ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՇՈՒՄ ԷՐ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՉԳՆԱՐ ԱՅԴ ՔԱՅԼԻՆ
Ներքաղաքական
Հայտնի է, որ Արցախի խորհրդարանի երեք խմբակցություններ միացել եւ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը` ՀՅԴ, ԱԺԿ-ն եւ «Արդարություն» խմբակցությունները եւ միանում են Հայաստանի 17 կուսակցությունների պահանջին: Ինչը նրանց հանգեցրեց նման որոշման, փորձեցինք հետաքրքրվել ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամվոր ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԻՑ, ով անդրադառնալով կատարվածին` նախ նկատեց.
Արցախի նախագահը այլեւս չի կարող պաշտոնավարել
- Ըստ էության, դա կապիտուլյացիայի ակտ ստորագրվեց, որը պարտադրվեց ՀՀ-ի իշխանությանը: Տրամաբանությունը հուշում էր, որ Արցախի իշխանությունը պետք է չգնար այդ քայլին: Ոչ, որովհետեւ դա իրապես խայտառակ փաստաթուղթ էր: Իհարկե, պատերազմը պետք է դադարեցվեր, դրա մասին խոսք չկա: Բայց ոչ այս պայմաններով, երբ, ըստ էության, վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Տրամաբանությունը հուշում է, որ Արցախի նախագահը այլեւս չի կարող պաշտոնավարել՝ նման որոշում ընդունելուց հետո: Հիմա պետք է ձեւավորվի նոր իշխանություն, որը կփորձի իրավիճակից ելքեր գտնել:
Կան բազում ու բազմաթիվ հարցեր, որոնք մնացել են օդում կախված
- Ո՞վ է այն անձնավորությունը, ով կարող է իրավիճակից ելքեր գտնել:
- Գիտեք, դժվար է ասել` ով պետք է լինի, ինչպես: Փաստ է, որ նախագահի հրաժարականը հանրային պահանջ է: Համենայնդեպս` ինչ-որ մարդիկ կգտնվեն, ովքեր այդ պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն եւ այդ բեռը կտանեն: Որովհետեւ, իսկապես ծանր վիճակում ենք: Ծանր եւ անորոշ` չգիտենք խաղաղությո՞ւն է, թե՝ պատերազմ: Կան բազում ու բազմաթիվ հարցեր, որոնք մնացել են օդում կախված, որոնց պատասխանները ստանալու համար պետք են նոր մարդիկ: Բայց թե կոնկրետ ո՞վ, դԺվար է ասել: Ժողովուրդն ինքը այդ որոշումը կկայացնի:
- Պարոն Բալայան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասում է, որ բոլորն են մեղավոր, բոլորն են դավաճանել զինվորներին:
- Ամեն մի մարդ ունի իր պատասխանատվության չափաբաժինն առհասարակ: Չեմ կարող վստահ ասել եւ հրապարակել իրական մեղավորների շարքը: Կարծում եմ` ժամանակը եւ հանրությունը իր գնահատականը կտան, ինչպես ասում են` պարզ կլինի, թե ում կատարած սխալը ինչ չափի է եւ ինչ հետեւանքի հանգեցրեց:
Պետք է նոր վերաբերմունք, նոր բանակցողներ
- Դուք Ձեզ մեղավոր համարո՞ւմ եք, որպես պատգամավոր, որպես արցախցի:
- Դուք շփվել եք ինձ հետ, տեղյակ եք իմ գործունեությանը, ու ես հիմա չեմ գտնում ինձ մեղավոր: Ու գիտեք ինչու, որովհետեւ ես մշտապես ելքեր եմ փնտրել, խոսել եմ, բարձրաձայնել եմ: Չգիտեմ՝ ԱՀ ԱԺ պատգամավորը այդ ի՞նչ հնարավորություններ էր ունեցել, որ հիմա էլ իրեն մեղավոր զգա: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ԱՀ ԱԺ պատգամավորը այդքան լիազորություններ չունի, որ ի վիճակի լիներ մի բան անելու ու դա չաներ. բացառված է նման բան:
- Պարոն Բալայան, հնարավո՞ր է, որ Արցախում եւս բողոքի ակցիաներ կազմակերպվեն Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:
- Չեմ կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն: Այսօր կան բազմաթիվ հարցեր, դժվարանում եմ ասել, թե այդ հարցերի պատասխանները երբ եւ որտեղ կպահանջվեն: Բայց փաստ է, որ իրավիճակից պետք է դուրս գալ, փաստ է, որ պետք է նոր մարդ լինի: Պետք է նոր վերաբերմունք, նոր բանակցողներ: Որովհետեւ, նոր մարդիկ կարող են նոր գաղափարներ, նոր լուծումներ գեներացնել եւ այս իրավիճակից ելք գտնել:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ