ԱՄՈՒՐ ԵՆՔ, ՏՈԿՈՒՆ ԵՆՔ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Մշակութային
Այս ծանր օրերին, երբ մի կողմից պատերազմն է, մյուս կողմից` համավարակը, մեզանից յուրաքանչյուրը փորձում է օգտակար լինել հայրենիքին եւ ազգին ինչով կարող է: Ահա այս թեմայով զրուցեցինք Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ:
- Երկու ամիս առաջ, երբ մեկնարկվեց «Արմոննո» փառատոնը, թվում էր, թե վերջապես կբացվեն թատրոնները, բայց պատերազմը խափանեց ամեն ինչ:
– «Արմոննո» փառատոնից հետո, որը բարեբախտաբար շատ լավ անցավ, մեր թատրոնում առաջնախաղ եղավ «Գարդենիան»: Ճիշտ է, ենթադրում էինք, որ համավարակի երկրորդ ալիքը նորից կլինի, բայց եղավ այն, ինչ եղավ: Եվ հիմա բոլորս ժամ առաջ սպասում ենք, որ հաղթելու ենք, եւ կլինի խաղաղություն: Եվ մենք նոր շնչով ու եռանդով կանցնենք մեր գործերին: Իսկ առայժմ մեր ուժերի չափով անում ենք այն, ինչ կարողանում ենք անել: Արցախցի երեխաների համար ներկայացումներ ենք խաղում, փորձում ենք անել այնպես, որ այդ երեխաները գոնե մի պահ մոռանան պատերազմի մասին, եւ մի քանի ժամով ժպիտ հայտնվի նրանց դեմքին:
– Մեր քաջ զինվորներն այսօր կյանքի ու մահու կռիվ են տալիս պաշտպանելու համար մեր հայրենիքն ու մեր անվտանգությունը:
– Ես համոզված եմ, որ մեր հիասքանչ, հրաշք տղաները անում են ամեն ինչ, որ մեր ազգը, մեր երկիրը խաղաղ ապրի: Աստված իրենց պահապան: Իսկ մենք այստեղ փորձում ենք անել ամեն ինչ, որ թեթեւացնենք նրանց վիճակը: Մենք ամուր ենք, մենք տոկուն ենք եւ մենք հաղթելու ենք:
– Այսօր պատերազմի հետ զուգահեռ շատացել է համավարակը: Ձեր կարծիքով` ինչո՞ւ ենք այսքան անտարբեր եւ չենք մտածում դիմացինի առողջության մասին:
– Ամբողջ աշխարհով սկսում է լոկդաուն, եւ, բնականաբար, Հայաստանը չէր կարող անմասն մնալ այն զարհուրելի թվերից, որոնք կան: Եվ ծանոթների, բարեկամների եւ ընկերների շրջապատում կան շատ հիվանդներ: Այնպես որ, պետք է ավելի զգույշ եւ զգոն լինենք: Գոնե դրանով աջակցենք, որպեսզի մեր բժիշկների վիճակն ավելի թեթեւացնենք: Բնականաբար, պահպանենք սոցիալական հեռավորություն, կրենք դիմակ եւ փորձենք մեզ լավ պահել, որ չվարակվենք, չհիվանդանանք:
– Ձեր թատրոնից էլ մեկնողներ եղա՞ն ռազմաճակատ:
– Այո, եղան, եւ կարծում եմ, իրենք` ինչպես բոլորը, ամուր կմնան, առողջ կմնան, եւ շուտով մենք բոլորս կտոնենք մեր հաղթանակը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ