Իրանի վերջին զգուշացումը Ադրբեջանին եւ Թուրքիային
Միջազգային
Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, անդրադառնալով արցախա-ադրբեջանական պատերազմին, շեշտել է, որ այն ցավալի իրադարձություն է, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ պետք է հնարավորինս արագ ավարտվի: Նա մասնավորապես ընդգծել է, որ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, իսկ այդ շրջաններում ապրող հայերի անվտանգությունը եւ խաղաղությունը պետք է երաշխավորվի: Թե արդյոք սա հակահայկական մոտեցում չէ բարեկամական տրամադրված հարեւանի կողմից, «Իրավունքը» պարզեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ տեսակետը:
– Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդը նշել է տարածքների ազատման մասին, բայց պարզ չէ, թե ինչ տարածք նկատի ունի, որովհետեւ պարսկերեն սկզբնաղբյուրում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի անուն չի տվել, այլ, պարզապես, նշել է հայերի անվտանգության մասին: Այդուհանդերձ, իհարկե, պարզ է, թե ինչի մասին է խոսքը: Ըստ էության, նա արտահայտել է Մադրիդյան սկզբունքները, կամ այն, ինչը պնդում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շուրջ բանակցություններ էին տարվում: Դրա մասին արտահայտվել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը, ՌԴ նախագահ Վ. Պուտինը եւ այլն: Այս առումով Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքում նորություն չկա: Իր խոսքում կարեւորն այն է, որ անդրադարձ է կատարել ահաբեկիչների ներկայությանը: Նա նշել է, որ ահաբեկիչների ներկայության մասին թեպետ որոշները ժխտում էին եւ հերքում, սակայն իրենք ունեն հավաստի տեղեկություններ: Իր ձեւակերպմամբ՝ այդ «ժխտողներ» կամ «որոշներ» ասելով՝ բնականաբար, նկատի ունի Թուրքիային եւ Ադրբեջանին: Փաստորեն, Իրանի հոգեւոր առաջնորդն այս երկու երկրների ղեկավարներին էլ ասաց, որ նրանց խոսքերը սուտ են, իսկ իրանական վստահելի աղբյուրները հստակ տեղեկություններ ունեն ահաբեկիչների ներկայության մասին, ինչն Իրանի կարմիր գծերից մեկն է:
– Այս փուլում Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդի նման շեշտադրումներով հայտարարություններն ու ակնարկները ինչո՞վ կարող է պայմանավորված լինել:
– Իրանի հոգեւոր առաջնորդը հաճախակի նման թեմաների չի անդրադառնում: Իսկ եթե որեւէ թեմայի անդրադառնում է, նշանակում է, որ այն գերկարեւոր է Իրանի համար եւ ազգային անվտանգության խնդիր կա այստեղ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Սիրիայում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գործողություններ էր իրականացնում` ահաբեկիչների դեմ պայքարելով՝ Իրանի հոգեւոր առաջնորդն առանձին ելույթով չէր անդրադառնում դրան եւ չէր ասում, որ պետք է այդ ահաբեկիչների մուտքը փակել կամ հարված հասցնել, եթե նրանք անցնեն Իրանի տարածք: Այն, որ Իրանի հոգեւոր առաջնորդն այս դեպքում այսպիսի անդրադարձ ունեցավ, նշանակում է, որ, իրոք, անհանգստություն կա Իրանի կողմից: Սա կարելի է դիտարկել խիստ զգուշացում այն պետությունների համար, որոնք հովանավորում են ահաբեկչությունը, այս դեպքում՝ Ադրբեջանին եւ Թուրքիային: Նրանց համար կարելի է սա համարել վերջին զգուշացում կամ ընդհանրապես՝ կարմիր քարտ, որ իրենք հասել են կարմիր գծի նախաշեմին: Փաստորեն, սա նշանակում է հրաման՝ Իրանի հոգեւոր առաջնորդի կողմից, որ մի քայլ եւս եւ իրենք հարվածելու իրավունք արդեն ունեն: Իրանի հոգեւոր առաջնորդի խոսքի հիմնական շեշտադրումը սա էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի հաջորդ համարում: