցին բնակության վայրից:
– Ձեր հարցը եկեք բաժանեմ մի քանի խմբերի: Առաջինը, այն անձինք ովքեր առհասարակ կորցրել են իրենց բնակության տարածքները, 35-40 հազար են, այս հարցը պետք է լուծվի` ըստ պարբերականության: Այս հարցերի պատասխանը կտրվի ժամանակի մեջ:
– Ի՞նչ ժամանակ եք նախատեսում:
– Դժվար է ասել` հիմա երկուսից-երեք տարի կտեւի, թե ավելի շուտ, այդ մասին համապատասխան հայտարարությունով լրացուցիչ հանդես կգա Արցախի կառավարությունը: Մյուս խնդիրը այն բնակելի տներն են, որոնք այսօր մեր տիրապետության տակ են: Դրանք էլ պետք է գույքագրվի, հստակեցվի եւ, ըստ առաջնահերթության կարգավորվի` նկատի ունեմ վերականգնվի:
– Այդ փախստականների հարցը, որոնց խնդիրը երկու-երեք տարվա մեջ է նախատեսում կարգավորվել: Ինչ կոնկրետ ծրագրեր ունեք` նրանց համար բնակարաններ ձեռք կբերվեն Երեւանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտում:
– Այս պահին հիմնական խնդիրներից մեկը հենց դա է, մենք պատրաստ ենք ֆինանսավորել բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին, ովքեր հյուրընկալել են եւ պահում են մեր հայրենակիցներին: Որովհետեւ, նրանց կացարանների հարցը, ըստ առաջնահերթության, կամաց-կամաց է լուծվելու: Համոզված եմ, որ շատ շուտով Ձեր կոնկրետ հարցին եւս կտրվի կոնկրետ պատասխան:
Ծերանոցների, մանկատների, դպրոցների շենքերն ենք վերածում բնակելի պայմանների
– Արդեն վերադարձած քաղաքացիներ ունե՞ք:
– Վերջին տաս օրերի ընթացքում յոթ հազարից ավել քաղաքացիներ են վերադարձել Արցախ, պարզապես խնդիրը նրանում է, որ վերադարձածների մեջ կան շատ քաղաքացիներ, ովքեր կորցրել են իրենց բնակարանները, ինչը մեծ խնդիրներ է առաջացնում տեղում Արցախի կառավարության համար:
– Իսկ ինչպե՞ս են այդ քաղաքացիները Արցախում բնակվում, որտե՞ղ են տեղավորվել:
– Հիմա առաջնահերթության կարգով տեղավորում ենք հյուրանոցների, ծերանոցների, մանկատների, դպրոցների շենքերում, որտեղ ստեղծվում են բնակելի պայմաններ: Տարբեր ճանապարհներով փորձում ենք կարգավորել հարցը:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ